Նոյեմբերի 21, 2024

Լուսավոր օրերը գուցե սարերի հետևում չեն․ Խնձրիստանում հավատում են դրան

By Սրբուհի Վանյան Ապրիլի 20, 2023
Բեկորի հայրենի գյուղի՝ Խնձրիստանի համայնքապետարանի նորակառույց շենքի արտաքին պատին, Արցախի դրոշի կողքին, Բեկորի մեծադիր նկարն է, որպես վկայություն այն բանի, որ ինչքան էլ ժամանակները խառնակ լինեն, Արցախի հարցը՝ փակուղի մտած ու թշնամի երկրի ղեկավարի հոխորտանքները՝ բարձր, Արցախը ունեցել և ունենալու է նրա հայկական ապագայի համար պայքարող ու այդ պայքարի համար, անգամ, կյանքը չխնայող զավակներ։ Բեկորը և նրա նման շատերը, որոնց համար հայրենիքն արժեք էր, չկան, բայց ապրում է գաղափարը, գործը, որ արել են։ Ապրում է գյուղը, որտեղից սերել է Բեկորը․ այնտեղ մանուկները սովորականի նման խաղում, դպրոց են հաճախում, նրանցից շատերը, ինչպես և իրենց ծնողները, իրենց ապագան այս հողում են տեսնում։ Տիկին Արփիկը, որ Բեկորի համար մայր է դարձել մոր մահից հետո, հիմա Խնձրիստանում է ապրում։ Որդու անունը լսելուց հուզվում է․
 
«Աշոտը խելացի, ունակ, հասկացող երեխա էր։ Չար էր բայց։ Ու ձեռքով ամեն ինչ գալիս էր»։
 
Հիշողություններ է պատմում որդու և իր ջոկատի մասին, թե խստության հետ միաժամանակ ինչպիսի հոգատարություն էր ցուցաբերում իր զինվորների ու ընտանիքի հանդեպ։ Տիկին Արփիկը վերհիշում է, թե ինչ երազանք ունեին Բեկորն ու իր ընկերները։
 
«Մի անգամ ընկերներով գալիս են․ Բալայան Վլադիմիրն էլ հետն էր։ Ասում էր՝ եկել եմ մեղր ուտելու։ Կերան, հետո ասաց՝ երանի մի անգամ էլ գանք այստեղ նույն կազմով քեֆ անելու, երբ կռիվ չլինի»։
 
 Տղաները չհասցրին, բայց նրանց շնորհիվ Արցախում իրենց սերունդները հասցրին զգալ ազատ հողում ապրելու, նաև՝ քեֆ անելու համը։ Ու հիմա թող որ դժվար ժամանակներ են, բայց այդ լուսավոր օրվան Խնձրիստանում հավատում են նաև այսօր։ 
 
«Եթե դժվարություններին նայենք, պիտի չապրենք անգամ՝ ասում է որդուն Արցախյան պատերազմում կորցրած խնձրիստանցի Լենա տատիկը՝ մեզ նստելու տեղ առաջարկելով կոկիկ, ծաղկաշատ բակում։
 
«Թող ինձ ներեն խոսքիս համար, բայց ասում են՝ ղարաբաղցու ճակատը պինդ է։ Կվերջանա ամեն ինչ մի օր։  Լավն էլ ենք մտացում, ասում ենք՝ գուցե լավ կլինի։ Դե՝ վատն էլ հիմա կա ու կա»։
 
 Խնձրիստանում բակերն ու տները կոկիկ են ու խնամված։ Համայնքապետարանի շրջակայքն էլ խնամված էր, կանաչապատ ու միանգամից լավ տպավորություն է թողնում հատկապես գյուղին անծանոթ մարդկանց վրա։ Չնայած շրջափակման մարտահրավերներին, Խնձրիստանում գարնանային եռուզեռ է․ գյուղը փորձում է շրջափակման հետևանքները արժանապատվորեն հաղթահարել։ Համայնքի ղեկավար Ալեքսեյ Ավանեսյանն ասում է, որ պարենը համայնք հասցնելը որոշակի դժվարություններ է հարուցում, գարնանացանը կազմակերպելը՝ նույնպես․ վառելիքի պատճառով։
 
«Սննդի մատակարարաման խնդիր ունենք։ Կտրոնային համակարգով ենք անում։ Բայց դժվարություններ են ծագում պարենը տեղ հասցնելու ու գյուղատնտեսական աշխատանքերը իրականացնելու հետ կապված։ Վառելիքի պատճառով, բայց դե դա էլ ենք կտրոնով ստանում։ Սերմացուն պահ տալիս հողին»։
 
 Համայնքի բնակիչների մի մասն աշխատում է «Խաչենշին» ընկերությունում, ծառայում ՊԲ-ում։ Կաշենի հանքի փակվելուց հետո գործազուրկներ գյուղում կան։ Իսկ առհասարակ, Խնձրիստան համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մի քանի հոգի անասնապահությամբ են զբաղվում։ Սեփական կարիքները բավարարելուց զատ նաև շուկա են հանում։ Ջրամատակարարումը որոշ խնդիրներ է առաջացնում՝ ասում է Ալեքսեյ Ավանեսյանը։
 
«Երաշտի պատճառով արդեն 5 տարի շարունակ  ամեն տարի  քշանում են ջրի պաշարները։ Արտեզյան ջրհորներն էլ  բավարար ջուր չունեն։ Դե կառավարություն ներկայացված է մեր խնդիրը։ Տեսնենք, ինչպես կլուծվի հարցը»։
 
 Բնակարանային խնդիրներ  խնձրիստանցիները չունեն։ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված 21 ընտանիքի նույնիսկ հյուրընկալել են, տեղավորել։ Պետական միջոցներով գյուղի տիրազուրկ տները վերանորոգվել են և տրամադրվել տեղահանվածներին։ Խնդիրներից ու զարգացման հեռանկարից տեղին չի համարում խոսել համայնքի ղեկավարը․ ճգնաժամային իրավիճակում, ասում է, դրանք առայժմ մի կողմ են դրվում։ Հիմա կարևորն անվտանգային ու ճգնաժամային իրավիճակի հաղթահարման փուլն արժանապատվորեն անցնելն է։ Զրուցակիցս լավատեսորեն է խոսքը եզրափակում՝ կգա նաև զարգացման, լուսավոր  օրերի ժամանակը։ Այն, գուցե թե, սարերի հետևում չէ։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ