Արցախի կրթական համակարգը նոր ուստարին դիմավորում է շրջափակման պայմաններում: Ծնողները մտահոգված են. ինչպե՞ս է կազմակերպվելու ուսումնական գործընթացը, ինչպե՞ս են երեխաները հասնելու դպրոց ու, արդյոք, թերսնված երեխաները կկարողանա՞ն մասնակցել դասերին: Հարցերի պատասխանները փորձել է պարզել Վիկտորյա Սարգսյանը:
Արցախի բոլոր հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին կմեկնարկի նոր ուսումնական տարին: Հակառակ շրջափակման հարուցած խնդիրներին, դասերը չեն դադարի` ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Ուսումը դադար չի սիրում` ասում է փոխնախարարը:
«Մենք պետք է փորձենք անել ամեն ինչ` հնարավորությունների սահմաններում: Ամեն դեպքում դադարեցնելը ճիշտ չէ: Եթե մենք հնարավորություն ունենք գոնե 10-20 տոկոսով այս ուսումը տալ, դա էլ դադարեցնե՞նք»:
Խանութներում չկան գրենական պարագաներ, հանրային տրանսպորտը չի գործում, երեխաները թերսնված են` սրանք այն առաջնային խնդիրներն են, որոնք ներկայացնում են բոլոր մայրիկները: Էլինա Համբարձումյանը բազամազավակ մայր է: 6 զավակից 5-ը դպրոցահասակ են:
«Մեծ երեխաս 7-րդ դասարան պիտի հաճախի, մյուսները` 2-րդ և 3-րդ, իսկ զույգ աղջիկներս առաջին դասարան պիտի հաճախեն: Ինձ հետաքրքիր է` ինչպես են կազմակերպվելու դասերը: Երեխաները նորմալ չեն սնվում, գրենական պիտույքներ ընդհանրապես չկան: Չեմ ասում, թե բաղմազավակ ենք, չենք կարողնանում գնել: Փողը կա, բայց խանութներում չկան այդ ապրանքները: Այս պայմաններում ես դեմ եմ դպրոցների բացվելուն: Շատ եմ ուզում որ ամեն ինչ լավ լինի, ու երեխաները նորմալ կրթություն ստանան: Նախ կորոնավիրուսը հետո նաև պատերազմը խանգարեցին կրթության, բայց այս պայմաններում էլ հնարավոր չէ»:
Իրենց տանն ամենամոտ դպրոցը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, ասում է Էլինան: Փոքր երեխաներին ոտքով ուղարկել հնրավոր չէ:
«Որ դպրոցն էլ տանեմ, մեզնից հեռու է: Մենք շուկայից ներքև ենք ապրում` Տերյան փողոցում: Երեխաները Հայ-իտալական կրթահամալիր են հաճախում: Մինչ շրջափակումը մենքենայով տանում ու հետ էինք բերում: Հիմա մեծերը կարող են ոտքով գնալ, բայց փոքրերին չեմ կարող ոտքով ուղարկել: Թեկուզ 8-րդ դպրոց տեղափոխեմ կամ 7-րդ, 11-րդ, միևնույն է, մեզնից հեռու է»:
Խնդիրներ կան, որոնք կրթությանը չեն` ասում է Միքայել Համբարձումյանը: Այդ խնդիրները բարձրաձայնվում են, լուծումները, սակայն, տեսանելի չեն:
«Հարցը բարձրացված է: Մենք ունենք ուսուցիչներ որ պետք է մի գյուղից մյուսը տեղափոխվեն, կան ուսուցիչներ, որ քաղաքից պետք է գյուղ գնան: Այպսիսի խնդիրներ կան, բայց ես կդժվարանամ այս պահին պատասխանել այդ հարցին, որովհետև տրանսպորտի համար մենք պատասխանատու չենք: Հարցը բարձրացված է ամենաբարձր մակարդակով, բայց թե ինչ պատասխան կտան, և ինչ ռեսուրսներ կան, չեմ կարող պատասխանել»:
Ի տարբերություն Ստեփանակերտի, փոքր համայնքներում տրանսպորտի խնդիրն առաջնայինը չէ: Փոխարենը, գրենական պարագաների իսպառ բացակայությունն է մտահոգում ծնողներին: Մարտունի քաղաքի բնակիչ Ռիմա Ավագյանի 4 զավակներից 2-ը դպրոցահասակ են:
«Մեծ տղաս 8-րդ դասարան պիտի հաճախի իսկ մյուս տղաս` 1-ին դասարան: Երեխաների համար ոչ մի նորմալ բան գտնել չեմ կարողանում: Գրենական պիտույքներ ընդհանրապես չկան, հագուստն էլ` շատ քիչ քանակի: Պայուսակ էլ չենք կարողացել գտնել»:
Դասաժամերը որոշակիորեն կկրճատվեն` ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Թերսնված երեխաները չեն կարող 45 րոպե դաս անել: Չի լուծվել նաև դասագրքերի բացակայության խնդիրը: Առ այսօր մեկ գիրք անգամ չեն կարողացել բերել:
«ԿԽՄԿ-ն հրաժարվել է: Նունիսկ մեր վկայականներ են հրաժարվել բերել: Գրավոր էլ ենք դիմել ու ոչ մի բան չի արվել մինչ այս պահը: Այսպիսի խնդիրներ կան ու շատ-շատ են դրանք»:
Հակառակ ծնողների մտահոգություններին, մեծ է երեխաների` դպրոց հաճախելու ցանկցությունը: Նրանք կարոտել են իրենց դասերը, ընկերներին ու դասամիջոցներին շոկոլադները կիսելու սովորությունը: Բայց, արդյոք, մայրիկներն այսուհետ ևս կկարողանա՞ն իրենց զավակների դպրոցական պայուսակներում շոկոլադ դնել. այս հարցի պատասխանն իրենք չգիտեն: