Երբ բակ մտանք, սլացիկ հասակով, արագաշարժ կինը հավաբնից առավոտյան ձվերն էր հավաքում։ Տնամերձը խնամված էր, երևում է՝ նոր ջուր տված։ Բակն ավլած էր ու թարմությամբ էր շնչում, կարմիր կակաչներն էլ ներդաշնակ էին բակի մաքրությանն ու թարմությանը։ «Ե՞րբ է հասցրել»՝ մտածեցի, մինչ տիկին Լենան, անակնկալի եկած անսպասելի հյուրերից, մեզ ուղեկցող համագյուղացուն էր նախատում՝ մի բերան ասեիք, որ գալիս եք։ Արագ հանում է գլխաշորը, փոխվում ու նստում՝ պատրաստ սպասելով հարցերիս։
«Լենա Հարությունյանն եմ, ծնվել եմ Պատարա գյուղում, աշխատանքի բերումով եկել Խնձրիստան, աշխատել մանկապարտեզում որպես դաստիարակ, ապա՝ վարիչ։ Աշխատել եմ 15 տարի , հետո տեղափոխվել Գյուղապետարան, որպես քարտուղար»։
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Գյուղխորհրդի քարտուղար էր։ Ստորագրահավաքներ, Արցախյան շարժում, պատերազմ։ Հեշտ չի եղել՝ վերհիշում է, որպես կանոն, գյուղի նախագահները երիտասարդ տղամարդիկ էին, որ հաճախ գյուղում չէին լինում, եղել է և այնպես, որ նրանց պարտականություններն էլ է վերցրել իր վրա։
«Երբ Շուշից ու Աղդամից խփում էին, ստեղ կողքի գյուղերից 5000 մարդ էր տեղափոխվել ժամանակավորապես։ Տեղավորել էինք բոլորին տիրազուրկ տներում էլ։ Աշխատում էինք օրական 14-15 ժամ, որպեսզի կարողանանք և տղաներին օգնել, որ պայքարում են, և թիկունքի աշխատանքները կատարել»։
Որդու՝ Ժիրայրի անունը տալուց հուզվում է, լռում երկար։ Այդ դեպքից հետո կյանքս երկու մասի է բաժանվել՝ ասում է, երկրորդ մասում սպասումն է։ Ամեն անգամ հետը զրուցելիս ասում եմ՝ իմ ու քո հանդիպումը մեկ օրով էլ մոտեցավ։
«Հաշվում եմ, որ իմ կյանքն այդտեղ էլ կանգ է առել, վերածվել է սպասումի՝ որդուս հետ հանդիպման։ Ես մեռած եմ արդեն․ ուղղակի ես այստեղ եմ մեռել, այս լուսավոր աշխարհում, ինքն այնտեղ․․․․»
Մտերիմները հասկանում էին՝ որդեկորույս մորը միայն աշխատանքը կարող է օգնել՝ հաղթահարելու հոգեկան ծանր ապրումները։ Նրանց առաջարկով էլ Լենա Հարությունյանը սկսում է աշխատել Հիլիսի միջնակարգ դպրոցում, որպես դասվար։ Այնտեղից էլ թոշակի է անցնում։ Հիմա տանն է։ Ինչո՞վ է զբաղվում՝ հարցին կարճ է պատասխանում․ գյուղ է, մի բան գտնվում է։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին շատ է մտածում, զուգահեռներ անցկացնում Արցախին պատուհասած վերջին 30 տարվա պատերազմների միջև, համեմատում ժամանակաշրջանները, մարդկանց հոգեբանությունը։
«Տարբերություններ չկան պատերազմների մեջ։ Ուղղակի այն ժամանակ տղաների կարգախոսն այն էր, որ թշնամուն այնքան քշեն, որ մեր բնակիչները արկի ձայն չլսեն։ Այս երկիրը կա նվիրյալների շնորհիվ․ ամենաթանկը կյանքն է՝ տվել են»։
Հիմա իրավիճակից բան չեմ հասկանում, ասում է տիկին Լենան, իներցիայով ապրում ենք՝ էս անորոշության մեջ և՛ լավն ենք մտածում, և՛ վատը։ Վերջը դեռ չի երևում։
«Բայց դե մեր նվիրյալները ստի չըն օզալ, ստրա հետի չըն ուրանց կյանքը տվալ»,- շարունակում է խոսակցությունը։
«Այստեղից Քարագլուխ շատ ժամանակ անգամ տրանսպորտ չկար, ոտով էինք գնում։ Դե՝ որը պատմեմ, որը թողեմ»։
Տիկին Լենայի պատմությունները, հիշողություններից, ցավից ու հույսից հյուսված, երկար շարունակվում են, խառնվում Խնձրիստանի արևոտ օրվան, իր կարմիր կակաչներին ու վերածվում հավատի։ Հավատի՝ որ Արցախում, անկախ ամեն ինչից, լավ է լինելու և այս նույն բակում, մեզ կամ գուցե մեկ ուրիշ լրագրողի հետ այս օրերի մասին խոսելու են որպես անցած-գնացած դառը հիշողություններ։