Փայտի վառարան, տալոններ, խանութների դիմաց անծայրածիր հերթեր, երեկոյան ընթրիք մոմի լույսերի տակ, նոր տարի՝ առանց մանդարինի․ սա այլևս հեռավոր 90-ականների հիշողությունները չեն, այլ ավելի քան իրական մեր ներկան․ 21-րդ դարում շուրջ 120 000 արցախահայությունը բոլորեց տոտալ շրջափակման մեջ իր դիմադրության 40-րդ օրը։ Ոմանք վերապրում են իրենց մանկության հիշողությունները, ոմանք էլ՝ առաջին անգամ են հաղթահարում արցախյան ձմեռը էքստրեմալ պայմաններում։ Հումանիտար ճգնաժամի շեմին կանգնած Արցախում առաջինը սպառվեց միրգն ու բանջարեղենը։ Վաճառքի կետերը գրեթե մեկ ամիս է, ինչ փաստացի չեն գործում։ Ամանորից առաջ վերջինը մնացած և «արհամարհված» պամելոներն էլ վաճառելուց հետո շատ խանութներ փակեցին իրենց դռները։ Իսկ ձվի հերթերի անզուսպ ալիքին խանութների դռները մի կերպ, բայց դեռ դիմադրում են։ Մինչ Ամանորը դեռ որոշ ապրանքներ ունեցող մթերային խանութներում ճգնաժամն իրեն զգացնել տվեց հունվարի առաջին օրերին, հաջորդը՝ հիգիենայի պարագաների անվերջ փնտրտուքներն էին։ Տոներից հետո՝ հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ Արցախն անցնում է կտրոնային համակարգի․պետական պահուստներում առկա ապրանքը սահմանափակ քանակով համաչափ կբաշխվի և՛ արցախցիների, և՛ շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ բնակիչների միջև։
«Այդ սննդատեսակներն են լինելու բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը։ Նշված տեսակների համար ձեռքբերման և վաճառքի հատուկ կարգ կսահմանվի, որի դեպքում անձը կտրոնը ստանալուց հետո կարող է դիմել համապատասխան տնտեսվարող սուբյեկտ և դրանում նշված չափով ու նշված ժամկետում ձեռք բերել ապրանքը»,-«Արցախ» լրատվականի հետ զրույցում նշել էր Բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գոհար Պողոսյանը։ Չնայած ադրբեջանական կողմի տարբեր պնդումներին, թե միջանցքը հումանիտար բեռների համար բաց է, 40 օրվա ընթացքում ընդամենը երկու անգամ Կարմիր Խաչի միջնորդությամբ հաջողվել է ՀՀ-ից Արցախ մատակարարել մանկական կերեր, դեղորայք, հիգիենայի որոշ պարագաներ։ Կարմիր Խաչի բանակցությունների շնորհիվ ընդհանուր առմամբ հաջողվել է 36 հիվանդի տեղափոխել Հայաստան։ Տեղափոխման սպասող հիվանդներից երկուսը մահացել է, շատերն էլ դեռ սպասում են հնարավոր տեղափոխմանը, որը նույնիսկ Կարմիր Խաչին այդքան էլ հեշտ չի տրվում։ Շրջափակման հաջորդ օրը Ադրբեջանը խափանեց դեպի Արցախ եկող գազամատակարարումը, երեք օր անց այն վերականգնվեց։ Հունվարի 17-ին գազամատակարարումը կրկին խափանվեց։ Հունվարի 9-ից Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի՝ Աղավնո-Բերձոր հատվածում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պայմաններում ստեղծելով էներգետիկ ճգնաժամ։
«Ընդամենը 57 տոկոսն է հնարավոր բավարարել Արցախի էներգետիկ պահանջի, մնացածը մատակարարվում էր Հայաստանից։ Հիմա, քանի որ սկսվել են հովհարային անջատումներ, և եթե ձմեռը խստաշունչ դառնա, ապա շատ հնարավոր է, որ կարճ ժամանակ հետո Արցախը ընդհանրապես էլեկտրամատակարարման ապահովման խնդրի առջև կանգնի։ Միջանցքի բացումից կամ ապաշրջափակումից հետո պետք է անմիջապես ձեռնամուխ լինել իրական քայլերի։ Իսկ լուծումներ կան, որոնք որ ուղղակի մի փոքր երկարաժամկետ աշխատանքներ են պահանջում»։
Սննդի մատակարարման խնդիրների հետ կապված Արցախում նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը տևական ժամանակ շարունակում է կասեցված մնալ։ Գազի մատակարարման խափանման պատճառով օրեր առաջ կասեցվեց նաև դպրոցների աշխատանքը։ Աշխատող մայրիկները դեռ չգիտեն՝ ինչ անել, ում դիմել։
«Հիմա չգիտեմ՝ էրեխեքս թողեմ՝ ոնց գնամ աշխատանքի։ Չգնամ՝ չի ստացվում, ինչ անեմ, ոնց անեմ։ Ոնց գնամ էդ խանութում հերթ կանգնեմ, թե մի բան վերցնեմ»։
Շրջափակման հետևանքով Արցախում առնվազն 3400 անձ մնացել է առանց աշխատանքի։ 40 օրերի ընթացքում լավ լուրերը, ինչ խոսք, քիչ էին, սակայն կային։ Այս ընթացքում ծնվել է 144 երեխա։ Ամենասպասված դրական լուրերից էր նաև շջափակման մյուս կողմում 37 օր շարունակ ընտանիքից հեռու մնացած երեխաների մի մասի վերադարձը հայրենի Արցախ։ Այստեղ էլ հարևաններն առանձնացան իրենց՝ ամեն ինչ փչացնելու սովորությամբ։ Անչափահասներին տեղափոխող մեքենա ներխուժելով, դիմակավորված ու հատուկ ծառայությունների աշխատակիցների հիշեցնող այսպես կոչված «էկոակտիվիստները» թիրախավորել են իրենց տուն ճանապարհ ընկած երեխաներին։ Դեռահասների մոտ, սակայն, տան կարոտն ու արցախյան համառությունը վեր էր ամեն տեսակի վախից․ եկան, հասան շրջափակված, բայց հարազատ ու սիրելի Արցախ։
«Երբ քաղաքը արդեն երևում էր, լույսերը քիչ վառած, կիսամութ էնպիսի ցնծություն էր, էնպես էին «ուռա՛» անում, ծափահարում, որ էդ բերկրանքը արժեր էն դժվարությունները, որի միջով անցան երեխաները», - հիշում է 37 օր երեխաների համար ծնողներին փոխարինած Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աիդա Գյանջումյանը։
ԵՄ-ն պաշտոնապես և վեջապես հասցեական կոչ է հնչեցնում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է միջանցքի հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ ԱՄՆ-ն՝ կրկին մտահոգված է։ Ի՞նչ սովորեցրեց մեզ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ու աշխարհի անունակության դեմ Արցախի 40-օրյա դիմադրությունը։ Երկրում, ուր ամենամեծ երազանքն անկախությունն է, տնտեսական և էներգետիկ անկախության դասերը սովորում են արտառոց՝ տոտալ շրջափակման պայմաններում։ Իսկ, արդյոք, 40 օր աշխարհից կտրված Արցախի խնդիրները զուտ հումանիտա՞ր բնույթ են կրում։ Չէ՞ որ դրանք նույնպես նախևառաջ քաղաքական խնդիրների արդյունք են։