«Արցախկաթ» ընկերության որոշ արտադրատեսակների արտադրությունը վերսկսվել է, և բնակիչները հանգիստ կարող են օգտվել վաճառքի կետերում հայտնված կաթնամթերքից․ «Արցախ» լրատվականին ասել է ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի սննդամթերքի անվտանգության վերահսկողության տեսչության արտադրությունների բաժնի պետ Կարինե Արսենյանը։ «Մու-մու» ապրանքանիշի կաթնաշոռը վաճառքում դեռևս չկա, քանի որ «Առաջնեկ» ընկերության կողմից արտադրվող այդ ապրանքի փորձաքննության արդյունքները դեռևս սահմանված նորմերին չեն համապատասխանում։
«Մենք արդեն ստացել ենք արձանագրությունը նույն լաբորատորիայի կողմից, որ տվյալ արտադրատեսակները համապատասխանում են սահմանված նորմերին, վերացվել են թերությունները, և բնակչության համար վտանգ չեն ներկայացնում։ Մարդիկ կարող են հանգիստ օգտվել նշված սննդամթերքից»։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ փետրվարի 27-ին «Արցախկաթ» ընկերության թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, իսկ մածուն արտադրանքի մեջ ԱՑԽՄ-ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ «Առաջնեկ» ընկերության կաթնաշոռ արտադրանքում՝ խմորասնկեր և բորբոսասնկեր։ Տեղեկատվությունը ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին փոխանցվել էր «Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն» ՊՈԱԿ լաբորատորիայից։ Նշված փորձաքննության արդյունքները հիմք ընդունելով՝ «Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի» կողմից շուկայից հետ են կանչվել նշված արտադրատեսակները, իսկ «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրությունը կասեցվել է։ «Առաջնեկ» ընկերությունում հայտարարվել էր սանիտարական օր։
«Հանրությունն էլ տեղյակ է, որ փետրվարի 27-ին «Արցախկաթ» ՓԲԸ կողմից արտադրված մածունի և թթվասերի մեջ, որը հետազոտվել է համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից, արձանագրվել է, որ չեն համապատասխանում ՍԱՆՊԻՆ կանոնների պահանջներին։ Հիմք ընդունելով այդ արդյունքերը՝ դադարեցվել է «Արցախկաթ» ընկերության կաթնասերի, մածունի ու թթվասերի արտադրությունը»։
«Արցախկաթ» ընկերության կողմից Սննդամթերքի անվտանգության վերահսկողական բաժնի ցուցումները կատարվել են, հիմա խնդիրներ չկան։ Այս ընթացքում «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք տվյալ մասով դիմողներ չեն եղել։ Տեղեկատվությունը մեզ է փոխանցել բաժանմունքի հերթապահ բժիշկ Անուշ Ավանեսյանը։
«Մենք չենք առնչվել կաթնամթերքի օգտագործումից ինքնազգացողությունը վատացած հիվանդների հետ։ Այսինքն՝ մեզ նման հիվանդներ, որ բողոքներ, ախտանիշներ ունենան աղիքային ինֆեկցիաների հետ կապված, չեն դիմել։ Գուցե եղել են «Արևիկ» մանկակական բուժմիավորում դիմողներ, չեմ կարող ասել, բայց մեզ մոտ ստացիոնար բուժման նպատակով չեն ուղղորդվել։ Մասնավորապես, «Արցախկաթ» և «Առաջնեկ» ընկերությունների արտադրանքի օգտագործման պահով»։
Սննդամթերքի անվտանգության վերահսկողության տեսչությունը հետևողական է լինելու նաև այսուհետ՝ ասում է Կարինե Արսենյանը։ «Արցախկաթ» ընկերության արտադրանքը լրիվ անվտանգ է, համապատասխանում է սահմանված նորմերին, և բնակիչները հանգիստ կարող են օգտվել։ «Առաջնեկ» ընկերության կաթնաշոռը կրկնակի փորձաքննության կենթարկվի և միայն համապատասխան ցուցանիշների առկայության պայմաններում այդ ապրանքատեսակի իրացումը կրկին կթույլատրվի։