Նոյեմբերի 21, 2024

Մարտակերտ շրջանի կրթական համակարգի խնդիրները

By Իլոնա Անդրյան Մայիսի 31, 2023

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շրջանի գրեթե բոլոր դպրոցներում հնչել է վերջին զանգը, ընդհանուր 12-րդ դասարանն ավարտել է 135 աշակերտ, 9-րդ դասարանը` 295: 2022-23 ուստարում Ճանկաթաղի, Մոխրաթաղի և Զագլիկի միջնակարգ դպրոցները չեն ունեցել շրջանավարտներ:
12-րդ դասարանն ավարտած շրջանավարտներից ոչ մեկն այս տարի չի հավակնում ոսկե մեդալի, իսկ 9-րդ դասարանն ավարտած աշակերտներից 5-ը քննություններում գերազանց արդյունք ապահովելու դեպքում կստանա հիմնական կրթության գերազանցության վկայական:


Դ.Լ.-«Հիմնական 5 հոգուց 1-ը Դրմբոնի միջնակարգ դպրոցից է, 1-ը` Զագլիկի միջնակարգ դպրոցից, Մոխրաթաղի միջնակարգ դպրոցից 2 և Հաթերքի միջնակարգ դպրոցից 1 աշակերտ: Ընդհանուր 5 աշակերտ տարեկանում ունի գերազանց գնահատականներ: Գիտենք, որ քննությունները 9-րդ դասարանում 2 առարկան կենտրոնացված է` մաթեմատիկան, հայոց լեզուն և գրականությունը, ընդ որում առաջին քննությունը լինելու է հունիսի 5-ին հայոց լեզու առարկայից, տեսնենք, եթե այս երեխաները պահպանեն իրենց գերազանց արդյունքը, կստանան գերազանցության նմուշի վկայական»:
Շրջանի կրթության ոլորտի պատասխանատուի խոսքով, 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտածների համար քննաշրջանը մեկնարկելու է հունիսի 1-ից: 4-րդ դասարանն ավարտած աշակերտների գիտելիքների ստուգումն անց է կացվելու հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը:


Դ.Լ.-«Իհարկե, չորրորդցիների համար հիմնականում մայրենի և մաթեմատիկա առարկաներից գիտելիքների ստուգում է կազմակերպվում, 9-րդ դասարանի երկու առարկաներն են, որոնք որ կենտրոնացված են` հայոց լեզուն և մաթեմատիկան, իսկ մնացած առարկաները հումանիտարից հիմնականում երեխաներն իրենք ընտրում
են օտար լեզուներից, իսկ բնագիտականից ընտրում են քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն՝ մեկ առարկա են ընտրում: 12-րդ դասարանցիների համար պարտադիր է երեք առարկան` հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա և հայոց պատմություն առարկաները, ընդ որում 12-րդ դասարանցիների համար քննաշրջանը երկու փուլով է` առաջինը եղել է ավարտական մասով հունվար ամսում, իսկ երկրորդ մասը հունիս ամսում է լինելու»:
12-րդ դասարանն ավարտած 135 շրջանվարտից 50-ը հայտ է ներկայացրել բուհի համար, ովքեր Ստեփանակերտում կհանձնեն միասնական քննությունները, իսկ հեռակայի դիմորդներն ընդունելության քննությունները կհանձնեն իրենց նախընտրած բուհում:

Դավիթ Լալայանը նշեց նաև, որ շրջանում շարունակվում է չլուծված մնալ կադրերի հարցը: Յուրաքանչյուր տարի հայտարարվում են մրցույթներ, սակայն շատ քիչ մասն է կայանում: 2023-24 ուստարվա համար պահի դրությամբ շրջանում արդեն կա ուսուցչի 75 թափուր տեղ:
Դ.Լ.-«75 հիմնական ուսուցչի թափուր տեղ, որի մրցույթը հայտարարվելու է օգոստոս ամսին: Դժբախտաբար, շատ քիչն է կայանում, քչերն են մասնակցում, երբեմն մասնակցում են, չեն կարողանում հաղթահարել: Բայց բոլոր դեպքերում ունենք հիմնական, ունենք նաև ժամանակավոր թափուր տեղեր, որ, ասենք, անաշխատունակության կամ երեխայի խնամքի նպատակային արձակուրդում գտնվողներ, որոնք ևս մեծ խնդիր է»:
Դավիթ Լալայանը լուրջ է համարում մասնագետների բացակայության խնդիրը, որի պատճառով շրջանի մի շարք համայնքների դպրոցներում չեն դասավանդվում որոշ կարևոր առարկաներ: Կոճողոտի միջնակարգ դպրոցում այս ուսումնական տարում չեն ուսումնասիրվել քիմիա, կենսաբանություն, Կիչանի և Նոր Ղազանչիի միջնակարգ դպրոցում` օտար լեզու առարկաները, օրինակները շատ են, իսկ խնդիրը` հրատապ լուծում պահանջող:

Last modified on Ուրբաթ, 02 Հունիսի 2023 06:01
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ