Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում այսօր Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ, ասվում է Արցախի Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունում:
Ավելի քան 186 բուժառու սպասում է իր տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ բանակցելով Կարմի խաչի միջազգային կոմիտեի հետ: