Նոյեմբերի 21, 2024

Պահանջարկ ու առաջարկ. երիտասարդ գործարարը ջերմոցային տնտեսությամբ է զբաղվում

By Էթերի Մոսյան Հունվարի 31, 2023

«Ես Գոռն եմ: Ապրում եմ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքում: Փոքր տարիքից սիրել ու զբաղվել եմ հողագործությամբ»:

19-ամյա Գոռ  Հարությունյանը փորձում է հնարավորինս աջակցել իր երկրին: Բիզնես է հիմնել՝ ջերմոցային տնտեսությամբ է զբաղվում: Դպրոցն ավարտելուն պես որոշել է զբաղվել սիրած գործով:

«Որոշել և անմիջապես սկսել եմ ռեսուրսներ փնտրել : Սկզբից էլ հողագործությամբ զբաղվում էի մեր բակում, բայց քանի որ դեռ սովորում էի դպրոցում չէի կարող լուրջ գործ սկսել»:

Ստեղծված դժվարությունները, որոնցից են նաև պարարտանյութերի ու սերմերի պակասը, Գոռին չեն հիասթափեցնում, հակառակը՝ մտադիր է ևս մեկ ջերմոց կառուցել:

«Բայց ճանապարհը փակվելուց հետո դա հնարավոր չէ՝ անհրաժեշտ շինանյութեր այստեղ չկան: Հնարավորության դեպքում կառուցելու ենք ջերմոցը, բայց արդեն երկուսն էլ ջեռուցման ենթակա են լինելու, որպեսզի տարվա ցանկացած եղանակի կարողանանք ժողովրդին ապահովել բանջարեղենով»:

Գոռը նոր ջերմոցի առաջարկը փորձելու է համատասխանեցնել ներկա պահանջարկին:

«Որպեսզի օգնենք մեր երկրին դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից»:

Մեր հերոսն իր հասակակիցներին խորհուրդ է տալիս մնալ հայրենիքում, հնարավորության դեպքում էլ՝ ներդրում կատարել:

«Երբ մտածում ես՝ դժվար է, երբ սկսում ես՝ ավելի դժվար: Բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ պետք է մեր ռեսուրսները ստեղծենք, որպեսզի ինչքան էլ ճանապարհը փակ մնա մենք ոչ մի բանի կարիք չունենանք»:

Երիտասարդ գործարարին համագյուղացիներից շատերն են օգնել: Ինքն էլ իր գործով է երախտագիտությունը հայտնելու ու շարունակելու օգնության շղթան. սոցիալապես անապահով մարդկանց իր բերքն է բաժանելու:

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 31 Հունվարի 2023 14:06
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ