Նոյեմբերի 21, 2024

«Սթար սթայլ»-ը հագուստ է կարում դպրոցականների համար

By Մարգարիտա Ղուշունց Օգոստոսի 25, 2023

Ուսումնական տարվան ընդառաջ, գրենական պիտույքի ձեռքբերման խնդիրներից զատ, ծնողները շրջափակված Արցախում բախվում են նաև, ոչ պակաս կարևոր՝ հագուստի խնդրին։ Որտեղից ձեռք բերել համապատասխան հագուստ, քչերին է հայտնի։ Ստեփանակերտում գործող «Սթար սթայլ» կարի արտադրամասն այս օրերին սկսել է դպրոցական համազգեստներ կարել։ Մարգարիտա Ղուշունցն է այցելել արտադրամաս և ծանոթացել դրա աշխատանքներին:

Մասնագիտությամբ տնտեսագետ, այսօր արդեն դերձակ Աստղիկ Պետրոսյանը 2022-թվականին է բացել «Սթար սթայլ» (Star Style) կարի արտադրամասը։ Այստեղ կողք-կողքի շարված կարի մեքենաներն աշխատում են միայն հայկական հումքից արտադրանք թողարկելու համար։ Սեփական կարի արտադրամաս ունենալու գաղափարը վաղուց հանգիստ չէր տալիս, կիսակատակ-կիսալուրջ ասում է Աստղիկը։

«Արտադրամաս բացելու գաղփարի իրագործումն ավելի պահանջված դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Ես հասկացա, որ մենք գնելով թուրքական ապրանք ավելի շատ ուժեղացնում ենք թշնամուն տնտեսությունը։ Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը և տանք սեփական արտադրանք։ «Ո՛չ» ասենք թուրքական ապրանքին»։

Աստղիկը մինչև արտադրամաս բացելը փորձել է սեփական միջոցներով, տնային պայմաններում հագուստ կարել։ Սեփական արտադրության առաջին զգեստների հաջող վաճառքն ավելի է ոգեշնչել նրան՝ իրագործելու գաղափարը։ Մեծ գործ սկսելու համար նախ պետք էր լուծել ֆինասական խնդիրները՝ ասում է։

«Քանի որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում կասեցված էր վարկերի տրամադրումը, ես դիմել եմ բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոնին։ Ստացել եմ ֆինասական աջակցությունը և 2022-ի փետրվարի 2-ին արդեն բացել կարի արտադրամասը»։

Սկզբնական շրջանում երկու դերձակ էր աշխատում, հետո արդեն` աշխատակիցներն ավելացան, սակայն Արցախի շրջափակումն ազդեց թե՛ աշխատողների քանակի, թե՛` արտադրանքի վրա։ «Սթար սթայլ»-ում այս օրերին հիմնականում դպրոցական հագուստի պատվերներ են ստանում։ Սովորաբար փորձում են աշխատել օրվա բոլորն ժամերին` պատվերները ժամանակին ավարտելու համար։ Սակայն խնդիրները շատ են՝ ասում է։

«Բացի տեղական շուկայից, մեր արտադրանքն իրացվում էր նաև Արցախի սահմաններից դուրս։ Սակայն շրջափակման հետևանքով շատ պատվերներ չկարողացանք հասցնել Երևան։ Հումքի խնդիր կա, մեծամասամբ ներկրում էինք Հայաստանից։ Հիմա այստեղից ենք գնում, ինչն էլ ազդում է արդեն պատրաստի ապրանքի գնի վրա։ Սկզբնական շրջանում կանացի հագուստ էինք կարում, հիմա արդեն նաև երեխաների համար ենք հագուստ կարում՝ հատկապես դպրոցական»։

«Սթար սթայլ»-ում նաև պայուսակներ են կարում։ Պահանջարկը մեծ է՝ ասում է Աստղիկ Պետրոսյանը, ցանկությունը տեսականին ընդլայնելու` ավելի մեծ, շրջափակումն է խանգարում։ Հույս ունի` Ստեփանակերտում արտադրված հագուստն ու պայուսակները շուտով կհայտնվեն աշխարհի տարբեր կետերի հանրաճանաչ խանութների ցուցափեղկերում։

Last modified on Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023 19:42
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ