Արդեն 11 տարի է՝ Արցախում հունվարի 20-ը նշվում է որպես դատական համակարգի աշխատողի օր։
Օրվան նվիրված միջոցառումը մեկնարկեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից, որտեղ ազատության համար իրենց կյանքը նահատակած հայորդիների շարքում էր նաև Արցախի դատական համակարգի աշխատակից Դավիթ Պետրոսյանը: Դատական համակարգի աշխատողները իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհված տղաներին, այնուհետև մասնակցել դատարանի նոր մասնաշենքում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, վաստակավոր դատավորներ, աշխատակիցներ՝ տեղեկանում ենք համակարգի պաշտոնական հաղորդագրությունից:
Դատական համակարգի աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրել է ԱՀ վերաքննիչ դատարանի նախագահ Արսեն Հայրապետյանին, նույն դատարանի դատավոր Մարատ Ավանեսյանին եւ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Ավանեսյանին:
Մասնագիտական տոնի կապակցությամբ 7 դատական ծառայողի շնորհվել է ավելի բարձր դասային աստիճան, իսկ համակարգի մի խումբ աշխատակիցներ խրախուսվել են դրամական պարգեւներով: Մասնագիտական տոնը շնորհավորել է նաեւ ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը․
«Հետպատերազմական Արցախում աշխատեց դատական համակարգը, աշխատեց կայուն եւ ռիթմիկ, եւ դա իրականացվել է մեր բոլորի շնորհիվ։ Բոլորս քաջ գիտակցելով ինչ է դրված Արցախի Հանրապետությունում ապրող ցանկացած քաղաքացու ուսերին եւ ինչ պատասխանատվություն է այսօր այստեղ ապրելը եւ արժանի լինելը երկնային վաշտի բոլոր մարտիկների հիշատակին՝ աշխատեցինք գործել այնպես, որ ամոթով չմնանք ինքներս նախեւառաջ մեր առջեւ», - նշել է Գայանե Գրիգորյանը: