Նոյեմբերի 23, 2024

Ելքեր կան․ Սամվել Բաբայանը իր տեսլականն է ներկայացնում

By Սրբուհի Վանյան Մայիսի 09, 2023

Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի ու Արցախի առջև նոր մարտահրավերներ ու խնդիրներ են ծագել։ Ադրբեջանն օրեցօր ավելի է սեղմում օղակն Արցախի շուրջ։ Հիմա հասել ենք նրան, որ արդեն 5 ամիս Արցախը տոտալ շրջափակման մեջ է, և ադրբեջանական անցակետ է տեղադրվել Հակարիի կամրջի վրա՝ վերահսկելու համար Արցախի ուղևորա և բեռնափոխադրումները։ Կա՞ արդյոք ելք՝ ստեղծված իրավիճակից, ո՞րն է այն՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս իրավիճակից ելքի՝ իր տեսլականն է ներկայացնում։ 

«Այդ ելքերը կան ու ես ներկայացրել եմ 5 կետից բաղկացած առաջարկ, որն իրագործելու դեպքում իրավիճակը կարող ենք հաղթահարել։ Ճանապարհն ուժեղանալու, սոցիալական խնդիրները լուծելու ու դեմոգրաֆիական վիճակը բարելավելու մեջ է։ Ես դրան հասնելու ճանապարհային քարտեզ ունեմ»։

 Սամվել Բաբայանի կարծիքով, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ամենակարևորը Արցախի անվտանգության խնդիրներն են։ Ռուսական խաղաղապահները, տեսնում ենք, լիարժեք երաշխիքներ չեն տալիս, մենք բավարար ռեսուրս կարծես թե չունենք․ ինչպե՞ս և ո՞վ պետք է պաշտպանի մեզ։ Ի՞նչ ռեսուրսներով։ Խնդրի լուծումը՝ երկրի պաշտպանությունը պրոֆեսիոնալ բանակի միջոցով կազմակերպելն է՝ ԱՀ ՊԲ նախկին հրամանատարի համոզմունքն է։ 

«Անհապաղ պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի, պետք է պաշտպանված լինենք, անկախություն պահանջող, անկախ ապրող ցանկացած ժողովուրդ պետք է իրեն պաշտպանել կարողանա։ Իսկ մենք ռեֆերենդում ենք արել ու հռչակագիր ընդունել՝ անկախոթւյան մասին»։

 Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման մեջ այս ընթացքում մեղադրանքներ են հնչել և սեփական իշխանությունների, և Լաչինի միջանքի համար պատասխանատվություն ստանձնած ռուս խաղաղապահների հասցեին։ Ինչո՞ւ, ինչպե՞ս փակվեց ճանապարհը, և որ՞ոնք պիտի լինեն մեր գործնական քայլերը՝ այն բացելու ուղղությամբ։ Որոշակի քայլեր թե միջազգային ատյաններում, թե տարատեսակ ակցիաների ձևով, կատարվում են, բայց բավարա՞ր են արդյոք դրանք։ Սամվել Բաբայանը գտնում է՝ Ադրբեջանի հետ պետք է բանակցել․ ՌԴ միջնորդությամբ, թե առանց՝ դա քաղաքական որոշման հարց է, ասում է։ 

«Պետք է կառուցել ճանապարհը մինչև Ստեփականերտ, բոլոր ենթակառուցվածքներով։ Միջազգային ատյաններում ճիշտ աշխատանք տանել, ներկայացնելով Ադրբեջանի կողմից կատարված օրինախախտումները, հստակ պահանջներ ներկայցնելով և ուժեղացնելով ճնշումն Ադրբեջանի վրա։ Աշխատենք նաև տեղում․ հույսը չպետք է կորցնենք»։ 

Հայկական շահը հիմա անպաշտպան է, Հայաստանն ու Արցախը՝ մենակ։ Սամվել Բաբայանի կարծիքով, աշխարհը մենակ ուժեղների հետ է հաշվի նստում, և դիվանագիտական հաջողությունների հասնելու ճանապարհը ուժ ունենալն է։ 

«Աշխարհը ուժի վրա է հիմնաված, և մենք պետք է սա լավ գիտակցենք, իրար լսենք, որպեսզի հույս ու հավատը վերականգնենք ու պաշտպանված զգանք»։

«Ղարաբաղը անկախ պետություն է։ Հանրաքվե է արել, հռչակագիր է ընդունել և որևիցե մեկը՝ ես, Նիկոլ Փաշինյանը կամ մեկ ուրիշը, իրավունք չունի Արցախի անունից խոսելու, պլանկան իջեցնելու»․ բազմիցս այսպես է արտահայտվել Սամվել Բաբայանը։ Հիմա էլ պնդում է՝ Արցախի անկախությւոնն այլընտրանք ունենալ չի կարող, մենք կամ անկախ ենք, կամ այստեղ չենք ապրում։ Դրան հասնել հնարավոր է, ասում է, մատնացույց անելով իր կողմից ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությւոններին ներկայցրած իր ծրագրի առկայության փաստին։ Սամվել Բաբաբյանն ասում է, որ Արցախն այս իրավիճակից հանելու քաղաքական հայտ է ներկայացնում։ Եվ իր քաղաքական ակտիվությւոնը հանրությանն այդ մասին իրազեկելն է։ Կվստահե՞ն, կիրականացնի, ապացուցելու որ կարող է իր խոսքը գործի վերածել, չէ՝ ցտեսություն եմ ասելու ու գնամ, եզրափակում է։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 09 Մայիսի 2023 16:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ