Լիակատար շրջափակման պայմաններում սննդամթերքի պակասը դժվարություններ է ստեղծում առօրյա կերակրի պատրաստման համար: Նման պայմաններում ավելի է դժվարանում առողջ սննդակարգի պահպանումը: Ստեղծված դժվարությունների և հաղթահարման ուղղությունների վերաբերյալ՝ սննդաբան Գայանե Ղարայանի հետ զրուցել է Սրբուհի Վանյանը:
Գայանե Ղարայանը սննդաբան-ֆիթնես մարզիչ է, չնայած որ նրա անունը ստեփանակերտցիներից շատերի մոտ ասոցացվում է պարարվեստի հետ։ Երկար, տարիներ Գայանեն աշխատել է այդ ոլորտում։ Բայց եկել է մի պահ, որ պարուհի և պարուսույց Գայանե Ղարայանին գործունեության ավելի լայն ու ազատ դաշտ էր պետք ու նա որոշում է կայացրել հիմնել սեփական գործը․ ճիշտ է՝ հիմնական-ավանդական մասնագիտությունից մի փոքր շեղվելով։ Ինչո՞վ է պայմանավորված այդ անցումը, Գայանեն պարզաբանում է․ թերևս պահանջարկով։ Սկզբում պարարվեստից անցավ մարզումների, ապա և՝ սննդաբանությանը։ Սրանք ոլորտներ են, որ շարունակում են իրար, լրացնում գուցե՝ բայց երբեք նույնը չեն, ասում է զրուցակիցս։ Նոր ոլորտում համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ձեռքբերելու անհրաժեշտություն էլ կար, և Գայանեն գնաց այդ ճանապարհով։
Սննդաբանությունը ժամանակակից մասնագիտություն է, այն գիտություն է սնվելու մշակույթի մասին, և ի տարբերություն, ասենք, դիետալոգիայի, հատուկ բժշկական կրթություն չի ենթադրում։ Բայց քանի որ այն սերտորեն առնչվում է մարդու առողջությանը, անպայման մասնագիտական ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթություն պահանջում է։ Գայանեն կարևորում է կրթության շարունակականությունը և տարվա ընթացում 2-3 առցանց դաըսնթացի անպայման գրանցվում է։
Սննդաբանի մասնագիտություն ստանալու համար անշուշտ կան բազմաթիվ առաջարկներ, այդ թվում և առցանց, բայց պետք է հասկանալ, որ ոչ բոլոր դասընթացներն են, որ կարող են սննդաբանության վերաբերյալ լիարժեք գիտելիքներ և հաճախորդի հետ գրագետ շփում ապահովելու երաշխիքներ տրամադրում։ Լավ արդյունք ապահովելու ու հաճախորդի առողջությանը չվնասելու համար կարևոր է, որ այդ գիտելիքները ճիշտ ուղղորդվեն, ճիշտ մեթոդաբանություն կիրառվի։ Աշխատանքը հաճախորդի հետ Գայանեն տանում է անհատապես, և սկսում է անամնեզի տվյալների հավաքագրումից։
Սննդաբան-հրահանգչի, առավել ևս հաճախորդի հետ գրագետ աշխատող,պահանջարկ կա Արցախում, ասում է Գայանեն, և դրա մասին վկայում է նաև այն, որ հաճախորդներն իրենք են ինձ գտնում։ Ողջունելի է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում առողջ ապրելակերպի կարևորությունը, հոգ տանում սեփական առողջության մասին։
Առողջ ապրելակերպն իհարկե ողջունելի է և նույնիսկ՝ անհրաժեշտ, բայց Արցախում այդ ամենին հասնելը իհարկե հեշտ չէ։ Հատկապես եթե հաշվի առնենք շրջափակման պայմաններում առողջ ապրելակերպի մաս կազմող սննդակարգի բաղադրիչների բացակայությունը, սթրեսը, մարդկանց հոգեբանական վիճակը և բազմաթիվ այլ գործոններ։ Հեշտ չէ, ասում է Գայանեն, նման պայմաններում աշխատելը։
Հեշտ չէ, բայց ոչ անհնար, հատկապես ամառային շրջանում, երբ կարելի է օգտակար ու էկոլոգիապես մաքուր սնունդ գտնել արցախյան գյուղերում։ Իսկ դժվարությունները Գայանեն հաղթահարելի է համարում, եթե կա կամք և սեփական առողջության նկատմամբ հոգ տանելու ցանկություն։