Նոյեմբերի 22, 2024

Փողոցային առևտուրը որքան պահանջված, նույնքան էլ վտանգավոր է։

By Անի Աբաղյան Հունիսի 02, 2022

Այրող արևն արդեն ավետում է ամռան մասին։ Ծովի սիրահարները շտապում են դեպի կապույտը, շատերը` աշխատանքի, մի մասն էլ տանն է դիմակայում շոգին։ Ամռան շրջանում թարմ սնունդ օգտագործելը զով տեղում հայտնվելու պես կարևոր է։ Մայրաքաղաքում բանջարաբոստանային կուլտուրաները՝ լոլիկը, վարունգը, կաղամբը և մի շարք այլ մթերքներ պահվում են հիգիենիկ պայմաններում՝ բանջարեղենի համար նախատեսված խանութներում։ Նման դեպքերում սննդամթերքից  թունավորվելու հավանականությունը համեմատաբար քիչ է, քան օրինակ փողոցային տաղավարներից ձեռքբերածները։ Ստեփանակերտի փողոցներում արդեն իսկ նկատելի են  արևի ուղիղ ճառագայթների տակ եփվող մթերքները։ Բայց, արդյոք, բնակիչները գնումներ են անում փողոցը շուկա դարձրած առևտրականներից։ 

«Մեր բնակիչները երևի ստիպված են դրսում առևտուր անում։  Այս պայմաններում հասկանալով ենք մոտենում:Ուրիշ տեղ չկա, որ վաճառեն։ Գյուղացին ի՞նչ անի։ Գյուղի մաքուր մթերք Է, առնում ենք տանում, մշակում, օգտագործում»։

 Մեր հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակիչների մի մասը դեմ չէ փողոցային առևտրին: Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի պետ Սուսաննա Բեգլարյանը նույնպես փաստում է այդ մասին, միաժամանակ նշելով, որ բնակիչներից ստանում են նաև բողոքներ։ Եղել են դեպքեր,  որ փողոցային առևտրի պատճառով   փակվել է նաև  ավտոճանապարհը՝ դժվարություններ առաջացնելով  նույնիսկ  շտապ օգնության մեքենայի համար՝ ասում է: 

«Հետպատերազմական շրջանում փողոցային առևտրով զբաղվողների թիվը զգալիորեն աճել է։ Մենք իրականացրել ենք տարբեր բացատրական աշխատանքներ, Ստեփանակերտի քաղաքապետը խորհրդակցություն է անցկացրել տնտեսվարող սուբեկտների հետ՝ մայթերից, ճանապարհներից մթերքները հեռացնելու համար։  Եղանակային պայմանների բարելավման հետ մեկտեղ միրգ- բանջարեղենը նորից հայտվել են մայթերին»։ 

Բեգլարյանը նշում է, որ վերջերս փողոցային առևտրի «կենտրոններից» մեկը՝ Հովհաննես Իսակովի արձանի մոտակայքը, ցանկապատվել է, տարածքը մաքրվել։ Այնտեղ այլևս առևտրով չեն զբաղվում։ Նման առևտուրը կանխելու համար մեծ է նաև բնակիչները դերը։ Եթե մարդիկ գնումներ կատարեն շուկաներից, խանութներից, տնտեսվարող սուբեկտներն իրենց մթերքները կտեղափոխեն նշված վայրեր։ 

«Շատ հաճախ նկատում ենք, որ մեր բնակիչներին ձեռնտու է փողոցային առևտրից օգտվելը, բայց հորդորում ենք տնտեսվարող սուբեկտներին՝ մթերքները տեղափոխել առևտրային կետեր»։

 Օդի ջերմաստիճանի բարձրացման զուգահեռ բարձրանում է նաև սննդի անվտագության ոլորտի աշխատակիցների զգոնությունը։ Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության տեսչության պետ Միքայել Սարգսյանը նշում է, որ վերջին 2 տարում թունավորման դեպքեր չեն արձանագրվել՝ տեսչության բացթողման պատճառով։ 

«Այս պահի դրությամբ մեր տեսուչները իրականացնում են ուսումնասիրություններ՝ ընդհանուր սննդի շղթայում խափանման պայմանների  վերաբերյալ, ապահովում՝  համապատասխան պահանջվող ջերմաստիճանները։ Ուսումնասիրությունների նպատակը բաց կողմերը, թերությունները շտկելն ու բնակչության սննդամթերքի անվտանգությունը ապահովելն է»։

 Թարմ, էկոլոգիապես մաքուր սնունդը միշտ էլ պահանջված է , բայց փողոցային տաղավարների մթերքները որքան թարմ, նույնքան էլ էկոլոգիապես վտանգավոր են, իսկ խանութներում կամ շուկաներում վաճառվողները՝ համեմատաբար անվտանգ։ Այս խնդրին բացմիցս անդրադարձել են, բայց « մթերքների» սայլերը տեղից չի շարժվել։ Ի՞նչ և ի՞նչպես անել, որ բնակիչների՝ անվտանգ մթերքից օգտվելու և մաքուր ու գեղեցիկ փողոցներ ունենալու պահանջը բավարարվի, եթե բացատրական աշխատանքներն ու անգամ տուգանքը արդյունք չեն տալիս։ Հավանաբար, դեռ կանդրադառնանք թեմային :

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ