Մասսայական թունավորման դեպքի մասին երեկ երեկոյան հայտնել է տեղեկատվական շտաբը։ Դեպքի առնչությամբ հայտնի էր դարձել, որ փետրվարի 23-ին «Էնի-ֆուդ» անվամբ հանրային սննդի կետում թունավորվածները ներկա են եղել միջոցառման: Դեպքի վերաբերյալ, ինչպես նաև ստացիոնար ու ամբուլատոր պայմաններում բուժում ստացող հիվանդների առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու համար «Արցախ» լրատվականը դիմել է համապատասխան մարմիններին։
Սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության պետի տեղակալ Դավիթ Աթայանի փոխանցմամբ՝ հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն դեպքի առնչությամբ օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկել, վերլուծել իրավիճակը, որի արդյունքում, առկա հավանական բարձր ռիսկերը հաշվի առնելով, որոշում է ընդունվել կասեցնել օբյեկտի խոհանոցի գործունեությունը։
«Տեսչության կողմից օպերատիվ կերպով արձագանքվել է, վերլուծվել իրավիճակը, և որոշում է կայացվել խոհանոցի արտադրությունը կասեցնել։ Հանրային սննդի այդ կետը փակ կլինի այնքան ժամանակ, մինչև վերացվեն խախտումները և սննդամթերքը։ Դրանից հետո սննդամթերքը պետք է ենթարկվի փորձնական փորձաքննության, համապատասխանելու դեպքում օրենքի տարրին իրացումը կթույլատրվի։ Այս պահին փորձաքննությունն ընթացքի մեջ է, որոշ սննդամթերքի պատասխան արդեն կա, արդյունքները դրական են, հայտնաբերվել է սալմանելիա էնտերիտիդիս մանրէ։ Որոշ աշխատակիցների սանիտարական գրքույկները ժամկետանց էին, այսինքն, պարբերական սանիտարական զննության չեն ենթարկվել»։
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով կատարվել են նմուշառումներ։ Պարզվել է, որ աշխատակիցների մոտ և սննդի մնացորդներում առկա է Salmonell Enteritidis մանրէ, որի հիման վրա էլ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից կայացվել է արտադրանքի իրացումը կասեցնելու որոշում։ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից դիտարկումներ են իրականացվել նաև հումքի մատակարար ընկերություններում, որտեղ խախտումներ չեն արձանագրվել՝ ասում է Դավիթ Աթայանը։ Համաճարակաբանական հետազոտությունների վերաբերյալ մանրամասներ է հաղորդում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Օֆելյա Գրիգորյանը։ Սկզբում ընդամենը 3 հոգու թունավորման մասին էր խոսքը, և շատ շտապ կենտրոնի մասնագետները մեկնել են հիվանդանոց՝ նմուշառում և անամնեզ կատարելու համար։
«Պարզվել է, որ փետրվարի 23-ին աշակերտների 2 խումբ՝ 26 և 28 հոգանոց, ուսուցիչների հետ այնտեղ միջոցառման են մասնակցել։ Այդ օբյեկտում նմուշառում ենք վերցրել սննդից, ջրից, մակերեսից՝ հասկանալու համար, թե ինչպես են պահպանվել ռեժիմները։ Արձանագրվել է սանիտարական ռեժիմի խախտում։ Հետազոտվել է անձնակազմը, 7 հոգու մոտ սալմանելա էնտերիդիտիս է հայտնաբերվել։ 72 հոգի լաբորատոր քննության է ենթարկվել, 48-ի մոտ այդ միկրոբը հայտնաբերվել է»։
Սա՝ առավոտյան տվյալներով, դրանք կարող են օրվա ընթացքում փոփոխություններ կրել, քանի որ առողջացած հիվանդները դուրս են գրվում, լինում են նաև նոր դիմողներ։ Ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անուշ Գալստյանի խոսքով՝ փետրվարի 25-ից առայսօր 29 հիվանդ է դիմել նույն կլինիկական ախտանիշով, բոլորի մոտ ախտորոշվել է նախնական սննդային թունավարակ։ Հետագա հետազոտման արդյունքում ախտորոշվել է սալմանելիոզ հիվանդությունը։
«Հիվանդների մեծ մասի վիճակը բարելավվել է, 22 հիվանդի մոտ ախտորոշվել է սալմանելիոզ, հակաբակտերիալ ու այլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալով, առողջանում են, նույնիսկ կան հիվանդներ, որ դուրս են գրվել բուժհաստատությունից։ Առաջին օրերին դիմողները շատ էին, հիմա էլ դիմում են, բայց ոչ այդքան ինտենսիվ»։
Հիմա «Էնի-ֆուդ» ընկերությունը չի գործում, ընկերության գործունեությունը կթույլատրվի շարունակել միայն արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև փորձնական արտադրանքի՝ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պահանջվող չափորոշիչներին համապատասխանությունը փաստվելուց հետո։