Նոյեմբերի 24, 2024

Ռուսական խաղաղապահ զորակազմը վերատեղակայվելու է նոր երթուղու գործարկումից հետո․ ԱՀ ԱԽ

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 18, 2022

Քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, ռուս խաղաղապահները Լաչինի գործող միջանցքից չեն տեղաշարժվի անգամ մեկ սանտիմերտ՝  հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:    

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն ժամանակ, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ»: 

Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը և ու՞մ միջև է այն ձեռք բերվել՝ ռուս դիվանագետը չի մանրամասնել: Միայն ընդգծել է, որ կան պայմանավորվածություններ և, որ կողմերն ուղիղ կապի մեջ են։ Արդյոք, փոխվե՞լ է միջանցքի տեղափոխման վերջնաժամկետը, գործելու՞ է, արդյոք, 4 կմ երկարությամբ հողային ճանապարհը, այնտեղ տեղակայվելու՞ են ռուս խաղաղապահները, թե՞ շարունակելու ենք օգտվել ներկայիս Ստեփանակերտ-Գորիս մայրուղուց։ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը հաստատեց Սելեզնյովի խոսքը․ ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն նոր երթուղում՝ այն գործարկվելու դեպքում։ Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին՝ խոսքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածություններին է վերաբերում՝ հայտնել են ԱԽ գրասենյակից։   «Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանվում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցումից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ըստ այդմ, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը վերատեղակայվելու է Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու գործարկումից հետո»,- նշված է Անվտանգության խորհրդի մեկանբանության մեջ: Ռուս դիվանագետն ասել է  նաև, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն անում է առավելագույնը՝ իր լիազորությունների ու մանդատի շրջանակներում, որպեսզի ետ պահի քաղաքացիական բնակչությանը պատերազմի սարսափներից։ 

«Հասկանում եք՝ ռուսաստանցի խաղաղապահներն անում են առավելագույնը, ինչ իրենց մանդատը թույլ է տալիս։ Ինձ դժվար է ինչ-որ բան ավելացնել նրան, ինչ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտից իմ գործընկերը։ Ցանկալի կլիներ, որպեսզի զսպվածություն լիներ՝ բոլոր կողմերից և ադրբեջանական զորքերի կողմից։ Գլխավորն այն է, որ հայկական հանրությունը, Երևանում ու Ստեփանակերտում պետք է բոլորը հասկանան, որ ռուս խաղաղապահ զորախումբը իր կարողության առավելագույնն է անում, որպեսզի առավելագույնը ետ պահի քաղաքացիական բնակչությանը պատերազմի սարսափներից»: 

Ի՞նչ է ենթադրում այդ մանդատը և ո՞րն է դրա առավելագույնը

Եթե մանդատը թույլ չի տալիս լիարժեք անվտանգություն ապահովել, ապա ո՞րն է Արցախի բնակչության անվտանգության երաշխիքը:   «Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և անվտանգային իրադրության պայմաններում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական խաղաղապահ զորակազմի առկայությունը առանցքային նշանակություն ունի,- պատասխանել են Անվտանգության խորհրդի գրասենյակից:   

«Արցախի Հանրապետության իշխանությունների և խաղաղապահ զորակազմի սերտ համագործակցության շնորհիվ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»: 

 Սելեզնյովը փոխանցել է նաև, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռուսաստանյան խաղաղապահ զորակազմն Արցախում, եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան այդ հարցում։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ադրբեջանական Haqqin.az  լրատվամիջոցի թիմը, խմբագիր Էյնուլա  Ֆաթուլաևի գլխավորությամբ օրերս եղել է Աղավնոյում․ թիմն այնտեղ ուղեկցվել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։ «Արցախ» լրատվականը խնդրել է մեկնաբանել նաև այս տեղեկատվությունը։

«Նշված հարցի կապակցությամբ արդեն իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից իրազեկվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, միևնույն ժամանակ՝ պահանջելով չթույլատրել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցերն առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և ռուսական խաղաղապահ զորակազմի հետ նախապես համաձայնեցման»,- նշել են ԱԽ գրասենյակից:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022 16:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ