Նոյեմբերի 24, 2024

Արցախում՝ Արցախի շուրջ: Սամվել Բաբայանը հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ

By Վիկտորյա Սարգսյան Հոկտեմբերի 06, 2022

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակը մարդաշատ էր․ Սամվել Բաբայանի հետ հանդիպումը սպասված էր շատերի համար։ Ռազմական գործիչը նախ հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Ղարաբաղի հիմնախնդրի լուծման իր տեսլականը՝ գործնական լուծումների առաջարկներով։ Ըստ նրա՝ խնդիրն, առաջին հերթին, իրավական լուծում է պահանջում։ 

«Մենք պետք է գնանք, առաջին հերթին, իրավական ճանապարհով, որովհետև Արցախը անկախության օրվանից ունեցել է բոլոր իրավունքներն ու փաստերը անկախ գործելու համար։ Բայց այս 30 տարվա ընթացքում մենք չենք օգտագործել այդ հնարավորությունները, ինչը մեծ բացթողում է։ Սովետական Միությունից դուրս ենք եկել, հանրաքվեի միջոցով  հռչակել ենք անկախ պետություն, բայց դրանից հետո որևէ քայլ չենք կատարել՝ այն իրացնելու իրավական դաշտում։ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս և չի կարող լինել»:

 Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի և ոչ ոք չի կարող նրանից խլել այդ իրավունքը՝ ասում է Սամվել Բաբայանը։ Բանակի հզորացման իր ծրագրերի մասին ռազմական գործիչը շատ է խոսել։ Երեկ էլ հիշեցրեց․ պետք է ունենալ պրոֆեսիոնալ և մարտունակ պաշտպանական համակարգ։ 

«Այդ իրավունքը ոչ մեկ չի կարող խլել ժողովրդից։ Այդպիսի բան գոյություն չունի։ Այսօր մոբիլիզացիաներով երկիր չեն պաշտպանում։ Պետք է ունենալ պրոֆեսիոնալ բանակ։ Զինծառայողը աշխատավարձ է ստանում և պատրաստ է ցանկացած առաջադրանք լուծելու»։

 Վերջին օրերին ակտիվ քննարկվում են Ստեփանակերտ- Բաքու երկխոսության հնարավորությունները։ Սամվել Բաբայանը նույնպես կողմ է այս տեսակետին։ Սա խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու միակ տարբերակն է։ 

«Ես ուզում եմ մեսիջ հղել Ադրբեջանին, որ նստեն բանակցությունների Ստեփանակերտի հետ։ Պետք է խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով և չտանել նոր արյունահեղությունների։ Հակառակ դեպքում՝ լինելու են նոր պատերազմներ՝ 3 տարի հետո, թե 5՝ չգիտեմ։ Բայց մենք այսօր պետք է անհապաղ լուծենք մեր անվտանգային խնդիրները։ Ժողովուրդը պետք է անվտանգ լինի»։

 Սամվել Բաբայանը միավորվելու կոչ-խնդրանքով դիմել է Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին և Հանրապետության գործող  նախագահ Արայիկ Հարությունյանին։ Առաջարկել է հոկտեմբերի 9-ին հանդիպել Ստեփանակերտում՝ քննարկելու երկրի շուրջ ստեղծված իրավիճակն ու համատեղ ուժերով փնտրել հնարավոր ելքերը։ Հանդիպմանը Սամվել Բաբայանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 07 Հոկտեմբերի 2022 07:28
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ