Զրուցակիցս Աշոտ Հարությունյանն է, Թաղավարդից։ Պաշտպանության բանակի պաշտոնաթող սպա է, 1992-ից իր կյանքը կապել է Արցախի զինված ուժերի հետ։ 2015-ից, զորացրվելուց հետո, որոշել է խաղաղ աշխատանքով զբաղվել հայրենի գյուղում։ Հիմնադրել է իր փոքրիկ գյուղատնտեսական բիզնեսը, զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ 2020 թվականի պատերազմը փոխեց Աշոտի կյանքի խաղաղ ընթացքը։ Հանրապետության մի քանի ուղղություններում թեժ մարտեր էին, և զինվորականի իր գիտելիքներն ու հմտություններն օգտագործելու անհրաժեշտություն կար․ այդ ժամանակ մինչև վերջ գուցե չէինք էլ գիտակցում, որ այդ մարտերը կարող էին տեղափոխվել Թաղավարդի մատույցներ՝ անկեղծանում է զրուցակիցս։
«Հակառակորդն արդեն հասել էր Հադրութ։ Որպեսզի տարածքը վերցնենք մեր հսկողության տակ, որոշել էինք վարչակազմի ղեկավարի հետ կազմակերպել տվյալ տարածքի պաշտպանությունը, մարտի ենք բռնվել, հնարավորություն է եղել մարտ մղել ու պատժել հակառակորդդին»։
Խազազին թումբ կոչվող բլրի գրավումից հետո, 26 զինվոր շրջափակման մեջ է հայտնվել, նաև իր օգնությամբ հաջողվել է փրկել ու անվտանգ վայր դուրս բերել նրանց, որից հետո մարտական ընկերներով արդեն Թաղավարդի պաշտպանության կազմակերպմամբ են զբաղվել՝ այդ օրերն է վերհիշում Աշոտը։ Հոկտեմբերի 23-ն էր, կեսօր, Թաղավարդի ուղղությամբ մարտերը վերսկսեցին, թշնամին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ էր բացում։
«Մեզ հաջողվում է հետ մղել նրանց, այս տարածքը թողնում ենք, շրջանցում Ղաշա քար կոչվող տեղանքը. դեպի Զարդանաշենի ուղղությմբ էին արդեն նրանք շարժվում»:
Այդտեղ էլ Աշոտը ծանր վիրավորվում է․ հիշում է, որ իրեն Խաչմաչ են տեղափոխել, այնուհետև կորցրել է գիտակցությունը։ Աշոտ Հարությունյանը գիտակցության է գալիս հոկտեմբերի 28-ին, իր ծննդյան օրը, Երևանի Մուրացանի անվան հոսպիտալում։
«Աչքերս բացում եմ, չեմ հասկանում ով եմ, որտեղ եմ հայտնվել: 6 օր անգիտակից եմ եղել: Դրանից հետո հարցրել եմ՝ իրավիճակը ո՞նց է: Ինձ չէին ուզում ասել, որ մեր տունն էլ չկա, գյուղը հանձնված է, որ այսպիսին է իրադրությունը: Որ կազդուրվել եմ, այն ժամանակ են ասել»:
7 ամիս հոսպիտալում. 6 վիրահատություն, ընդմիշտ ձեռք բերված հաշմանդամություն, կորցրած տուն, պարտված պատերազմ։ Ահա այսպիսի սոցիալ-հոգեբանական վիճակով Աշոտը մի քանի ամիս ապրում է Հայաստանի Հանրապետության Արտաշատի շրջանում, ծանոթի տան, տարհանված ընտանիքի՝ կնոջ, երեք երեխաների, 90-ականներին որդուն կորցրած 80-ամյա մոր հետ, սպասելով իր առողջական վիճակի բարելավմանը, որպեսզի կարողանան հայրենի գյուղ վերադառնալ։ Գյուղ, որի կեսը, այդ թվում և իր տունն ու տասնամյակների ստեղծածը մնացել է հակառակորդին։
«Երեխաներն էլ չէին հարմարվում: Եղբայրս 90-ականներին է զոհվել: Երևի հայրենասիրությունը գենետիկորեն է փոխանցվել: Այսօր էլ, երբ խոսք է գնում գյուղից դուրս գալու մասին, տղաս ասում է՝ դուք կարող եք գնալ, ես այստեղից դուրս չեմ գա»:
Թաղավարդում հիմա բարեկամի տան են մնում, նրա ընտանիքի հետ, համատեղ ապրում են արդեն 3 տարի։ Բնակարանային հերթում են, այն իրենց դեռևս չի հասել։ Կարմիր Շուկայում կառուցվող բազմաբնակարան շենքերի ավարտին են սպասում, այնտեղից բնակարան են խոստացել։ «Թաղավարդում Թաղավարդը կորցրած ապրելը դժվար է,- ասում է զրուցակիցս, -երազում հաճախ եմ լինում մեր տանը, որն այստեղից ընդամենը մի քանի մետրի վրա է»։ Գյուղում առաջինը Աշոտի տունն է հրդեհվել՝ արկակոծությունից, ականատեսներն են պատմել, հոկտեմբերի 25-ին՝ երբ գյուղն ադրբեջանցիների կողմից դեռ չէր գրավվել։ Հոկտեմբերի 27-ին Թաղավարդն ընկել է։ Այստեղից հաճախ նայում է գյուղի կողմը, որտեղ քիչ տներ են կանգուն հիմա, երբեմնի շեն բնակավայրը որբացած է ու սպասում է, որ մի օր, գուցե, կլինի միացումը կիսված Թաղավարդի։