Նոյեմբերի 23, 2024

Որքանո՞վ են համընկնում ՌԴ և ԵՄ տեսակետները Լաչինի միջանցքի ռեժիմի հարցում

By Դավիթ Եղիազարյան Մարտի 09, 2023

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ Բերձորի միջանցքում «թափանցիկության ապահովվման համար կա մի քանի տարբերակ, որոնցից է, օրինակ, այն, որ ռուսներն անցակետում ունենան հավելյալ սարքավորումներ, որպեսզի կարողանան ավելի լավ ստուգել՝ ինչ է ներս մտնում, և ինչ է դուրս գալիս»։ Դրանից շուրջ 10 օր առաջ նման մի հայտարարություն արել էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ կրկին Բաքվում։«Լաչինի միջանցքի գործարկման ռեժիմը պետք է համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ապահովել ճանապարհով քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժը։ Հենց դրան էլ փորձում ենք հասնել մեր շփումներում, նախևառաջ՝ խաղաղապահ զորախմբի գծով: Անցակետերի ստեղծում հայտարարությամբ նախատեսված չէ, սակայն կան տեխնիկական միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է վերացնել այն մտահոգությունները, թե միջանցքը չի ծառայում իր նպատակներին»։ Արդյոք դա նշանակում է, թե Բերձորի միջանցքի հարցում Եվրամիության ու Ռուսաստանի միջև կոնսենսուս է ձևավորվել։ Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն է մեկնաբանում․

«Ես չեմ կարծում, թե կա կոնսենսուս։ Ես դժվար թե կարող եմ պատկերացնել, որ ռուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ պահին, և ես կարծում եմ որոշիչ փուլից առաջ այդ կողմերը կարողանան և ժամանակ ունենան իրար հետ քննարկել Հարավային Կովկասի իրադրությունը»։

Քաղաքագետը կարծում է, որ Եվրոպական Միության դիրքորոշումը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ դրա առանձին անդամներ մեծապես կախված են ադրբեջանական գազի ներկրումներից․

«Եվրամիության մեջ կան տարբեր շահեր, իհարկե, և կա, վերջիվերջո, նավթագազային շահը, որը որոշիչ չէ, բայց ազդեցիկ է։ Իտալիայի նման երկրի կախվածությունն ադրբեջանական գազից, ինչ-որ չափով, չի կարող չազդել Եվրոպական Միության ընդհանրական դիրքորոշման վրա։ Սակայն պետք չէ պատկերացնել այնպես, որ Եվրամիությունը բացասաբար է տրամադրված և որևէ այլ կերպ է տեսնում ընդհանուր որոշումը, քան Միացյալ Նահանգները։ Պարզապես խաղաղության հասնելու համար պետք է Ադրբեջանի վրա իսկապես լուրջ ճնշումներ գործադրվեն, իսկ եվրոպական քաղաքականության ընկալումն այնպիսին է, որ ցանկալի չեն այդպիսի ճնշումները»։

Արդյոք դա հավաքական Արևմուտքի մոտեցումն է հարցին, չէ՞ որ արցախյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Բաքվի գործողություններին Ամերիկայի Միացյալ Նահանգների գնահատականներն ավելի հասցեական են թվում, քան Եվրոպական Միությանը։

«Արևմուտքին ընդհանրացնելը, իհարկե, որոշակի հնարք է, որը տեղ-տեղ կարող է աշխատել, բայց շատ անգամ այնքան էլ արդյունավետ չէ, և այդպիսի դեպքերը շատ են նաև մեր խնդրի հետ կապված, Արցախի խնդրի հետ կապված։ Օրինակ, եթե նկատենք ամերիկյան կողմը՝ Բոնոն, նշանակված ԱՄՆ-ի նախագահի կողմից, և այլ դեպքերում, գնահատականները շատ ավելի տեղին են լինում, քան Կլաարի գնահատականները»։

Բերձորի միջանցքում վերահսկողության բարձրացման և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման հարցով, ըստ Արմեն Հովհաննիսյանի, առավել հետաքրքրված են տարածաշրջանային գերտերությունները, քան հենց Ադրբեջանը․

«Միջանցքը կենսական նշանակություն ունի հենց առաջին հերթին Ռուսաստանի համար, ոչ՝ Ադրբեջանի։ Որովհետև պարզ է, որ անկախ ռուս-ուկրաինական պատերազմի կոնկրետ արդյունքներից, Արևմուտքի հետ հարաբերությունները վատթարանալու են շատ երկար պատմական ժամանակով։ Եվ այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին ռուսների կողմից վերահսկվող միջանցքը կարող է կյանքի ճանապարհ հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության համար։ Իսկ Թուրքիայի համար ռուսների և  Արևմուտքի խնդիրների, փոխադարձ խնդիրների վրա կապիտալ հավաքելու, այդ թվում՝ նաև ֆինանսական կապիտալ և քաղաքական, լավ միջոց է»։

Կլաարը նաև նշել է, որ Բերձորի միջանցքի և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ճանապարհի հարցերն իրարից տարբեր են։ Քաղաքագետը նշում է, որ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի որևէ համեմատություն Բերձորի միջանցքի հետ չի կարող որևէ հիմք ունենալ, քանի որ Նախիջևանն, ի տարբերություն Արցախի, շրջափակման վտանգի առջև կանգնած չէ։ Եվ ոչ միայն այդ պատճառով։

«Ինչու չի կարելի դնել հավասարություն։ Լաչինի միջանցքի կարգավիճակը հաստատված է ՄԱԿ մակարդակով, այսինքն՝ հիշատակումներ կան, և այն պայմանավորված է հումանիտար խնդրով, որովհետև այնտեղի հայությունը, այլ կերպ ասած, օբյեկտիվորեն հայտնվում է բլոկադայի մեջ և էթնիկ զտման շեմին է կանգնելու։ Նախիջևանում նույնիսկ մոտավորապես այդպիսի խնդիր չկա։ Նախիջևանը բլոկադայի մեջ չէ։ Նախիջևանն ազատ շփում ունի, ազատ սահմաններ ունի երկու երկրի հետ, բացի Հայաստանից, և որևէ այդպիսի խնդիրներ, օրինակ, Իրանի տարածքով այնտեղ կապվելու, չկան։ Այսինքն՝ հրամցնել դրանք որպես հավասարազոր լուծումներ չի ստացվում։ Ոչ միայն բարդ է, այլ նաև տեսնում ենք, որ միջազգային հանրությունն այդ պահանջները չի ընդունում»։

Բերձորի միջանցքում անցակետերի տեղադրման և Հայաստանի տարածքով միջանցքի բացման հարցում Ադրբեջանը բացահայտ շտապողականություն է ցուցաբերում։ Արդյոք ՀՀ իշխանությունները կկարողանա՞ն արդյունավետորեն դիմակայել և հակազդել Ադրբեջանի ծավալապաշտությանը՝ արագ, բայց առանց շտապողականության։

Last modified on Հինգշաբթի, 09 Մարտի 2023 15:22
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ