«Գյուղական ձայներ» Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղն է․ ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Թաղավարդից․ հայ բնակչությունը հիմա Կալերում է ապրում, 44-օրյա պատերազմից հետո գյուղի հիմնական մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, գյուղացիների մի մասը հիմա տեղավորվել է այստեղ, որը բարեկամի, որը՝ լքված տներում։ Փորձում են հարմարվել նոր իրավիճակին, չնայած գյուղի՝ թշնամու ձեռքին գտնվելու մտքին չեն հարմարվում հիմա էլ, 44-օրյայից 3 տարի անց։
«Մենակ թե մնանք այստեղ, այստեղից էլ չի մեզ հանեն»։
Ասում է թաղավարդցի տատիկը, ստուգելով, թե ոնց են բռնել սածիլները, ուշադրություն հրավիրելով ծաղկած տանձենուն, համագյուղացու մոտ հպարտանալով սածիլների մշակման իր տեխնոլոգիայով, ցույց տալով նոր դուրս եկած ճտերին ու պատմելով, անվերջ պատմելով, թե տարվա այս սեզոնին ինչ էին անում այնտեղ՝ Յերի շենումը։
«Տարվա էս չախը ինձ արդեն միսուրու ճոտա իլալ», «Նդեղ մին ամես առաջա », «էս տանձին սորթը լավա, տես հինչ ծաղեգա քցալ, վեր ցուրտէ՝ ծասկել բիդիմ, բայց դե իմ էն հայաթիս տանձին տեղը տալ չի», «էէէ, հինչերում թողալ, ստեղ ուրուշու տօն ուրուր ըրալ, կենըմում» «կարիս էլ վեչ տա հանգիստ քինիս», «յեշի, առանց ինձ տեսնալ քինիս վեչ, կա էս ծյուն, կտանիս տոն, սօրվա ածածնա»․․․․խոսում է՝ առանց մի րոպե գործից կտրվելու, ջերմոցից այգի, այգուց տուն մտնելով, բայց միտքը Շենումնա։ Իսկ Շենը բուն Թաղավարդն է, որից իր նոր բնակատեղին ընդամենը մեկ արգելաձող է բաժանում, մի քանի դիրք՝ հայ, ռուս ու ադրբեջանցի դիրքապահներով։ Լևոն Ալավերդյանն էլ չհարմարվողներից է․ խնձորի այգի ունի 1600 ծառով․ 2010 թվականին է հիմնել, 2015-ին ընդարձակել։ Սեփական ուժերով է արել, հիմա այգին թշնամու նշանառության տակ է, գյուղից օգնող տանել չի համարձակվում՝ Աստված չանի, մի բան լինի, ասում է, մենակ եմ մշակում։
«Դա հույս չի, դա իրականություն պիտի դառնա։ Անցած տարի մի 20 տոննա բերք եմ ստացել այգուց, բլոկադա է, բաժանել եմ ժողովրդին։ Այս տարի էլ լավ ծաղիկ կա, բերք է լինելու։Ոռոգման համակարգ չունեմ, պոմպով էի ջրում, հիմա դժվար է, լույսերի հետ կապված։ Դե մենակ եմ մշակում, տղայիս հետ, մենակ խնձոր է»։
Մինչև վերջին արցախյան պատերազմը նաև ձկնաբուծությամբ էր զբաղվում, հիմա չի լինում, ակունքները թշնամու մոտ են մնացել, ջուրը բարակել է, չի կարողանում կարգավորել։ Հիմա Թաղավարդում շատերը ջերմոցներ են մշակում․ գրեթե բոլորի տնամերձերում կան դրանք․ այս հարցում նաև Կարմիր խաչի գրասենյակն է շատ օգնել։
«19 ընտանիքի ջերմոցներ են տրամադրվել անցյալ տարի։ Նախանցյալ տարի էլ 33 ընտանիքի գյուղատնտեսական բիզնես հիմնելու համար աջակցություն էին տվել։ Կարմիր խաչը մեծ աջակցություն է ցուցաբերել 44-օրյայից հետո»։
Ռոմելա Հարությունյանը մասնագիտությամբ հաշվապահ է, Ջիվանիում էր աշխատում, գյուղը հիմա ադրբեջանցիներն են վերահսկում։ Թաղավարդում ջերմոցային տնտեսություն է շահագործում, քրոջ ընտանիքի հետ համատեղ բիզնես են հիմնադրել. 44-օրյա պատերազմից հետո, Թաղավարդ գյուղում, թշնամու դիրքերից մի քանի 100 մետր այս կողմ։
«Քրոջս ընտանիքի հետ ենք աշխատում թե բանջարանոցում, թե ջերմոցում։ Մեկ ամսում է կառուցել փեսաս այս ջերմոցը։ Սերմերը և սածիլների համար հողը Հայաստանից են բերվել, պոմիդոր, սպանախ, կանաչեղեն ցանել ենք։ Եվ վաճառել ենք, և բաժանել, և մեզ է հերիքել, շատ լավ էր։ Պոմիդորը մինչև նոյեմբերի վերջ ստացել ենք»։
Հիմնադրել են սեփական ուժերով, պետությունն էլ աջակցել է հետագայում՝ տրամադրելով փոխհատուցում։ Առհասարակ, պատերազմից հետո Թաղավարդի նկատմամբ պետական հոգածությունը մեծացել է՝ նկատում են բնակիչները։ Փաստը հաստատում է նաև համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։
«Անվտանգային հարցերն են առաջնային, մնացածը, գյուղ է, ստացվում է, կառավարությունն էլ օգնում է, մեզ աչքաթող չեն անում, բոլոր ծրագրերում առաջնահերթություն են տալիս, գոհ ենք, բողոքելու բան չունենք»։
Մեծագույն խնդիրը անվտանգայինն է․ ճիշտ է, վերահսկողություն կա և Զինված ուժերի կողմից, և ռուս խաղաղապահների, բայց լարվածության պահեր լինում են՝ ասում է համայնքի ղեկավարը։
«Միակ ճանապարհը այս է՝ Թաղավարդ-Կարմիր Շուկան։ Մնացած բոլոր տեղերում թուրքերն են, երկու կողմերից էլ, վերև-ներքևից էլ։ Կրակում էլ են, շատ ժամանակ՝ օդ, վախեցնելու համար։ Բայց դե հարմարվել ենք մեծից փոքր։ 700 հա վարելահողից մնացել է 145 հա։ Շատ հողեր հիմա ադրբեջանական վերահսկողության տակ է։ 140 ընտանիք տարհանվել են, ցրվել , այստեղ էլ ենք մնացել։ Ի՞նչ անենք՝ այդպես է ստացվել»։
Այսպես, անիրական թվացող իրականության մեջ ապրում են թաղավարդցիները․ մասնատված, պատերազմի արհավիրք տեսած, հարազատներ ու տուն կորցրած։ Ապրում են մինչև արգելաձող հասնող իրենց գյուղում՝ ջերմոց ու տնամերձ մշակելով, այգի հիմնելով, թշնամու նշանառության տակ զավակ ծնելով ու նրան հայեցի կրթություն ու դաստիարակություն տալով։ Դե, ստիյա տեռալ, հի՞նչ անինք, ասում են, պիտի ապրինք, մինչև մի լյուս լյուսանա։ Չեն ասում՝ հույսով ենք, քանի որ հույսը շատ է վերացական։ Նպատակ ունեն, մի օր գյուղում հայտնված արգելաձողն այլևս սահման չպիտի լինի։