Արդեն խոսվում է ավելի քան 3500 կրճատված աշխատատեղի մասին, հասկանալի է, որ մասնավոր հատվածը նման պայմաններում երկար գոյատևել չի կարող։ Պարենային ապրանքների դեֆիցիտը այն զարտուղի ճանապարհներով ձեռք բերելու խնդիրներ է առաջացնում, իսկ դա իր հերթին՝ սոցիալական անարդարություն։ Կարինե Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է․ նրան հանդիպեցինք մթերային խանութներից մեկում․ ասում է՝ առավոտյան ժամը 8-ից ձվի համար հերթ է պահել մի խանութում, հետո մեկ այլ մթերքի համար այլ խանութում, ու ամբողջ օրը պիտի շրջի խանութից խանութ, որպեսզի կարողանա սահմանափակ քանակով ուտելիք տուն հասցնել։ Իշխանություններին հարց ունի․
«Իմ շրջապատում մտավորականներ կան, իշխանության ներկայացուցիչներ, ինչու՞այդ հերթերում իրենք չկան, հարց է առաջանում։ Ինձ հետաքրքիր է, իրենց տներում կա՞ ամեն ինչ, իրենք ի՞նչ են ուտում։ Ես մանկավարժ եմ, ինչու ես կանգնում եմ հերթերում, իսկ իրենք չեն երևում։ Չեմ տեսնում մեր իշխանավորների տիկնանց, թեկուզ ձևական տեսնենք մեկին, որ իմանանք, որ մեզանից մեկն են»։
Հարցը հռետորական էր, սոցիալական անարդարության այլ դրսևորումների էլ են քաղաքացիները մատնացույց անում։ Բայց խնդիրը կարելի է մեկ այլ կողմից էլ դիտարկել։ Ստեփանակերտի բնակչուհի Աննա Գրիգորյանը իրեն հերթ չկանգնողների շարքին է դասում։ Թե ինչու չի մթերային խանութների հերթերում լինում և ինչով է սնվում իր ընտանիքը՝ նա այսպես է մեկնաբանում։
«Ես տեսնում եմ հերթեր, տեսնում եմ, որ խանութը ապրանք է ստացել, բայց չեմ կարողանում կանգնել, սպասել։ Քանի որ եթե աշխատանքից հետո մի 2 ժամ էլ հերթում անցկացնեմ, բաց կթողնեմ իմ երթուղայինը և չեմ կարողանա Արեշ հասնել։ Նախընտրեցի չգնել»։
Սոցիալական անարդարության վերաբերյալ բողոքները, հնարավոր է, որ տեղին են։ Տեղին է, գուցե և հարցը, թե՝ ի՞նչ են ուտում նրանք, ովքեր հերթերում չեն լինում, բայց աշխատող մարդկանց համար ապրանքների նման դեֆիցիտի պայմաններում ժամանակ գտնել ու ամբողջ օրը անցկացնել հերթերում, չի ստացվում, ասում է Աննան։ Իսկ թե ինչպես են սնվում շրջափակման ժամանակ, ասում է, որ իրեն փրկել է այն, որ մինչ շրջափակումը որոշ ապրանքատեսակներ արդեն ձեռք էր բերել սովորության համաձայն․ Աննան ապրում է ծայրամասում, և մոտիկ խանութներ չլինելու պատճառով սովորաբար ամսվա համար առևտուր է անում։
«Դա ինձ փրկել է, ու այնքան եմ սպասել, հերիքել է, մինչև անցնենք կտրոնային համակրգին։ Գուցե թե ավելի հեշտ կարողանամ ապրանք ձեռք բերել։ Կա ուտում ենք, չկա՝ չենք ուտում, փորձում եմ այս սկզբունքով առաջնորդվել։ Ճիշտ է, երեխաներս շատ փոքր չեն, ու դեռ ստացվում է»։
Ապրանք ոչ բոլոր խանութներն են ստանում, հետևաբար ոչ բոլորն են կարողանում աշխատել այս դժվարին պայմաններում՝ ասում են։ Ինչպե՞ս է բաշխվում ապրանքը խանութներին, ի՞նչ առաջնահերթությամբ՝ ԱՀ Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանն է մեկնաբանում։
«Պահուստային ֆոնդից մատակարարաների միջոցով ապրանք ենք տրամադրում խանութներին, սահմանփակումներ են գործում, որը միտված է ճգնաժամը հաղթահարելուն։ Այլ կերպ չի ստացվի։ Բաշխվում է բոլոր խանութներին, անկախ մեծ կամ փոքր լինելուց։ Լինում են դեպքեր, երբ ինչ որ խանութներ դուրս են մնում, բայց արձագանքներ լինելու դեպքում, անպայման իրավիճակը շտկում ենք»։
Եթե մենք բոլորս մի նավի մեջ ենք ու պայքարում ենք մեր Արցախի համար, եկեք արդար պայքարենք, ասում է Կարինե Սարգսյանը․ մենք չենք վախենում դժվարություններից, ու պատրաստ ենք զրկանքներ կրել, բայց իմանանք, թե ինչ նպատակի համար, և տեսնենք, որ բոլորն են այդ նպատակին ծառայում, թե չէ, էլի չստացվի, որ զրկանքներ կրողը մենակ ժողովուրդն է։
«Մենք պատրաստ ենք կրել բոլոր դժվարությունները, հանուն մեր երկրի ու հանուն մեր երկրում ապրելու, բայց մեզ համար վիրավորական է, որ միայն ժողովուրդը կրի այդ զրկանքները։Իշխանավորները այս վատ իրավիճակում թող ապրեն հանրության մեկ օրով։ Եթե մենք պայքարում ենք մեր Արցախի համար, եկեք միասին պայքարենք»։
Կտրոնային համակարգը պետք է ավելի շուտ ներդրվեր, և ոչ միայն հայտարարված 5 ապրանքատեսակների վրա․ ասում է զրուցակիցս, երեխաներ ենք մեծացնում, ինչպե՞ս կարելի է առանց միրգ բանջարեղենի երեխա մեծացնել։ Ստեփանակերտի պարենային ու ոչ պարենային ապրանքների առևտրի սրահները հիմա հակադրության մեջ են։ Լրիվ դատարկ սննդի օբյեկտների ու մթերային խանութների կողքին դեռ կարելի է տեսնել նախկին Ստեփանակերտը հիշեցնող ճոխ ցուցափեղկեր էլ։ Առաջնահերթությունները փոխվել են․ մարդիկ վերջին խնայողությունները պարենի վրա են ծախսում, կամ նրա պահեստավորման վրա։ Մթերային խանութներում, ճիշտ է, հերթեր են, հիմնականում ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Թանկարժեք խմիչքները դեռ տեղում են, մնացած ապրանքատեսականին արդեն դեֆիցիտի ցանկում է ։ Հագուստի սրահների մի մասը փակվել է, բայց կան նաև գործողներ։ Էլեգանտ խանութ սրահը դեռ հաճախորդների պակաս չի զգացել․ ապրանքատեսականի նույնպես առկա է։ Սրահի մենեջեր Նանարն ասում է, որ չնայած բարդություններին, խանութը դեռ աշխատում է․ վաճառքում ձմեռային հավաքածուն է․
«Դժվար է իհարկե, ապրանք չենք ստանում, լիարժեք չենք աշխատում, բայց դեռ կարողանում ենք ։ Հաճախորդներ ունենք, վաճառում ենք ձմեռային հավաքածուն, մինչև տեսնենք, թե ինչպես կհանգուցավուծվի ճանապարհի հարցը»։
Բայց կան խանութներ, որոնք քիչ թե շատ առևտուր ունեն։ Ոլորտը դեռ լրիվությամբ կարգավորված չէ։ «Կապիտալ» խանութների ցանցի աշխատակիցներից մեկն ասում է, որ նման պայմաններում դժվար է աշխատել․ հերթերը շատ են, ապրանքը չի հերիքում, մեկը կարող է շրջել մի քանի խանութով ու բավարար քանակի մթերք գնել, մյուսը այդ օրը դատարկ ձեռքով տուն գնալ։ Ինչքա՞ն կշարունակվի այդ վիճակը, ինչպե՞ս կհանգուցալուծվի՝ դեռ պարզ չէ։ Նաև այդ հանգամանքն է ընդգծում սոցիալական արդարության անհրաժեշտությունը։