Նոյեմբերի 22, 2024

Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում կարանտին է հայտարարվել

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 08, 2022
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի վարակելիությունը, նախորդների համեմատ 70 անգամ ավելի մեծ է՝ ասում է ԱՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը և թվարկում նոր շտամի ախտանիշները: 
«Ջերմություն 37.5 աստիճան ու բարձր, չոր հազ, մկանային ու հոդային ցավեր, կոկորդի ցավ։  Նախորդ շտամների հետ մասնավորապես  դելտա շտամի հետ համեմատած, այս շտամն ավելի մեղմ է արտահայտվում հիվանդների մոտ և հիվանդները համեմատաբար շուտ են ապաքինվում: Վարակից մահացության և հոսպիտալացման թվերը քիչ են, բայց շտամն արագ բազմանում և տարածվում է»:
 
 Համաձայն Արցախի Հարապետության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի» տվյալների  Արցախում 2022 թվականին կատարվել է 3325 թեստավորում, գրանցվել  Covid-19-ի 676 դեպք: Կոնտրոնի տնօրեն Օֆելյա Գրիգորյանի խոսքով հունվարին համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն էր:
 «Փետրվարի հենց առաջին օրերից թագավարակի նոր ալիք բարձրացավ և մենք արդեն փաստում ենք, որ   թեստավորվածների   50 տոկոսից ավելին վարակակիր են: Օմիկրոն շտամը, փառք Աստծո, ընթանում է ոչ այնքան ծանր: Շտամով վարակման դեպքեր ամենաշատը գրանցվում են երեխաների մոտ»:
 
 Նոր շտամի յուրահատկությունները ռիսկի տակ է դնում հատկապես կրթության ոլորտի   գործունեությունը: Հանրապետության կրթական հաստատություններում համաճարակային իրավիճակը    Օֆելյա Հարությունյանն է ներկայացնում․ «Այսօրվա դրությամբ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում բացակաների թիվը կազմում է 18,4 տոկոս,որից  հիվանդության պատճառով՝  7 տոկոս: Ստեփանակերտի մանկապարտեզներում բացակաների թիվն ավելի  շատ է՝ 32 տոկոս, հիվանդության պատճառով՝ 5,1 տոկոս: Շրջաններում դպրոցականների բացակաները հիվանդության պատճառով կազմում են 7 տոկոս, մանկապարտեզներում՝ 15 տոկոս»: Ստեփանակերտի համար 4, համար 9 և համար 12 դրպոցներում դեռևս սահմանված կարանտին չկա: 
 
«Մյուս  դպրոցներում ունենք սահմանված կարանտին։ Դպրոցներ կան, որտեղ մեկ դասարան է փակ: Եթե դասարանում գրանցվում է վարակման մեկ դեպք, բոլոր կոնտակտավորները անցնում են տնային մեկուսացման 14 օր ժամկետով։  Դասապարապմունքներն  անցնում են օնլայն ռեժիմի»:
 
  Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարարի հետ Անահիտ Հակոբյանն  «Արցախ» լրատվականի հետ  օնլայն դասապարապմունքների մասին իր դիրքորոշումն է հայտնել:
 
 «Ստեփանակերտի համար 3 դպրոցում վարակը համեմատաբար  ավելի շատ է տարածվել, դա կարող է  շարունակական լինել նաև մյուս դպրոցների համար: Որոշ  սահմանափակումներով մենք պետք է շարունակենք մեր ուսուցումը առկա ուսումնական գործընթացի պայմաններում»:
 
 Համաճարակի ու, հատկապես, նոր շտամի տարածումը կանխելու և վարակի ծանր ելքից խուսափելու համար մասնագետները հորդորում են պատվաստել և հետևել հակահամաճարակային կանոններին:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ