Նոյեմբերի 24, 2024

Ստեփանակերտի սանիտարական վիճակը վատթարանում է շրջափակման պայմաններում

By Մարգարիտ Ղուշունց Օգոստոսի 12, 2023

Շրջափակման խորացող հետևանքներն ամեն օր իրենց մաշկի վրա զգում են Ստեփանակերտի բնակիչները։ Քաղաքի կենսագործունեությունը կաթվածահար է եղել հատկապես հունիսի 15-ից հետո։ Ամռան այս տապին Ստեփանակերտը կանգնած է երկու շատ կարևոր խնդրի առաջ՝ ջրամատակարարման անխափան աշխատանք ու աղբահանություն։

 

Շրջափակմամբ պայմանավորված` Ստեփանակերտում այս օրերին կան մի շարք խնդիրներ, թերևս, դրանցից առավել ծանրերից մեկը՝ շուրջօրյա ջուր չունենալն է։ Այն, որ Ստեփանակերտում հնարավոր է ջրանջատումներ լինեն՝ մասնագետները կանխատեսում էին դեռևս ամիսներ առաջ։ Խնդիրն օրերս ավելի շոշափելի դարձավ մայրաքաղաքի որոշ հատվածներում։ Անկանոն ջրանջատումներն անհագստության ալիք բարձրացրին բնակչության շրջանում։ Շուրջօրյա ջրամատակարարման խափանման պատճառների մասին մանրամասներ է հայտնում «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը։

«Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված գետերում ջրի գոլորշիացման մակարդակի աճը, հոսանքի հովհարային անջատումներն ու վառելիքի պակասը, այս երեք գործոնից է կախված շուրջօրյա ջրամատակարարման անխափան աշխատանքը։ Ստեփանակերտ քաղաքում շուրջօրյա ջրամատակարարման 12 գոտիներից 3-ում խնդիր կա՝ ջուրը սակավ է։ 4-րդ ու 5-րդ գոտիները ընդհանուր են, խնդիր կա նաև 9-րդ և 10-րդ գոտիներում, որոնք կազմում են Ստեփանակերտ քաղաքի մոտ 20 տոկոսը։ Թվարկած գոտիներն ամբողջությամբ չեն անջատվում։ Ջրազրկված են գոտիների մոտ 10-15 տոկոսը» ։։

Համեմատելով երեկվա և այսօրվա ջրանջատումները, Գագիկ Պողոսյանը ուրախությամբ նշում է, որ 15 տոկոսով ավելի քիչ անջատումներ կլինեն, քանի որ քիչ քանակությամբ դիզվառելիք են ստացել, ինչը թույլ է տվել որոշ չափով կարգավորել խնդիրը։ Գագիկ Պողոսյանը լիահույս է, որ շուտով կկարողանան վերակագնել մայրաքաղաքի 24-ժամյա ջրամատակարարումը։ Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք գրաֆիկի տեսքով հանրությանը տեղեկացնել առաջիկա ջրանջատումների մասին, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրենը պատասխանում է։

«Շուրջօրյա շրջանցող ցանցի պատճառով հնարավոր չէ ցանցի մի մասն անջատել, մի մասն էլ թողել։ Բացի դրանից,եթե օրվա կարգավորիչ ջրամբարից փականները փակենք , ընդհանուր ցանցը միանգամից դատարկվում է։ Բացելու դեպքում էլ հավաքված ջուրը մնալու է ա ցանցում։ Այսինքն խնդիրը չի վերանալու, միայն «Ջրմուղ-կոյուղի» աշխատակիցների համար հավելյալ խնդիրներ են ստեղծելու»:

Գագիկ Պողոսյանի խոսքով՝ ջրանջատումները կախված են նաև նրանից, թե որքան ջուր կօգտագործեն մեր քաղաքիցները հանգստյան օրերին, երբ բոլորը տանն են։ Բացի 3 գոտիներից, այլ գոտիների անջատումներ դեռ չեն կնախատեսվում։ Ստեփանակերտի բնակիչներին հորդորւմ են խնայողաբար ու ըստ անհրաշժեշտության օգտագործել ջուրն ու ըմբռնումով մոտենանալ խնդրին: Երբեմնի մաքուր, կոկիկ ու օրինակելի քաղաք Ստեփանակերտի այս կամ այն հատվածում , այս օրերին կարելի է հաճախ տեսնել նաև լի աղբամաններ ու աղբակույտեր ։ Ստեփանակերտի փողոցները մաքուր էին նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Երբ ռմնբակոծության ձայները թեկուզ 10 րոպեյով լռում էին, փողոց էին դուրս գալիս սանմաքրում իրականացանող կազմակերպության աշխատակիցները, որոշ թաղամասերում՝ հենց մայրաքաղաքի բնակիչները, ու մաքրում փողոցներն ու աղբահանում իրականացնում։ Արցախի լիակատար շրջափակումից հետո, սակայն, հազվադեպ կարելի է տեսնել կիսամաքուր թաղամասեր, դատարկ աղբամաններ։ Այս օրերին նույնիսկ կարելի է տեսնել շրջված աղբամաններ, գրությամբ. աղբահանում չի կատարվում՝ աղբն աղբարկղ մի գցեք։ Այս գրառման հեղինակներից տիկին Իրա Ստեփանյանը նշում է՝ քայլին ստիպված են գնացել ։

«Աղբամանը հենց մենք ենք շրջել՝ հարևաններով։ Քանի որ աղբահանումը առաջվա նման պարբերաբար չի կատարվում, կողքի թաղամասերից էլ են աղբը բերում այստեղ և տարվա այս շրջանում, երբ 40 աստիճանից բարձր է օդի ջերմաստիճանը, եղած աղբը նեխում է, ահավոր հոտ է գալիս, այն աստիճան, որ նախընտրում են այս տապին պատուհանները պակ պահել, քան այդ օդը շնչել»։

Իրենց տան դիմաց տեղադրած աղբարկղի առկայությունը, սակայն, հիմա չէ, որ անհնագստացնում է շրջակայքում ապրողներին։ Իրա Ստեփանյանը իր և հարևանների անունից վստահեցնում է, որ աղբամանի տեղադրման վայրը նպատակահարմար չէ։

«Աղբամանի տեղադրման հենց առաջին օրը, ես դեմ եմ եղել։ Որովհետև անմիջապես աղբարկղի վերևում բնակելի տան պատուհաններն են, տանն ապրում են 4-5 երեխա, երկու քայլ վերև մանկապարտեզ է, աջ կողմում ՝ անմիջապես հարևանությամբ մսի վաճառքի կետ, դիմացը բանջարեղենի խանութ, կողքին էլ հացի փուռ։ Ես խնդրում եմ համապատասխան մարդիկ գան ստուգեն, տեսնեն արդյոք նպատակահարմար է աղբամանի տեղն այդտեղ»։

Աղբարկղի տեղադրման որոշումը պատահական չէ կայացվել, ասում է «Սանմաքրում» ՀՈԱԿ տնօրեն Եղիշե Մանգասարյանը։ Այն տեղադրվել է հենց տվյալ տարածքի մաքրությունն ապահովելու ու բնակչությանն ավելորդ խնդիրներից ազատելու համար, ասում է։ Այլ հարց է, թե բնակիչները որ տեսանկյունից են նայում խնդրին։

« Հիմնականում այս օրերին, մենք չենք կարողանում մեքենա ուղարկել՝ վառելիքի խնդիր կա, սեփական սեկտորներից աղբը հավաքելու համար, իսկ սեփական սեկտորներն էլ չեն թողնում, որ աղբարկղեր տեղադրենք։ Այդ աղբարկղն էլ իմ որոշմամբ ենք տեղադրել այնտեղ, որովհետև մարդիկ աղբը դնում էին մայթերին, ինչը ավելի վատ արդյունք էր տալիս»։

Եղիշե Մանգասարյանի խոսքով՝ հետամուտ են լինելու խնդրի լուծմանը։ Նույնիսկ պատերազմի ընթացքում, ռմբակոծությունների ու տագնապի ձայների ներքո անդադար աշխատող այս կառույցի տնօրենը ցավով է նշում, որ շրջափակումը դժվար հաղթահարելի խնդիրներ է ստեղծում նրանց համար։ Նշում՝ այս օրերին ինչպես են կազմակերպում աղբահանությունը։

«Եթե դիզվառելիք է լինում ապա չորս մեքենա է աշխատում, մի օր քաղաքի վերևի հատվածի աղբն ենք հավաքում, մի օր՝ ներքևի։ Հիմա շատ դժվար է, չենք հասցնում, եղած ռեսուրսներով չենք կարողանում լիարժեք ապահովել աղբահանումը։ Նախկինում 13 մեքենա էր այդ աշխատանքը կատարում ու աղբահանման ամբողջ գործընթացը ձեռքով է կատարվում»։

Շրջափակման վերացմանը զուգահեռ կվերանան բոլոր խնդիրները, ասում են զրուցկիցներս, պարզապես պետք է ունենալ համբերություն, փոխըմբռնում ու մեկը մյուսի աշխատանքի հանդեպ հարգանք։

Last modified on Շաբաթ, 12 Օգոստոսի 2023 17:06
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ