Ադրբեջանի կողմից գազամատակարարման արգելափակումը խաթարել է նաև կրթական գործընթացը։ Հազարավոր աշակերտներ կշարունակեն զրկված մնալ կրթություն ստանալու իրավունքից։ Թե որքան կարող է տևել հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ ոչ ոք չգիտի։ ԿԳՄՍ նախարարությունը փնտրում է լուծումներ՝ կրթական գործընթացը վերականգնելու համար։ Ջեռուցման խնդիրը սուր է հատկապես մայրաքաղաքում, որովհետև շրջաններում դպրոցները հիմնականում ջեռուցվում են վառելափայտով: Ստեփանակերտի որոշ դպրոցների որոշ դասասենյակներում վերջերս փայտե վառարաններ են տեղադրվել՝ 9-րդ և 12-րդ դասարանում սովորող աշակերտների դասապրոցեսը շարունակելու համար: ԿԳՄՍ նախարությունն իր առջև խնդիր է դրել դպրոցներում ստեղծել պայմաններ ու վերականգնել դասապրոցեսը բոլոր աշակերտների համար՝ ասում է նախարարության վարչության պետ Ռայա Մուսայելյանը:
«Հիմնական և միջնակարգ դպրոցներում տեղադրել ենք վառարններ՝ ապահովելով ավարտական դասարանների երեխաների կրթությունը: Այժմ նախարարությունը՝ կառավարության հետ միասին տարբերակներ է փնտրում, որ բոլոր երեխաները դպրոց հաճախեն: Քաղաքի 5 դպրոցները, որոնք ջեռուցվում են փայտով, շարունակում են աշխատանքը: Շրջաններում ևս կրթությունը նորմալ հունով է ընթանում: Մեծագույն դժվարությունն այսօր Ստեփանակերտի դպրոցները վառարաններով ապահովելն է»:
Բայց խնդիրը միայն վառաարանների ձեռքբերումը չէ։ Դպրոցները վառելափայտով ապահովելը նույնպես խնդիր է։ Ռայա Մուսայելյանն է մանրամասնում:
«Փայտը հիմնականում թաց է: Ծնողները բողոքում են, բայց այդ հարցը մենք չենք կարող լուծել: Համար 2 և համար 3 դպրոցներում չենք կարողանալու դասապրոցես կազմակերպել 2-րդ հերթով, որովհետև այնտեղ առանց այդ էլ 2-րդ հերթով պարապում են Հադրութի և Շուշիի դպրոցականները»:
ԿԳՄՍ նախարարն այսօր շրջելու է Ստեփանակերտի դպրոցներով՝ տեղում խնդիրներին ու հնարավորություններին ծանոթանալու համար: