Թշնամին գրեթե ամեն օր կրակ է բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ, թույլ չի տալիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարել ու սեփական տան բակում հանգիստ քայլել։ Խոտհարքի շրջանում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչները մի կերպ խոտը հնձել են, բայց տուն հասցնել չեն կարողանում, գիշերները հանգիստ քնել՝ նույնպես։ Եթե ամիսներ առաջ զարմանում, անհանգստանում էին թշնամու կրակոցի ձայնից, ապա այսօր` դրա բացակայությունից։ Գյուղի բնիկների հետ նույն զրկանքներն են կրում նաև Նոր Մարաղայից գյուղ տեղահանվածները: Մեր գործընկեր Անի Աբաղյանն է զրուցել գյուղացիների հետ:
Եթե Ստեփանակերտում տան այգում դրված աթոռին նստելն այս պահին անվտանգ է, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում այդպես չէ։ 17-ամյա Յուրան դրսում՝ աթոռին նստած էր, որ կրակոցի ծանոթ ձայնը լսեց․ չէր մտածում, որ այս մեկն իրենց «հյուրն» է։
«Էն ըմ իլալ հնե էն աթոռեն նստած, վեր թխալ ըն։ Պուլյան մի հենգ սեկունդից եկալ ա նի եկալ։ Նի ընք մտալ մի դալդան մինչև տըսնանք լի հինչ ա տըռնում»։ («Աթոռին նստած էի, որ կրակեցին։ Գնդակը 5 վայրկյանից կպավ։ Մտել ենք պատի հետևը, մինչև տեսնենք՝ ինչ է դառնում»։)
«Կրակոցներից չեմ վախենում»՝ ասում է Յուրան, 85 տարեկան Գրետա տատին էլ հաստատում է թոռան ասածը։
«Օզում ընք էն ինինք մեր պատեն տակեն։ Թո սոված ինիմ, պատառ պակաս ինիմ, բայց էն ինիմ մեր գյուղումը։ Մունք մըզ հույս ըք տամ, ստըղ ապրում, բայց թշնամին թողում չի է, օրական 3 հետ յրայա տամ, էլ շտը՞ղ կենաս։ Ստղավ յրայա տամ, քինամ ըս պատեն տակեն վեննը կենում, պատառ կտրում ա, ետ ըք տըռնում։ Պա միգուցե էն ըմ ստըղ նստած հաց ուտեիս, դըղան յրայա տամ, կյամ ա նի կյամ։ Դե ես ինձ էտե սկի մտածում չըմ, է, ջահիլներին հետե ըմ ասում»։
(«Ուզում ենք մեր պատի տակ լինել․ թեկուզ մի քիչ սոված, բայց մեր գյուղում։ Մենք հույսով այստեղ ապրում ենք, բայց թշնամին ամեն օր 3 անգամ կրակում է։ Այստեղից կրակում է, գնում ենք պատի տակ կանգնում, սպասում, ձայները կտրվում են, հետ ենք գալիս։ Միգուցե այստեղ նստած հաց ուտելու ժամանակ կրակի ու դիպչի։ Իմ մասին չեմ էլ մտածում, երիտասարդների համար եմ անհանգստանում»։)
44-օրյա պատերազմից հետո Ճանկաթաղի տանիքներով հաճախ են թշնամու փամփուշտները լողում ու պահմտոցի խաղում․ ո՞ր տանիքի, դարպասի հերթն է այսօր, միայն թշնամին գիտի։ Տեղացիները անհանգստությունից կորցրել են հանգիստ քունը։
«Վախի մեջ ընք պաստայաննի, քիշերն ալ չընք քոն ինում։ Էնքան քիշերները զերթուն կացալ ընք, տի ընք սվերալ։ Ըհը՛, տրաքից, շտըղա՞ եկու, տուս ընք կյամ ակուշկավը կըխըերմ կըխըվեր եշում։ Դե ապասնի ա լի, շատ ա ապասնի: Բայց մունք էլա մըզ հույս ըք է տամ, ասում ըք՝ թո տըսնաք հի՞նչ ա տըռնում»։
(«Անընդհատ վախի մեջ ենք ապրում․ գիշերն էլ չենք քնում։ Այնքան ենք գիշերները արթուն մնացել, որ այդպես ենք սովորել։ Ըհը, պայթեց, որտե՞ղից է գալիս։ Դուրս ենք գալիս, պատուհանով վերև-ներքև նայում։ Շատ վտանգավոր է, շատ, բայց մենք շարունակում ենք հույսով ապրել, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»։)
Գիշերային անքնությունը նաև երեխաներին է դիպել։ Անկողնում պառկած գուշակում են փամփուշտի ուղղությունը։ Այս պայմաններում դժվար է օրվա պլաններ կազմելը, թեկուզ՝ բակ դուրս գալու, խաղալու ժամը որոշելը։ Մի կողմից արևն է, մյուս կողմից՝ թշնամու նշանառությունն ու մահաբեր փամփուշտը։
Արդեն հին դարձած դժվարությունները չհաղթահարած, նորերն են եկել։
17-ամյա զրուցակիցս նոր ծաղկած ձիթապտղի, նռան ծառեր է թողել Նոր Մարաղայում ու ստիպված Ճանկաթաղ եկել։
«Մեր բոստանմը պոմիդոր, խիյար, զեյթուն ընք իլալ տիրած, կիվի, նոռնու ծառեր։ Ծաղկած ա իլալ, վեր թողալ ընք եկալ, էն ա, իլալ տերևներ քիցած․ մի երկու տարե ա իլալ, վեր տիրած ըք իլալ»։
(«Մեր այգում լոլիկ, վարունգ, ձիթապտուղ էինք դրել, կիվի ու նռան ծառեր։ Ծառերը ծաղկած էին, երբ դուրս եկանք, տերևներ էլ կային․ մի երկու տարի առաջ էինք տնկել»։)
Յուրայի քույրը 13 տարեկան է, փոքր եղբայրը՝ 10-ը։ Նրանց տարիքում Յուրան անհոգ վազվզում էր Նոր Մարաղայի ընկերների հետ, լողում լճակում, ինչպես ինքն է ասում՝ Նոր Մարաղայի «հայտնի գյոլում»։ Մինչդեռ այսօր Մարաղան բռնազավթված է, նրանց մանկությունն էլ խեղված։ Այսօր 13-ամյա Յուլյան լավ օրերի մասին անցյալով է խոսում։
«Մարաղա ակուշկան վեր պինայիս ում իլալ, սարեր, ծառեր, քարեր ա իլալ։ Մարաղա հարմարությունը ավելի լավ ա իլալ, խոխեքը ավելի լավն ըն իլալ։ Հետաքրքիրը էն ա իլալ, վեր մորքուրանց տոնը մեր տանը կողքեն ա իլալ, ուրանց խոխորցը նը հետ միասին տուս ընք եկալ, խաղ ըրալ»։
(«Նոր Մարաղայի պատուհանը բացելուն պես սարեր, ծառեր ու քարեր էին երևում։ Այնտեղ հարմարությունը, երեխաները ավելի լավն էին։ Հետաքրքիրն այն էր, որ մորաքրոջս տունը մեր տան մոտ էր, իրենց երեխաների հետ միասին էինք խաղում»։)
Ապագան Երևանում է պատկերացնում՝ Նոր Մարաղայի ընկերուհիների կողքին․ այնտեղ է ուզում սովորել։ Բայց մեկ կարևոր ցանկություն ևս ունի․
«Ճիշտն ասած, ես ուզում եմ Երևան գնալ, որովհետև իմ ընկերները այնտեղ են, բայց տարիներ հետո ընկերներիս հետ վերադառնամ Մարաղա»։
Առաջվա, այսինքն՝ մինչև արցախյան վերջին պատերազմը, կյանքից գոհ է նաև Գրետա տատիկը։ Մառանները պաշարով էին լցված, արոտավայրերն՝ անասուններով, բնակիչներն ակտիվ զբաղվում էին հողագործությամբ։ Ամենամեծը ջրի ոռոգման խնդիրն էր, հիմա բացի դրանից՝ ամենը խնդիր է։
«Կարըմ չընք հեյվան պահինք, ճեխ, կապուկ պիրինք թուրունը նի կըցնիք, հաղ թխինք։ Ես դե լհա պառավ ըմ է, վեչինչն, բայց մարդիկ կարում չըն թուրունը նի կըցնին լհա հացը թխին»։
(«Չենք կարողանում անասուն պահել, ցախ հավաքել, որ թոնիրը վառենք, հաց թխենք։ Ես տարիքով կին եմ, ոչինչ, բա մյուսները, որ չեն կարողանում հաց թխել»։)
Երբ Գրետա տատիկին հարցրի, քանի՞ տարի է՝ Ճանկաթաղում ես ապրում, կտրուկ պատասխանեց.
«Լհա հինչա ծնվալ ըմ։ Իմ պապերի, տատերի, էէէէ ճյուղը լոխ ստըղան ըն»։
(«Հենց ծնված օրից։ Իմ պապերի տատերի ճյուղն ամբողջովին այստեղից է»։)
Թշնամին փորձում է կտրել Գրետա տատիկի ասած՝ դարերից եկած հայկական թելն ու ապացուցել մեր հայրենիքի իբր ադրբեջանական լինելը։ Բայց մեր տղաներն այլ նպատակներ ունեն կեսը բարձրաձայնած, կեսն էլ մտապահած։
«Ես կօզիմ վեր մծանամ, նորից քինիմ Մարաղա, մեր գյոլմն էլ լղանամ»։
(«Ես կուզեմ նորից գնալ Նոր Մարաղա գնալ, մեր լճակում լողանալ»:)
Նոր ծաղկած ձիթապտղի ծառը առանց մշակի չպիտի մնա․ Ճանկաթաղից Նոր Մարաղա վերադարձ պետք է լինի։