Նոյեմբերի 23, 2024

ԼՂՀ անկախության հռչակման իրավական հիմքերը անխոցելի են, բայց խնդրի կարգավորումը ռազմաքաղական դաշտում է

By Վիկտորյա Սարգսյան Հոկտեմբերի 14, 2022
ԽՍՀՄ միավորները, այդ թվում՝ ինքնավար մարզերը, իրավունք ունեն ինքնորոշման իրավունքի հիման վրա առանձնանալ և ստեղծել առանձին պետություն․ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ օրենսդրության այս կետի համաձայն է սեպտեմբերի 2-ին հռչակել    իր ակախությունը,  հետո հանրաքվեով ամրագրել այն։ Մինչ այդ 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանն է անկախություն հռչակել՝ իրեն հայտարարելով 1918թ․ ստեղծված Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ, որի կազմում, ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղ չի եղել։ Վերջերս իր բոլոր հանդիպումներում այս փաստերի մասին է խոսում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նշում՝ կան բոլոր իրավական հիմքերն ու մեխանիզմները՝ դիմելու ՄԱԿ-ի միջազգային դատարական՝  իրավական ճանապարհով անկախության ճանաչման հասնելու  համար։ Այս ամենին Սամվել Բաբայանն անդրադարձել է նաև Հանրային հեռուստատեսության եթերում։ 
 
«Արցախը պետք է մտնի միջազգային դատարան։ Մենք ունենք բոլոր իրավական փաստաթղթերը, և դրանք անխոցելի են։ Սովետական միության Սահմանադրությունով մենք դուրս ենք եկել Ադրբեջանի սովետմիությունից։ ԽՍՀՄ Սահնամադրությունում կա մի հստակ կետ, որ, եթե ցանկացած միավոր դուրս է գալիս Միության կազմից, նրա կազմում գտնվող ինքնավար միավորները նույն ձև իրավունք ունեն դուրս գալ այդ տարածքից։ Մենք դա արել ենք։ Իսկ Ադրբեջանը 1991թ․ անկախության հռչակագիրն ընդունելուց հետո իր Սահմանադրությունում դրել է 1918թ․ օրենսդրական բազան։ Հարց է ծագում՝ մենք ո՞ր թվականին ենք Ադրբեջամի կազմ մտել։ 1921 թվականին հունիսի 5-ին և այդ փաստաթղթերը մենք նույնպես ունենք։ Հիմա՝ Ադրբեջանը ո՞նց է Ղարաբաղը համարում իր մի մասը»։ 
 
Աժ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզման հիմքերը և միջազգային տարբեր փաստաթղթերը հիմք են տալիս պնդելու, որ Արցախը չի կարող լինել Արդբեջանի կազմում և Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի։ 
 
«Բոլոր միջազգային իրավանորմերով Արցախի Հանրապետությունը ստեղծվել է նույն իրավազորությամբ, ինչպես Ադրբեջանի Հանրապետությունը։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից նաև այդ սկզբունքը ընդունվեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ավելի բարձր է, քան  տարածքային ամբողջականությունը։ Տվյալ դեպքում, եթե Կոսովոյի օրինակը վերցնենք, հենց նույն իրավիճակն է»։ 
 
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԼՂՀ հռչակման ու կայացման գործընթացի ժամանակ հայկական կողմը պահպանել է տվյալ ժամանակահատվածի օրենսդրության բոլոր տարրերը՝ իրավական տեսանկյունից անխոցելի դարձնելով արցախահայության ինքնորոշման իրավունքի համար սկսված պայքարը՝ ասում է միջազգային  իրավունքի մասնագետ  Նորայր Նորիկյանը: Իրավաբանն արձանագրում է՝ հետխորհրդային տարածքում ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև բռնկված հակամարտությունը այլ հակամարտություններից տարբերվել է նրանով, որ ամբողջապես իրականացվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա։ 
 
«Մասնավորապես 1918-1920 թվականներին ԼՂ-ը Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության հետ հավասար հիմունքներով ունեցել է դե ֆակտո անկախ կարգավիճակ։ Սակայն 1921 թվականի հուլիս 5-ին բռնի կերպով միացվել է Ադրբեջանի սովետական հանրապետությանը՝ ՌԿԿ  կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշմամբ, որը չի ունեցել քաղաքական և տարածքային հարցեր լուծելու իրավասություն։ Սա հատկապես պետք է արձանագրենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազմում»։ 
 
Այսպես է Ղարաբաղը հայտնվել Ադրբեջանի կազմում։ Իսկ ինչպե՞ս է Ղարաբաղի հայությունը ինքնորոշվել և   անկախության ճանաչման գործընթացում ինչպիսի՞ իրավական կարգավորման գործիքակազմ է օգտագործել։
 
 «ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները իրավունք ունեին առանձին հանրաքվեով ինքնուրույն որոշել իրենց կարգավիճակը։ Երկրորդ՝ հարկ է ընդգծել, որ 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակում է իր անկախությունը։ 2 օր անց՝ սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ը Շահումյանի շրջանի հետ միասին հռչակում է  Հանրապետություն։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների վերահսկողությա ներքո անկախության հանրաքվե է անցկացնում»։ 
 
Հետևաբար Լեռնային Ղարաբաղի բնակչությունը արտահայտում է իր ինքնորոշման իրավունքը այն տարածքների նկատմամբ, որոնք երբեք անկախ Ադրբեջանի իրավասության տակ չեն եղել։ Նորանկախ Ադրբեջանը չուներ վերհսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Հետևաբար Լեռնային Ղարաբաղը չի առանձնացել արդեն գոյություն ունեցող անկախ պետությունից։ ԽՍՀՄ օրնեսդրության ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ստեղծվել է երկու անկախ և իրավահավասար պետություն։ Նորայր Նորիկյանի խոսքով՝ այս բոլոր  փաստերը ամրագրում են՝ ԼՂՀ անկախության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են։ Բայց, թե այս հիմքերի մեջբերման դեպքում, միջազգային դատարանը ինչպիսի որոշում կկայացնի՝ չենք կարող կանխագուշակել՝ նկատի ունենալով, որ 
 
«Արցախի խնդիրը ավելի շատ քաղաքական բնույթի է, քան իրավական։ Այո, պետք է բարձրաձայնել, դիմել միջազգային հանրությանն ու բոլոր երկրներին, փորձ անել պնդել, համառել և համոզմունք ձևավորել միջազգային հանրության մոտ»։ 
 
Բայց խնդրի վերջնական կարգավորումը չպետք է դիտարկել դատական վարույթով կամ միջազգային որևէ դատական ատյանի կողմից՝ ասում է իրավաբանը, որովհետև հարցը գտվում է ռազմաքաղաքական լուծման դաշտում։  Այս պահին ՄԻԵԴ-ում  Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի   5 գործ ունի ներկայացրած։    Մեկ  միջպետական վեճ ներկայացված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում։ Հայելային գանգատներ է ներկայացրել նաև Ադրբեջանը՝ «Արցախ» լրատվականին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։  Չնայած այս գործերը ավելի շատ անհատական են, բայց դրանք բոլորն էլ հիմնված  են ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի վրա։ Այս բոլոր գործերը գալիս են ապացուցելու, որ մասնավոր հանցագործություններն էլ   պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանք են։ Այդ գործընթացներն ապացուցում են, որ հայերի համար հնարավոր չէ ֆիզիկապես գոյատևել Ադրբեջանի նման պետությունում, որտեղ  հայատյացության  աստիճանն այսքան բարձր է։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ