Շրջափակումն ազդել է բոլոր կառույցների աշխատանքի վրա։ Փոխվել է նաև «Արցախփոստ» ընկերության առօրյա գործունեությունը․ առաքանիները, տնօրեն Նարեկ Հակոբյանի խոսքով, մասնակի կասեցվել են։ «Արցախփոստ» ՓԲԸ-ն, ինչպես հայտնի է, Արցախի փոստային կապի միակ ազգային օպերատորն է, ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, և այս պայմաններում դժվարությունների առաջ է հայտնվել։
«Արցախփոստ» ընկերությունը Կառավարության և ՀՀ լիազոր մարմնի հետ համագործակցությամբ փորձում է դիմագրավել մարտահրավերներին ու կատարել հանձն առած պարտավորությունները։
«Առաջին հերթին ֆինանսական խնդիրներն են․ այս հարցում բնակիչները կարող են իրենց ներդրումն ունենալ՝ վճարումներ կատարելով մեր մասնաճյուղերում։ Ունենք նաև դրամական փոխանցումների համակարգ «Հայփոստի» միջոցով՝ Արցախից ՀՀ ցանկացած կետ»։
Թե ինչպես են կազմակերպում առաքանիների փոխադրումը այս իրավիճակում՝ Նարեկ Հակոբյանը պարզաբանում է․
«Հիմա ծառայություններ են իրականացվում ներքին առաքանիների փոխադրման ուղղությամբ, նաև թոշակների-նպաստների վճարման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է արտասահմանյան ուղեբեռների տեղափոխմանը, ապա այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում Կառավարության ու ՀՀ լիազոր մարմինների հետ, ձեռք են բերվում պայմանավորվածություններ՝ ՀՀ-ում մնացած առաքանիների՝ Արցախ հասցնելու հետ կապված»։
Գործում է հատուկ կարգ, որի համաձայն ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են իրենց առաքանիները ստանալ «Հայփոստ» ընկերության ցանկացած մասնաճյուղից, իսկ եթե անձը գտնվում է Արցախում, կարող է իր կողմից լիազորված անձի միջոցով ստանալ՝ տեղեկացնում է «Արցախփոստի» տնօրենը։
«Առաքանիների փոխադրման հետ կապված ծրագիրը աշխատում է «Հայփոստ» ընկերության տրամադրած ծրագրի միջոցով, որն անընդհատ արդիականացվում է, և 2022 թվականին ձեռք են բերվել պայմանավորվածություններ ներքին առաքանիների շարժը նույնպես ծրագրային իրականցնելու համար»։
Ժամանակակից աշխարհում, երբ ավելի ու ավելի ընդունված է դառնում օնլայն գնումների պրակտիկան, փոստային ծառայությունների դերը ավելի է մեծանում․ Արցախի քաղաքական վիճակով պայմանավորված, փոստային առաքման ծառայությունները հարթ չեն ընթացել և մինչև 2020 թվականը։ Պատերազմից հետո դժվարություններին գումարվել են նորերը։ Ընկերության տնօրինությունը լիարժեք փոստային ծառայություններ մատուցելու համար համագործակցում է «Հայփոստ» ընկերության հետ՝ Արցախի փոստային համակարգը զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ տանելով։
«Խոշոր կազմակերպությունները, օնլայն առևտրով զբաղվող կայքերը հիմնականում չեն աշխատում Արցախի հետ՝ հաշվի առնելով մեր կարգավիճակը։ Մենք աշխատում ենք «Հայփոստ» ընկերության հետ, Մինչ շրջափակումը Wildberries-ից պատվիրած ապրանքները պիտի հասցվեին Արցախ, սակայն այդ աշխատանքները կասեցվել են։ Բացի այդ, հունվարից վճարման նոր համակարգ պիտի ներդրվեր, որն էլի անժամկետ կասեցվել է»։
Սակագները, ասում է, մատչելի են Արցախում։ Ըստ ընկերության պաշտոնական կայքում ներկայացված տվյալների՝ հասարակ փոստային ծառայությունների դեպքում 20-250 գրամ քաշ ունեցող առաքանու համար վճարը կազմում է համապատասխանաբար 70-650 դրամ, 500-1000 գրամի դեպքում ՝ 1200, իսկ 1-ից 2 կգ դեպքում 1800 դրամ։ Պատվիրված առաքանու համար սակագները նույնն են, բայց պատվերի համար գանձվում է լրացուցիչ 50 դրամ՝ ամբողջ առաքման համար, անկախ քաշից։ Գնահատված նամակների դեպքում գործում է նույն մեխանիզմը, սակայն հայտարարված գնի համար գանձվում է ապահովագրական վճար՝ 5 տոկոսի չափով։ Տնօրենը զուգահեռներ է անցկացնում Հայաստանում գործող սակագների հետ։
«Ներհանրապետական փոստային ծառայությունները եռակի անգամ ավելի հասանելի են, քան ՀՀ-ում։ Մեր սակագները հաստատվում են ՀԾՏՄ կարգավորող հանձնաժողովի կողմից։ Միջազգային առաքանիների սակագները ըստ «Հայփոստի» են կարգավորվում»։
Ընկերությունը մասնաճյուղերի լայն ցանց ունի հանրապետության ամբողջ տարածքում։ 2020 թվականի պատերազմի հետևանքով դրանց մի մասը կորցրել են։ Նարեկ Հակոբյանն ասում է, որ «Արցախփոստի»՝ հարկադիր պարապուրդում մնացած աշխատակիցները օգտվել են պետական աջակցության ծրագրից, սակայն ընկերությունն էլ իր աշխատակիցներին, նրանց համաձայնության պարագայում, աշխատանք է առաջարկել։ Ընկերությունը ծրագրում էր նաև ավելացնել մասնաճյուղերի թիվը։
«Մինչ շրջափակոմը նախատեսված էր նոր բաժանմունքների բացում Ստեփանակերտում ու շրջաններում, նոր աշխատատեղեր պիտի ավելանային։ Այս պահին մասնաճյուղեր ունենք շրջկենտրոններում, Ստեփանակերտում, խոշոր մի քանի համայնքներում՝ Ճարտար, Հաթերք, Վանք»։
Փոստային ծառայությունների բնականոն գործելու ընթացքում՝ շրջափակումից առաջ, առաքումն իրականացվում էր շաբաթական երկու անգամ, հիմա իրավիճակն այլ է, և քանի որ առաջնային տեղում հումանիտար բեռների՝ Արցախ հասցնելն է, փոստային առաքումները հետին պլան են մղվել։ Տնօրենը հույս ունի՝ դա երկար չի տևի, և մոտ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ բնականոն գործունեությանը։