Արցախցի մայրիկները բողոքի ակցիա են իրականացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրեսենյակի դիմաց: Նրանց պահանջը մեկն է. ոչ ոք իրավունք չունի մեր երեխաներին զրկել նորմալ սնվելու, բժշկական օգնություն և կրթություն ստանալու իրավունքներից: Լուսինեն 3 անչափահաս երեխաների մայր է։ Եվ մանկապարտեզների փակումը նրա համար լուրջ խնդիր է դարձել․ սննդի պակասի պատճառով մանկապարտեզները չեն գործում: Սննդի ու դեղորայքի խնդիրները փոխկապակցված են՝ ասում է Լուսինեն:
«Ասում ենք՝ սնունդը միշտ չէ, որ առաջնային է, բայց սննդից է կախված երեխաների առողջությունը: Նրանք փոքր տարիքից պետք է ամեն տեսակի վիտամիններ ընդունեն: Միրգն ու բանջարեղենը, որ ամենաշատ վիտամիններն են պարունակում, արդեն չկան: Փոքր երեխաների մայրիկները, ընդհանրապես, ահավոր վիճակում են՝ տակդրներ, կաթնախառնուրդներ չկան: Ես արդեն վախենում եմ պատկերացնել, որ երեխաս հիվանդանա, ինչ պետք է անեմ»:
Չնայած եղանակը ցուրտ է, բայց մայրիկների հետ «Կարմիր խաչ»-ի գրասենյակի մոտ էին եկել նաև նրանց անչափահաս երեխաները: Նաև պաստառներ են բերել: Մայրիկները հավաքվել են Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, որն Արցախում ներկայացված միակ միջազգային կազմակերպությունն է։ Բայց արցախցի մայրիկների ու երեխաների կոչն ուղղված է աշխարհի բոլոր հումանիտար կազմակերպություններին: Ակցիան երկու ուղղություն ունի՝ ասում է Տաթևիկ Խաչատրյանը:
«Մեր ակցիայի առաջին կողմը վերաբերում էր հենց Կարմիր խաչին, որպեսզի նրանք ավելի եռանդուն աշխատեն, ավելի մեծ ջանքեր գործադրեն՝ իրավիճակը մեղմելու համար: Մյուս կողմից մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մայրերին, որպեսզի մեր խլացված ձայնը լսելի լինի»:
Մարդասիրական կազմակերպության գրասենյակը հավաքվածներին երկար սպասել չտվեց: Առաքելության արցախյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը մայրիկներից շատերին հրավիրեց ներս՝ լսելու նրանց: Հանդիպումը տեղի ունեցավ առանց լրագրողների մասնակցության: Տաթևիկ Խաչատրյանը փակ հանդիպման մանրամասներն է ներկայացնում:
«Այս մեկ ամսվա ընթացքում, ըստ նրանց ներկայացրածի մի քանի մասնավոր դեպքով են կարողացել օգտակար լինել: Ավելի լայնածավալ օգնության համար նրանք հնարավորություններ չունեն, քանի որ բոլոր կողմերի հետ ցանկացած մասնավոր դեպք համաձայնեցվում է»:
Ամեն անգամ «Կարմիր խաչի» մեքենայի համար ճանապարհ բացելիս ահռելի աշխատանք է տարվում՝ պարզաբանել են կազմակերպությունից: «Կարմիր խաչից» սպասելիքները գուցե շատ են։ Բայց կոմիտեն դժվարանում է ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել, որովհետև անվտանգային հարցը շատ կարևոր է, և դրա ապահովումն է, որ երկար բանակցություններ է պահանջում:
«Մենք նրանց հարցրեցինք. փաստորեն մենք հուսահատ եկել ենք այստեղ և առավել հուսահատ հետ ենք գնում. առաքելության ղեկավարը պատասխանեց՝ այս պահին խոսվում է սննդի, դեղորայքի մասին, բայց քիչ հետո խոսվելու է խնամքի պարագաների բացակայության, դեղորայքի բացարձակ դեֆիցիտի մասին, և խնդիրը շատ ավելի մեծ է և փոքր առաքելական կազմակերպությունն այն չի կարող իրականացնել»:
Այս հարցն առավել քաղաքական է, քան կարող ենք պատկերացնել։ Հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, ցավոք, երկրորդ, երրորդ պլան են մղված: Արցախի մայրիկները, սակայն, փորձում են իրենց ձայնը, հնարավորության սահմաններում, լսելի դարձնել: