Նոյեմբերի 24, 2024

Հադրութցիների երգը դեռ Ստեփանակերտում է հնչում

By Անի Աբաղյան Հունիսի 01, 2023

«Մենք ձեզ հող չենք տա,
Այստեղ կյանքեր կան, այստեղ մերոնք են հողին շաղախվել
Մեր զինվորների սրբազան արյամբ՝ հորիզոններն են կարմիրով վառվել
Մենք ձեզ հող չենք տա»։

4 տարեկան հադրութեցի Դավիթն է․ ձեռքը բռունքած, ոտքը գետնին հարվածելով, կարծես՝ անհամաձայնությունը հողատուներին ցույց տալով է արտասանում։ Միջոցառումը հենց այդպես է սկսվել։ Արագ-արագ արտասանում ու նույնքան արագ էլ ծլկում է բեմից, բայց քիչ անցած նորից հայտնվում․ այս անգամ տարեկիցների հետ պարելու համար։

Վերն ըս ըսես, ընկեր։ Սուս, սկսես ըք։ Հանդիսատեսներից շատերն էլ հադրութի բարբառով ոգևորում էին մասնակիցներին։ Այս հուշումներն ու ծափերն էին անհոգ ժպտալու առիթները, որոնք չհաշվելու դեպքում դահլիճում արցունքների, կարոտի մի խիտ իրավիճակ է ստեղծվում։

Երեխաների ելույթներում ձգվում է հայրենասիրության գաղափարը, նորից հայրենի թաղեր վերադառնալու կարոտը։

«Միջոցառումը շատ հիանալի էր, փոքրիկները գրեթե չէին կաշկանդվում։ Ես շատ գոհ եմ»։
«Հրաշալի էր կազմակերպած ամեն ինչ։ Հայրենակարոտ երեխաները փայլուն ելույթ ունեցան, իրենա հոգու կարոտը, նվիրումը սերն ու ապրումները արտահայտեցին իրենց երգ ու պարում, արտասանության մեջ։ Ցանկանի է, որ մինչև մեկ տարին վերադառնան իրենց հայրենիքը՝ մեր Հադրութն ու նորից ծաղկուն դարձնեն այն»։

Միջոցառմանը ներկա էին նաև Հադրութի շրջանի ղեկավար կազմը։ «Երեխաների ոգևորված ելույթները հուսադրող են նաև մեզ համար»,- ասում է Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու Արթուր Մինասյանը։
«Նրանց պարի մեջ վերադառնալու հավատ կա, պայքար կա։ Նրանք այս 1 ժամվա ընթացքում մեկ անգամ ևս հաստատեցին, որ մենք անպայման վերադառնալու ենք Հադրութ։ Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, որ այտեղ եք։ Դուք այստեղ եք՝ նշանակում է՝ Ձեր մեջ նույնպես ամուր է հույսն ու հավատը, որ թե՛ վաղը, թե՛ մեկ տարի հետո մենք նորից կլինենք Հադրութում»։

Տեղահանությունից հետո լինել մի միջավայրում, որտեղ միայն բարբառդ ես լսում, տեսնում հարազատ դեմքեր ու քեզ այնքան տանն ես զգում, որ մոռանում ես՝ Հադրութում չես, դրսում էլ արդեն այդքան էլ տանը չես, բայց․

«Մուք ուզիս ըք ու մի օր քինան ըք Հադրութ»։

Last modified on Ուրբաթ, 02 Հունիսի 2023 10:37
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ