Նոյեմբերի 24, 2024

Շրջափակում օր 32․ Արթուրն ու Արփին «Եկ քինիք Արցախ» են երգում

By Անի Աբաղյան Հունվարի 12, 2023

«Եկ քինիք Արցախ, վեր խմիք էն ճիրան ,Թող սըրտդ հըվանա, վեր ցավես տմանա»։

Արթուրի ու Արփիի սիրելի երգն է․ երգում են օրվա որ ժամին ասես ու ինչպես ասես։ Բառերի մեծ մասը իրենք փոխում, հարմարեցնում են այնպես, ինչպես կարողանում են, բայց քթի տակ մրմռացնելիս էլ մայրը՝ Վիկտորյան, նկատում է, որ «Եկ քինիք Արցախ» են երգում։ Քանի որ հայրը՝ Արմենը, զինվորական է և օրվա մեծ մասը տանը չի լինում, երեխաներին սովորեցրել է համակագչով ինքնուրույն միացնել ու ընտանիքի նոր անդամին՝ Աստղիկին, երաժշտության տակ քնեցնել, կերակրել ու խաղալ։

«Եկ քինիք Արցախ, վեր խմիք էն ճիրան,Թող սըրտդ հըվանա, վեր ցավես տմանա»։

Շրջափակում օր 32։ Ծնողներին մտահոգություններից շեղողները երգելուն զուգահեռ ուզում են մանկապարտեզ ու երկարօրյա դպրոց գնալ, ուտել սիրելի քաղցրավենիքը, միրգը, ապուրը, ինչը սովորական, ինչու չէ պարտադիր պայման է բնականոն կյանքում։ Բայց շրջափակված Արցախում դա էլ է խնդիր։ Միրգ-բանջարեղենի դատարկ արկղերը, օր օրի դատարկությունից «փայլող» ցուցափեղկերը, որ արդեն 32 օր է չեն լցվում, ու չգիտենք էլ ե՞րբ կլցվեն, անհանգստացնում են Արմենին ու Վիկտորյային․ երեք փոքրիկներին կարող են համեմատաբար քիչ-քիչ կերակրել, օրական 2 կոնֆետի փոխարեն 1-ով բավարարել, բայց այդ «հոգեպահուստն էլ» արդեն սպառվում է։ Ի՞նչ պետք է անեն։

«Ամենահրատապ խնդիրը սննդի հետ է կապված։ Քանի որ Հայաստանից ոչինչ չի ներկրվում, մնացել ենք մեր հույսին։ Ճանապարհը դեռ նոր փակված ժամանակվանից մենք մեր պահուստը նախօրոք հոգացել էինք, մինչև հիմա հերիքում էր, բայց արդեն քչանում է, սուղ պայմաններ է ստեղծվել։ Օրինակ՝ եթե երեխաների ապուրի մեջ 2-3 կարտոֆիլ էի գցում, հիմա մեկն եմ կտրտում, որ հաջորդ անգամ էլ կարողանամ պատրաստել։ Ամեն ինչը շատ է քչացել։ Օրինակ՝ իմ բալիկները շատ են սիրում բանան ու խնձոր, որը հիմա արդեն չկա․ միշտ ասում են «ուզում ենք, ուզում ենք», իսկ ես ստիպված ասում եմ՝ չկա»։

Բայց Արփին ու Արթուրը հակառակ հաշված կարտոֆիլի, գազարի ու իրենց սիրելի մրգերի պակասությունից շարունակում են երգել, իսկ նորածին փոքրիկը՝ «ձայնակցել»։ Ճիշտ է, նրանց համոզելը մի քիչ երկար տևեց, բայց․

«Կաթիլ, կաթիլ, կաթիլներ, կաթիլ կտեսնենք, Ի՞նչ է, ի՞նչ է Նոր տարին, Ձյուն, ձնագնդիկ, տոնածառը, ձնեմարդ ու Ձմեռ պապի»։

Երգը Արփին մանկապարտեզում է սովորել, բայց սննդի սրացող սղության պատճառով արձակուրդներից հետո դեռ մանկապարտեզ չի գնացել, Արթուրն էլ՝ երկարօրյա ուսումնական հաստատություն։ Արդեն հասցրել են ընկերներին կարոտել։ Տանը ձանձրանում են։

«Այս պահի դրությամբ մեկը պետք է դպրոցում, մյուսը մանկապարտեզում լիներ, բայց տանն են։ Ճիշտն ասած, իրենք էլ են հոգնել տանը մնալուց, ամեն օր հարցնում են՝ ե՞րբ ենք դպրոց, մանկապարտեզ գնալու, ասում եմ՝ Նոր տարի է, արձակուրդ է։ Իրենք էլ ասում են՝ «Մամա 10 օր է տանն ենք», «Մամա 20 օր է դեռ տանն ենք» անընդհատ այս հարցերն են։ Երեխաների մտահոգությունն էլ սա»։

Երեխաների հետ օրն անցկացնելը որքան հաճելի, նույնքան էլ հոգնեցնող է, հատկապես երբ երկու ամսական Աստիկն էլ մանկասայլակից է «երգում»։

«Փառք Աստծո, փոքր բալիկիս կրծքով եմ կերակրում, սննունդը ապահովում եմ, բայց տակդիրի խնդիր կունենամ, որովհետև գրեթե ամեն օր դեղատներում փնտրում ենք, բայց համապատասխան չափսի տակդիրը չենք գտնում»։

Շրջափակման մեկ ամսվա ընթացքում «Արցախ» լրատվականը բազմիցս անդրադարձել է այն ընտանիքներին, որոնք կիսված են․ մայրը փոքրիկից հեռու կամ հայրը՝ ընտանիքից։ Այսօրվա զրուցակիցներս չնայած միասին են, բայց մյուս ընտանիքների այդ խնդիրը իրենցն են համարում։

«Մեծ ցավ եմ ապրում այդ ընտանիքների համար, հատկապես երբ իմանում եմ, որ մայրիկը երեխաներից հեռու է։ Շատ եմ մտահոգվում, չգիտեմ ինչով օգնեմ, ինչ անեմ ու աղոթում եմ անընդհատ ու հույս եմ պահում, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի, կամ գոնե մայրիկները կմիանան իրենց բալիկներին։ Բաժանված ընտանիքները կմիավորվեն»։

Տունը էլեկտրական տաքացուցիչով է ջեռուցվում, բայց հովհարային անջատումների ժամանակ մի քանի ժամում սենյակները կարգին ցրտում են։ Այդ ժամերին փոքրիկներն ավելի տաք են հագնվում, առավել աշխույժ խաղեր խաղում, բարձր երգում ու բարձրացնում ծնողների տրամադրությունը, լուսավորում մութ սենյակները։«Պետք է համբերատար լինենք, ամենակարևորը՝ լավատես, բացի այդ դասեր քաղենք մեր իրականությունից, ու Աստված տա շուտով այս ամենը ավարտվի, մեզ համար մի վատ երազ դառնա, բայց միշտ հիշենք, որ մենք այնպես ապրենք, որ այլևս այն չկրկնվի»։Մինչև վատ երազ դառնալը սա շարունակում է մեր իրականությունը մնալ, որի հետ հաշտվել չի ստացվում ու պետք էլ չէ՝ ասում են զրուցակիցներս։ Այս օրերի հուսահատությունը պետք է հաղթահարել գոնե երեխաներին փոխանցելուց խուսափելու համար, առանց այդ էլ նրանք համաճարակի, պատերազմի, այսօր էլ շրջափակման մեջ մնացած մանկության անհոգ օրեր են կորցրել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ