Նոյեմբերի 22, 2024

Մի բազմազավակ կնոջ առօրյա․ Էդիտան զավակների երազանքով է ապրում

By Սրբուհի Վանյան Մայիսի 17, 2023

Երիտասարդ կնոջը, որին պիտի ներկայացնենք, հանդիպեցինք Խնձրիստանում, իր տան շեմին, մանկահասակ երեխան գրկին։ Նոր դուրս եկած ճտերին փորձում էր տեղափոխել փայտի վառարանի մոտ, քանի որ՝ «լույսերը հիմա կանջատեն»։ Ներս մտանք, ընդարձակ սենյակում մի քանի տեղ ինչ-որ հսկայական արկղեր էին դրված, ծածկված տաք ծածկոցներով։ Առաջին հայացքից չհասկացանք․ ինկուբատոր է պահում տանը, ծածկել է, որ հովհարային անջատումների ժամանակ ձվերը չսառչեն։ Կնոջ փոքրիկ, գյուղական բիզնեսն է։ Նախաձեռնել է, որպեսզի կարողանա նեցուկ լինել ամուսնուն՝ պահելու բազմանդամ ընտանիքը։ 

«Արդեն մի քանի տարի զբաղվում եմ, սկզբից ինձ համար էի անում, հետո նաև սկսեցի վաճառել։ Լինում է, որ պայմանները բարենպաստ չեն լինում, ճտերը քիչ են դուրս գալիս, բայց ընդհանուր արդեն սովորել ոմ գործին։» 

Էդիտա Գրիգորյանն է, բազմազավակ ընտանիքի մայր․ յոթ զավակ է մեծացնում։ Ավագ դուստրը 17 տարեկան է, կրտսեր որդին դեռ մեկ տարեկան։ Արդեն ընտանիքում ուսանող էլ ունենք, ասում է, դուստրերից մեկը Ստեփանակերտում է, բժշկակական քոլեջի ուսանողուհի է, մնացած երեխաները գյուղում են ապրում։ Ինքը Էդիտան Ստեփանակերտում է մեծացել, սիրել է գյուղական միջավայրը, գուցե չէր պատկերացնում, որ ճակատագիրն իրեն կկապի գյուղին, բայց այն, որ մեծ ընտանիք պիտի ունենա, դրա մասին երազում էր միշտ։ Գյուղն էլ իր հրաշքներն ունի, և եթե գյուղում ես ապրում, պետք է աշխատասեր լինես, և հողը քեզ կվարձատրի ըստ արժանվույն, ասում է։ 

«Սիրում էի գյուղը․ ամուսնացել եմ գյուղում, ապրում եմ այստեղ և շատ բան ավելի լավ եմ անում, քան գյուղում ծնված-մեծացածները։ Բանջարանոց, թռչուններ, խոզ, ինչ ասես, պահում եմ։» 

Ամուսինը տրակտորիստ է, աշխատում է «Խաչենշին» ընկերությունում։ Ինքը՝ Էդիտան, բնականաբար, տանն է ու երեխաների խնամքով է զբաղվում։ Գյուղական առօրյան էլ ՝ վրադիր։ Ամուսնանալով գյուղում, ամուսնու հետ միասին ձեռնամուխ են եղել տան վերակառուցմանը՝ զավակների համար ստեղծելով բարվոք կենցաղային պայմաններ։ Դա, իհարկե, հեշտ չի ստացվել, անկեղծանում է Էդիտան, բայց, փառք Աստծո, կարողացել ենք։ Այսօր էլ աշխատում են ապրել, ինչպես ասում են, իրենք իրենց վրա հույս դնելով միայն։ 

«Տունը մեր ուժերով վերանորոգել ենք, մինչև այսօր էլ աշխատանք կա կատարելու։ Երեխաները դպրոց են հաճախում, խմբակներ, պար, երաժշտությւոն; մեծ դուստրս ուսանող է»։

Մշակում են տնամերձ հողամասը, Կարմիր խաչի օգնությամբ նաև ջերմոցներ են հիմնել, սեփական կարիքները բավարարելուն զուգահեռ նաև վաճառում են բերքը։ Ստեփանակերտ տանելու կարիք չենք ունենում, ասում է Էդիտան, հարևան-մտերիմի է հերիքում։ 

«Լոբի, կարտոֆիլ, եգիպտացորեն, կանաչեղեն, ջերմոցներն ենք մշակում, որ Կարմիր խաչի աջակցությամբ ենք ստացել։ Վաճառքի էլ եմ հանում։ Հիմնականում գյուղում՝ մտերիմ-ծանոթի է հերիքում հազիվ։» 

Էդիտան զավակների երազանքներով է հիմա ապրում, հետևում դասերին, խմբակների տանում։ Ավագ դուստրերից մեկն ուզում է դիզայներ դառնալ, մյուսը՝ մանկաբարձ, ավելի կրտսերները դեռ չեն կողմնորոշվել։ Ծնողական պարտք է, պիտի կատարենք, ասում է զրուցակիցս, դժվարությունները մարդու համար են, չեմ վախենում դրանցից, մենակ թե երկիրը խաղաղ լինի, որ կարողանանք նրանց նպատակներին հասցնել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ