Նոյեմբերի 21, 2024

Արցախցի երիտասարդի միայնակ պայքարը․ հույս ունի` հետևողներ կլինեն

By Սրբուհի Վանյան Ապրիլի 17, 2023

Արցախի համար բարդ ժամանակները շարունակվում են․ աշխարհն իր գործին է ու 127 օր շրջափակված Արցախի խնդիրները նրան կարծես չեն հուզում։ Արցախից ու Հայաստանից պարբերաբար պայքարի, համախմբվելու, ստեղծված իրավիճակի՝ անընդունելի լինելու մասին կոչեր են հնչում։ Տարբեր ակցիաների ու հայտարարությունների տեսքով Արցախը փորձում է լսելի դարձնել իր ձայնը, բայց այդ ձայնը բախվում է աշխարհի անտարբերությանը, քաղաքական ու տնտեսական շահերին ու թույլ արձագանքում միջազգային հանրության մտահոգ հայտարարությունների ու պատասխանատու պետական պաշտոնյաների լռության տեսքով։ Մասնագիտությամբ իրավաբան, կյանքի բերումով՝ ՋՋ տաքսու վարորդ Գևորգ Առստամյանը պայքարի իր ձևն է ընտրել։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ տեսաուղերձ է ձայնագրել․ կնոջ ու մանկահասակ երկու երեխաների հետ, ՍՕՍ ցուցապաստառներով։ Ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ։

«Ես քաղաքական գործիչ չեմ, պետական մարմիններում էլ չեմ աշխատում, բայց ունեմ պետականամետ մտածողություն, ինձ մտահոգել են միշտ հանրության խնդիրները։ Ուզում եմ, որ մարդիկ ավելի ակտիվ լինեն իրենց շուրջը կատարվող երևույթների նկատմամբ և փորձեն մասնակից լինել խնդիրների լուծմանը։ Պայքարը միշտ կար։ Ես ցանկություն ունեմ աշխարհին ցույց տալ, թե ինչ իրավիճակ  է Արցախում։ Մարդկանց իրավունքները խախտված են և կապը աշխարհի հետ դարձել է անհնար»։ 

Որոշել է պայքարել իր երիտասարդ ընտանիքի հետ, հանուն այդ ընտանիքի՝ հայրենիքում  արժանապատիվ ապագա ունենալու։

«Հարմար եմ գտել, որ այս տեսաուղերձը լիներ ընտանիքի կազմով, քանի որ ընտանիքը պետության նման է, համակարգ է, որը պետք է պահպանել, հոգ տանել նրա մասին։ Եվ այս քայլով իմ ընտանիքի ու Արցախում ապրող բոլոր ընտանիքների համար արժանապատիվ ապագա եմ ուզում։ Շատերը երևի համակարծիք են ինձ հետ, դրա համար գուցե մեկ օրվա ընթացքում այսքան տարածվեց տեսանյութը»։

 Տեսանյութը միայն ֆեյսբուքում ավելի քան 6000 անգամ կիսվել են, տիկտոկ հարթակում այն ավելի քան 100000 դիտում է ապահովել։   Գևորգը դա իր անձնական  հաջողությունը չի համարում, առհասարակ, ասում է, որ որևէ քաղաքական ու այլ հավակնություններ չունի, ուզում է որ տարածում գտնի գաղափարը, որ հնարավորինս շատ մարդու հասանելի լինի տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է կատարվում Արցախում։ Ներքին լսարանին ուղղված իր ուղերձն այն է, որ պարտադիր չէ լայն լիազորություններ ունեցող պետական ու քաղաքական դեմք լինես, որ կարողանաս միանալ պայքարին։ Յուրաքանչյուրն ունի ռեսուրս, որը պիտանի կարող է լինել ընդհանուր գործին։ Ես ընդամենը մտահոգ քաղաքացի եմ, որին հուզում է իր հայրենիքի ճակատագիրը։ 

«Այս քայլով չեմ բավարարվի, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու այստեղ ապրողներիս իրավունքների վրա։ Այո, Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ է, բայց նրա միտքը շրջափակված չէ, և ճգնաժամը չի ազդել մարդկանց գաղափարների ու մտածելակերպի վրա»։

 Գևորգի ցանկությունը և պահանջը մեկն է․ որ միջազգային կառույցները հարգեն իրենց իսկ կողմից ընդունված սկզբունքերն ու օրենքները։ Եթե մարդը աշխարհի համար բարձրագույն արժեք է, այն պետք է բարձրագույն արժեք լինի՝ անկախ իր բնակության վայրից։

Թույլ մի տվեք, որ Ադրբեջանը չկատարի ՄԱԿ միջազգային արդարադատության բարձրագույն ատյանի որոշումը, թույլ մի տվեք, որ շարունակի վանդալիզմը պատմամշակութային մեր արժեքների, ու հայկական այս դարավոր հողի վրա ապրողների նկատմամբ էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունը՝ դիմում է Գևորգը միջազգային հանրությանը՝ իր ՍՕՍ- ուղերձով։ 

«Ադրբեջանն ամեն գնով ուզում է տիրանալ մեր տներին, մեր պատմությանը, կոտրել մեր կամքը, հասնել Արցախի ոչնչացմանը՝ էթնիկ զտման ու ցեղասպանության քաղաքականությամբ։ Մենք կոչ ենք անում միջազգային փաստահավաք խմբեր  ուղարկել այստեղ՝ տեսնելու իրականությունը, տեսնելու, թե ինչպես են ոտնահարվում մեր իրավունքերը»։

 Սա Գևորգի առաջին ակցիան չէ, երիտասարդը հաճախ էր տիկտոկյան  հարթակում բարձրացնում հանրապետության ներքին կյանքին վերաբերող խնդիրներ։ Հիմա, ասում է, դրանց ժամանակը չէ։ Պետք է ընդհանուր խնդրի լուծումը գտնել, իսկ դա նշանակում է, որ պայքարը պետք է միասնական լինի, քանի որ այն, իսկապես, գոյաբանական է։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 18 Ապրիլի 2023 08:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ