Նոյեմբերի 23, 2024

Թաղավարդում ադրբեջանական սադրանքներին պատասխանել են ռուս խաղաղապահները

By Վիկտորյա Սարգսյան Մարտի 14, 2022

Թաղավարդում ռուս խաղաղապահները  պատասխանել են ադրբեջանցիների հերթական սադրանքներին: Հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով կոչ  է  արվում  զերծ մնալ սադրանքներից և չխախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներում իրադրությունը հանգստյան օրերին և այսօր համեմատաբար հանգիստ է եղել: Բայց այսօր առավոտյան Թաղավարդում կրկին հնչել է հայտնի ձայնագրությունը: Համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանն է մանրամասնում:

Վերջին օրերին հանգիստ է եղել: 2-3 օր առաջ են ակտիվ խախտել հրադադարի ռեժիմը՝ հրազենային զինատեսակներով: Ձայնագրություններ են միացրել՝ իրենց աղոթքները և սպառնալիքներ: Այսօր էլ ռուս խաղաղապահներն են պատասխանել՝ կոչ անելով զերծ մնալ սադրանքներից:

Այս պահին բնակիչների համար գլխավորը իրենց անվտանգության հարցն է: Կարմիր  շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթայանի խոսքով՝ ադրբեջանական վերջին սադրանքների արդյունքում գյուղում մի քանի տան տանիք է վնասվել: Բայց, այստեղ նույնպես, վերջին օրերին իրավիճակը հանգիստ էր:

Վերջին 2 օրը ընդհանրապես չեն կրակել:

 Այն մասին, որ խուճապ չկա, շատ ենք լսել: Բայց տեղում շփվելով բնակիչների հետ համոզվում ենք:

Վախ չկա: Եթե անգամ վախենանք էլ, ուրիշ գնալու տեղ չունենք: Օտար երկիր գնալ չենք ուզում, սա է մեր հողը: Բայց երեխաները, իհարկե, վախենում են: 

Թաղավարդի բնակիչ Մարետա Հովսեփյանն է: Մի քիչ դժվարությամբ է խոսում, բայց կարևոր կոչ ունի՝ պետք է միասնական լինենք: Որդին նոր է վերադարձել ՌԴ-ից: Մի քանի ամսից կզորակոչվի բանակ՝ հայրենքին պարտքը տալու:Չնայած վատ եղանակին, գյուղամիջյան ճանապարհները մարդաշատ էին: Մեր այցից որոշ ժամանակ առաջ էին ռուս խաղաղապահները միացրել իրենց ձայնագրությունները:14-ամյա Հրայրը պատմում է, որ ամեն անգամ կրակոցներ կամ ձայնագրություններ լսելուց, ընկերներով շտապում են պարզելու՝ թե այն  գյուղի որ մասից է գալիս:

Դուրս են գալիս տեսնենք, թե որտեղից են գալիս ձայները, ինչեր են խոսում: 

75-ամյա Սիլվա տատիկը իրենց բակում սագերին էր կերակրում: Թոռներից մեկը ժամկետային զինծառայող է: Եթե թոռը սահմանին է, ինքն այստեղ ապահով է զգում: Բայց զգնությունը չեն կորցնում: Նենգ թշնամուց ամեն ինչ սպասելի է:

Մեր գյուղից, մեր տնից որտե՞ղ գնանք: Երբ ձայները լսում ենք, դուռը փակում, նստում ենք տանը: Ուրիշ գնալու տեղ չունենք: 

Կարմիր շուկայում ու Թաղավարդում  նույնպես նորություններ են կարդում, հետևում սոցցանցերին։ Իրենց մասին շատ են գրում, ճիշտ է։ Բայց այստեղ ավելի շատ հյուրերի համար են ուրախ։ Ամենազարմանալին այն է, որ թշնամու քթի տակ ապրող  սահմանային այս գյուղերից դու վերադառնում ես լցված լավատեսությամբ ու ապագայի հանդեպ հավատով։ 

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 14 Մարտի 2022 16:17
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ