Հանրապետության շրջաններում կտրոնների բաժանման գործընթացը մեկնարկել է այսօրվանից։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի խոսքով՝ քաղաքում սպասարկման կետերը գործում են առավոտյան՝ ժամը 08։00-ից։
«Առավոտյան՝ ժամը 08։00-ից կտրոնների բաշխման աշխատանքները սկսվել են։ Բնակիչները համապատասխան փաստաթղթերով մոտենում են, համակարգչում գրանցումները կատարում ենք, կտրոնները տրամադրում, որպեսզի կարողանան իրենց հասանելիք սնունդը վերցնեն»։
Մարտակերտի համայնքներում կտրոնները դեռ բաժանում են համայնքապետերին, վերջիններս էլ կտրամադրեն բնակիչներին։ «Համայնքների ղեկավարներին հերթով բաժանում ենք․ եթե մինչև աշխատանքային օրվա ավարտը նրանք կտրոնները ստանան, կսկսեն բաժանել բնակիչներին, եթե չհասցնեն, վաղվանից են տրամադրելու»,- «Արցախ» լրատվականին ասել է Մարտակերտի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը։ Մարտունու շրջանում ու համայնքներում կտրոնների բաժանման գործընթացը նույնպես մեկնարկել է․ Մարտունի քաղաքում՝ երեկվանից, համայնքներում՝ այսօրվանից՝ վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն է մանրամասնում։
«Շրջանում համայնքներին կտրոնների բաժանման գործընթացը սկսվել է․ մեր ներկայացուցիչը բաժանում է համայնքների ղեկավարներին, իսկ Մարտունի քաղաքում գրանցման և կտրոնների տրամադրման գործընթացը արդեն երեկվանից է սկսվել ու շարունակվում է»։
Ասկերան համայնքում ու քաղաքում կտրոնների բաշխումը սկսվել է երեկվանից։ Կան համայնքներ, որտեղ գործընթացն ամբողջությամբ ավարտվել է՝ ասում է վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, բայց կտրոնների բաժանման ընթացքում խնդիրներ էլ են առաջացել։
«Կան մարդիկ, որ ցուցակից դուրս են մնացել, ոմանք տեխնիկական խնդրի պատճառով, ոմանք էլ համապատասխան փաստաթղթի բացակայության, բայց մենք նորից ուղարկելու ենք, որ որևէ մեկը առանց կտրոն չմնա։ Ասկերան քաղաքում այդ խնդիրը ավելի քիչ է առաջանում հիմա գործընթացը ընթանում է»։
Կտրոնների տրամադրման գործընթացը կշարունակվի մինչև բոլոր բնակիչների կտրոն ձեռք բերելը՝ նշում է Բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գոհար Պողոսյանը։ «Շրջանի պատասխանատուները բնակկոմիտեից ստացել են կտրոնները հունվարի 18-ին և բաշխումը կարող են կատարել ցանկացած ժամանակ մինչև փետրվարի 5-ը, այսինքն կտրոնների ժամկետը չի սպառվում, չի լրանում այդ ընթացքում։ Մինչև բոլոր քաղաքացիները, բոլոր բնակիչները ԱՀ-ում չստանան նշված կտրոնները ծրագիրը չի փակվի, այսինքն՝ նշված կտրոնների բաշխումից հետո մինչև փետրվարի 5-ը յուրաքանչյուն տնտեսվարող սուբյեկտի, խանութի մոտենալու դեպքում քաղաքացին կարողանալու է սնունդ ձեռք բերել»։ Պողոսյանի խոսքով՝ եթե բնակիչները փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունենում և առաջին անգամից չեն կարողանում ձեռք բերել կտրոնները, համայնքի ղեկավարի ներկայացրած ցուցակի համաձայն նորից ուղարկվում են կտրոնները։
«Այսինքն քաղաքացու համար նորից ավելորդ տեղաշարժի խնդիր չեն ստեղծում, այսինքն պետք չէ՝ նա հասնի քաղաք Ստեփանակերտ կամ շրջկենտրոն, այդ ամենը համայնքապետարանները լրացուցիչ ցանկերով կներկայացնեն շրջանի պատասխանատուներին»:
Կտրոնը պետք է ձեռք բերել միայն անձնագրով, բայց բնակիչների շրջանում դժգոհություն ու անհանգստություն է առաջացրել այն հարցը, թե ինչպես է կարգավորվելու այն մարդկանց խնդիրը, որոնք բացակայում են իրենց համայնքից կամ ինչ֊ինչ պատճառով կտրոնների տրամադրման կետեր չեն կարող ներկայանալ, իսկ անձը հաստատող փաստաթուղթը իրենց հետ է։ Բնակարանային կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ բնակիչը տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված կտրոնը իր համայնքում չի ստանում, որովհետև սնվում է այնտեղ, որտեղ գտնվում է։ Կտրոնները հանրապետությունում բաժանվում են 19 կետերում, Մարտունիում՝ 3, Մարտակերտում, Ասկերանում երկուական կետերում, իսկ համայնքներում` 1-ական։