Նոյեմբերի 21, 2024

Խոսել իրավունքներից. մեր իրավունքն է

By Սրբուհի Վանյան Փետրվարի 03, 2023
Լաչինի միջանցքի շրջափակումը մեծ խնդիրներ է առաջացրել  փոքրիկ հողակտորի վրա ապրող 120 000 մարդու համար։ Շրջափակման պատճառները, բնականաբար, քաղաքական են։ Որպես շրջափակման հետևանք առավելապես ներկայացվում է խնդրի հումանիտար կողմը, համեմատաբար քիչ է խոսվում  մարդու ազատ տեղաշարժի, կրթության և այլ միջազգային իրավունքների ու հիմնարար սկզբունքների խախտման մասին, և գրեթե անտեսվում է նրա սոցիալ-հոգեբանական կողմը։ Մինչդեռ կարևոր է ներկայացնել խնդրի բոլոր շերտերը։ 
 
Խնդրի սոցիալ-հոգեբանական կողմը պակաս կարևոր չէ․ սահմանափակ տարածքում մարդկանց շրջափակելն ու ազատ տեղաշարժի տարրական իրավունքից զրկելը փոխում է մարդու արժեհամակարգը, խոցում արժանապատվությունը։  Նաև կենսական նշանակության ապրանքատեսակների հայթայթմանը նրան մղելն է արժանապատվության խախտում:  Ապրանքների սղության պատճառով, երբ այդ նույն ապրանքը հայտնվում է վաճառքում, անհրաժեշտից ավելի շատ ձեռք բերելու պահանջ է ստեղծվում. մարդիկ փորձում են բավարարել իրենց ապահովության զգացողությունը։ Մասնագիտությամբ իրավաբան Անուշ Շահրամանյանը վստահ է՝ կենցաղային խնդիրները թույլ չեն տալիս այլ բանի մասին մտածել։ 
 
«Դա նվաստացնում է մարդուն, իջեցնում ինքնագնահատականը, խոցում  արժանապատվությունը, որը պաշտպանված է մարդու միջազգային իրավունքով: Ազատ  տեղաշարժվելու հիմնարար, անքակտելի  իրավունքն ավելի քան 50 օր Ադրբեջանը սահմանափակել է 120000 մարդու համար։ Դրա մասին չի խոսվում, քանի որ կենցաղային խնդիրները շատ խորն են, բայց դա այնքան լուրջ է, ու անքան նորմալ չէ այդ իրավունքների սահմանափակումը և դրանց  մասին լռելը։ Չպետք է անտեսենք մեր իրավունքները, որ Ադրբեջանի պատճառով խախտվում են»։
 
 Անուշը փորձում է չտարանջատել․ շրջափակման հետևանքով առաջացած սուր կենցաղային խնդիրները մարդու վերոնշյալ իրավունքերի խախտման և հումանիտար ճգնաժամի հետ ուղիղ համեմատական են, բխում են միմյանցից։ 
 
«Սննդի պակասն, օրինակ, պատճառ է հանդիսանում երկար հերթերի, որ մարդիկ ժամերով ստիպված են պահել՝ սահմանափակ քանակությամբ սնունդ ձեռք բերելու համար»: 
 
Եթե կա հումանիտար ճգնաժամ, այն ենթադրում է նաև սոցիալ-հոգեբանական խնդիրներ, դա օրինաչափ է՝ ասում է ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտյա Յարամիշյանը։ 
 
«Եթե մարդու բազային հիմնարար պահանջմունքները բավարարված  չեն, չեն կարող բավարարված լինել նրա  բարձր պահանջմունքները։ Կենցաղային լեզվով ասած՝ եթե մարդը շրջափակման պայմաններում է, ելքեր հայտնի չեն, եթե չկա սնունդ, բայց կան անվտանգային սպառնալիքներ, մարդը հայտնվում է անորոշության մեջ,  չբավարարաված վիճակում է»։ 
 
Հոգեբանը զարմանալի չի համարում այն, որ նման իրավիճակում մարդիկ տագնապած են, ագրեսիվ, սեփական վարքագիծը կառավարել չեն կարողանում։ Մասնագետի խոսքով՝ հոգեբանությունը տիրապետում է իրավիճակի վրա ազդելու միջոցների ու հնարքների: Հայրենակիցներին էլ խորհուրդ է տալիս․ 
 
«Դա կարելի է անել ինքնազբաղվածության մակարդակը բարձրացնելով, գտնել միջավայր, զբաղմունք, որտեղ լիակատար ազատ ես, հանգիստ շփվել  մտերիմ մարդկանց հետ, զրուցել, քանի որ զրույցի ընթացքում հույզերն ու զգացմունքները տրանսֆորմացնում են մտքեր, որոնք էլ կառավարում են վարքը»։ 
 
Դա ներկա պահին  ճգնաժամն ավելի թեթև տանելու միակ եղանակն է թերևս, որն առօրյա հոգսերից կարող է կտրել, քանի որ շրջափակման նպատակը նաև հոգեբանական ներազդեցությամբ բարդ իրավիճակ ստեղծելն է: Ու նաև այդ նպատակն է հետապնդում Ադրբեջանը  տեղեկատվական այս պատերազմի ընթացքում։ Վիտյա Յարամիշյանն այլ մեթոդ էլ է մատնանշում, որ հոգեբանության մեջ կիրառվում է և, գուցե, ավելի արդյունավետ կարող է լինել՝ արդյունավետ կառավարման մեխանիզմը։ 
 
«Երբ պրոֆեսիոնալները տիրապետում են իրավիճակին ու կարողանում են գլխավոր շարժիչ ուժերը տանել դեպի առողջացում։ Բայց ճիշտ կլինի տիրապետել  ինքնակարգավորման հնարքներին  և կարողանալ կիրառել կյանքում»։
 
 Արցախի բնակչությունը հիմա շատ ծանր վիճակում է․ դեռ չհաղթահարած հետպատերազմյա իրավիճակը՝ նորից հայտնվել է դժվար կացության մեջ։ Հասարակությունը դրանով անընդհատ դիսթրեսի է ենթարկվում։ Մեզ թույլ չտվեցին անգամ հաղթահարել  պատերազմից ստացած շոկի, սթրեսի փուլերը՝ ասում է զրուցակիցս, և այդ ամենը դեռ պիտի ուսումնասիրվի մասնագետների կողմից՝ հետևություններ անելու համար։ Ստացվում է՝ շրջափակման հետևանքները դեռ երկար ու գուցե ընդմիշտ են մնալու այն սեփական կաշվի վրա տանողների մեջ, և որպեսզի դրանք  ավելի չխորանան, պետք է այսօր բավարար չափով խոսենք աշխարհի հետ մեր կյանքի, արժանապատվության ու ազատ տեղաշարժվելու  բնական, բայց խախտված իրավունքների մասին: 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ