Նոյեմբերի 23, 2024

Երկու համայնքին ծառայող դպրոցը՝ իր ավանդույթներով ու խնդիրներով

By Մարգարիտա Ղուշունց Դեկտեմբերի 11, 2021
Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքերն իրար կապողը ոչ միայն ընդհանուր ճանապարհն է, որ տանում է նոր թաղամաս՝ Կիլիկիա, այլև կրթօջախը։ Այն կրում է «Խաչեն» գումարտակի հրամանատար Կարեն Առաքելյանի անունը։ Դպրոցի բակում ազատամարտիկի կիսանդրին է՝ հայացքը՝ դեպի սահման դարձած բլուրներին։ Հուշարձանին կից խաչքար է տեղադրված։ Այն հուշում է անցնող-դարձողին․ «Խաչքարը տեղադրվել է Հրանտ Դինքի սպանության օրը՝ 2007թ․ հունվարի 19-ին»։ Խաչքարի տեղադրման պատմությունը դպրոցի տնօրեն Զորիկ Աբրահամյանն է պատմում․ 
 
«Այն գտնվել է պեղումների ընթացքում՝ Կիչան համայնքի միջպետական ճանապարհի կառուցման ժամանակ, Կիլիկիա թաղամասի հարակից տարածքում։ Այդ տարվա շրջանավարտներն այն բերել են դպրոց և տեղադրել բակում»։ 
 
Դպրոցը երկհարկանի փոքր շենք է, որի մուտքից քեզ են նայում 18 ազատամարտիկների հայացքներ, որոնց շարքը 2020-ի պատերազմից հետո նորից ավելացավ։ 1 րոպե լռություն 19 ընդհատված կյանքի հիշատակին։ Դպրոցում ավանդույթներ կան՝ ասում է դպրոցի տնօրենն ու քայլերն ուղղում դեպի առաջին դասարան․ 
 
«Յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ի, առաջին դասարանն անվանակոչվում է զոհված ազատամարտիկներից մեկի անունով։ Այն հայրենասիրություն է սերմանում և յուրաքանչյուր աշակերտ պարտավորվում է իմանալ հերոսների կենսագրությունն ու անցած ուղին»։
 
Այս ուսումնական տարում առաջին դասարանն անվանակոչվել է Արցախյան ազատամարտի հերոս Էդիկ Ղուկասյանի անունով։ Դպրոցն ունի 73 աշակերտ, բացականեր գրեթե չեն լինում՝ ասում է տնօրենը։ Հակահամաճարակային բոլոր պայմանների խիստ պահպանմամբ դասընթացները բնականոն հունով են ընթանում։ Զորիկ Աբրահամայանն այն համոզմանն է, որ հեռավար կրթությունը լիարժեք գիտելիք տալ չի կարող։ Շրջում ենք դպրոցի դասասենյակներով։ Շենքային պայմանները բավարար են, խնդիրներն այնքան էլ շատ չեն՝ ասում է կրթօջախի տնօրենը․
 
«Դպրոցում կա համակարգչային սենյակ, որը չեն կարող կահավորել համապատասխան ձևով։ Դասասենյակները քիչ են․ համակարգչային սենյակն օգտագործվում է նաև որպես սովորական դասարան»։
 
 Համատեղության կարգով օգտագործվում է նաև նիստերի դահլիճը։ Այն բազմաֆունկցոնալ է՝ կատակում է տնօրենը։ Չնայած հարմարվել են արդեն, բայց սպասում են, որ մի օր առանց իրար նեղություն տալու կիրականացնեն դպրոցական բոլոր միջոցառումները․
 
«Նիստերի դահլիճը միաժամանակ դասասենյակ է, խորհրդակցությունների սենյակ, մարզադահլիճ ու խաղահրապարակ՝ ցուրտ եղանակների ժամանակ»։ 
 
Փոխարենը սուղ է մասնագետների խնդիրը։ Դպրոցը մանկավարժների պակաս ունի։
 
«Քիմիայի մասնագետ չունենք, ԿԳՄՍ նախարարության հատուկ թույլտվությամբ համապատասխան ատեստավորմամբ առարկան դասավանդում է ֆիզիկայի ուսուցիչը։ Նաև մաթեմատիկայի ուսուցիչ չկա»։
 
Դպրոցը հովանավորների շնորհիվ համալրված է համապատասխան գույքով։ Մինչև 2020թ․-ի պատերազմը կրթօջախին նվիրատվություններ են արել աշխարհի տարբեր կետերից։ 
 
«2020 թվականի օգոստոսին Ամերիկայի «Հայ դպրոց» հիմնդրամի կողմից սեղաններ,աթոռներ են տրամադրվել։ Նույն թվականին Հայ Դատի Կարսի գրասենյակի կողմից դրամական օգնության շնորհիվ սանհանգույցներն են վերանորոգվել»։ 
 
Տնօրենն ասում է՝ դպրոցը ներքին հարդարման կարիք ունի։ Խնդրի մասին տեղյակ են Մարտակերտի շրջվարչակազմում։ Խոստացել են՝ մոտ ժամանակներս այդ հարցն էլ կլուծվի։ Մինչև պատերազմը դպրոցում տարբեր ստեղծագործական խմբակներ են գործել․ հիմա դրանք քչացել են։ Թե ինչ հաճույքով ու ջանասիրությամբ էին երեխաները մասնակցում այդ խմբակներին, երևում է միջանցքի պատերի խորդուբորդություններն ու թերությունները ծածկող-զարդարող ձեռագործ աշխատանքներով՝ մեկը մեկից գեղեցիկ, խորհրդանշական, ամեն մեկն իր պատմությամբ ու ձեռագրով։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021 11:59
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ