Նոյեմբերի 23, 2024

Հանրահավաքի մասնակիցները երկրի նախագահին պահանջագիր են ներկայացրել

By Սրբուհի Վանյան Մայիսի 15, 2023

 Չնայած օրն անձրևոտ էր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը մարդաշատ էր։ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Սամվել Բաբայանը հանրահավաք է կազմակերպել։ Նա վերջին շրջանում բավականին ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, դժգոհ է իշխանությունների գործունեությունից, գտնում է, որ Արցախի համար ճակատագրական այս օրերին անհրաժեշտ են ավելի վճռական ու գործնական քայլեր, որոնք գործող իշխանությունները չեն կատարում։ Նա պահանջում է ներգրավել իրեն կառավարման համակարգում՝ իր փորձառությունն ու գիտելիքները հօգուտ Արցախի կիրառելու համար։ 

«Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,640 կմ տարածքով, այնտեղ նաև Լեռնային Ղարաբաղն է ընդգրկված։ Մեզ որևէ պայքար պետք չէ, մենք պետք է արարենք, ստեղծենք այս հողում, և լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան»։

 Սամվել Բաբայանն ասում է, որ իր կողմից մշակվել և իշխանություններին է ներկայացվել Արցախի հայկական, անկախ ապագան երաշխավորող 5 կետից բաղկացած ծրագիր և ճանապարհային քարտեզ։ Այդ ծրագիրն իրկանացնելու համար անհրաժեշտ են կառավարման լծակներ, որն էլ պահանջում է իշխանություններից։ Հանրահավաքի ժամանակ ընթերցվեց այդ պահանջով հայտարարության տեքստը, որը և հանձնվեց հանրահավաքին մասնակցության հրավեր ստացած ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին՝ փոխանցելու Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Պահանջը պարզ է, ասում է Արթուր Թովմասյանը և խոստանում՝ անելու է ամեն ինչ, որ հասարակության մեջ բևեռացումներ ու պառակտում չլինի։ 

«Հույսը, հավատը գործի կեսն է։ Եթե մենք հավատում ենք, որ այս սուրբ հողը կարող ենք պահել հայկական, պետք է համախմբված ու համերաշխ լինենք»։ 

Արթուր Թովմասյանը խոստացավ հանրահավաքից հետո երկրի նախագահին առաջարկել անցկացնել քաղաքական կոնսուլտացիաներ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիները գտնելու համար։ Արցախի ճակատագրով մտահոգ ենք բոլորս, ասում է, բոլոր այն 120 հազարը, որ ապրում ենք այստեղ և միասնաբար, մեկ նպատակի համար պիտի լինի մեր պայքարը։ Եվ այդ նպատակը հայկական, անկախ Արցախն է։ Պետք է իրատեսական քայլեր ձեռնարկվեն, այդ քայլերն էլ կնախանշվեն հենց իր կողմից առաջարկվող քաղաքական քննարկումների ժամանակ։ Սամվել Բաբայանի աջակիցներից հետաքրքրվեցինք, թե ինչու հատկապես քաղաքական այս գործչի կողքին են որոշել կանգնել։ Աշոտ Բաբայանը այդ անձանցից մեկն է․ 

«Ես նրա կուսակիցը չեմ, և ոչ ոքի կողմից ներքաշված չեմ ինչ որ քաղաքաքկան գործընթացներում, սակայն, ես տեսնում եմ, որ միայն նա է ներկայանում որոշակի ծրագրով և Լաչինի միջանցքի ապաշրջափակման ճանապարհային քարտեզով։ Նրա ծրագիրը ենթադրում է խորքային փոփոխություններ տնտեսության, բանակի, կրթության ոլորտներում»։

 Լարիսա Խաչատրյանը նույնպես հավանում է Սամվել Բաբայանի ներկայցրած ծրագիրը , գտնում է, որ նա ունի բավարար հմտություններ՝ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ասում է, որ հանրահավաքին մասնակցում է երկրում դրական փոփոխությունների ակնկալիքով։ 

«Ինչ որ փոփոխություններ անպայման պետք են, թե չէ՝ հետ ենք գնում։ Գտնում եմ, որ Սամվել Բաբայանի ծրագիրը հաջող է, և նա կարող է այդ փոփոխությունները կատարել»։

Լյուդվիգ Իշխանյանը Խանձք գյուղից է եկել․ Ստեփանակերտ հանրահավաքի է եկել , քանի որ մտահոգ է հայրենիքի ճակատագրով։ Էլ ինչ ունենք կորցնելու, մի հայրենիք է՝ նրա ճակատագիրն է մազից կախված, ասում է նա։ 

«Մենք մեր երկրի համար փոփոխություններ ենք ակնկալում, այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Սամվել Բաբայանին հավատում ենք, նա մի անգամ արել է դա, իհարկե, ոչ մենակ, բայց ժողովրդին առաջնորդ է անհրաժեշտ, և նա կարող է դա կատարել։» 

Քաղաքացին այս դժվարին օրերին իշխանությունից և ընդդիմությունից խոհեմություն ու համախմբվածություն է ակնկալում, ասում է, որ կարող ուժերին պետք է գործունեության հարթակ տրամադրեն, անկախ նրանից՝ իշխանությու՞ն են, թե՞ ընդդիմություն։ Երկիրը կործանվում է, ինչու մեր մեջ առկա կարող ուժերին չներգրավենք նրա փրկության գործում՝ հարցիս հարցով է պատասխանում նա։ Թե ինչ պատասխան կտան իշխանությունները հանրահավաքի մասնակիցների հայտարարություն-պահանջին, կերևա առաջիկայում, իսկ այսօր, հանրահավաքի ժամանակ, ոստիկաննները, որ ուժեղացված ծառայություն էին իրականացնում նախագահական նստավայրի մոտ և հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները, որ ոստիկանական շղթայից այս կողմ էին, միասնական ու ձգված էին՝ պետական օրհներգը հնչելու պահին։ Պահը խորհրդանշական էր․ համախմբում կարող է լինել, երբ նժարին երկրի լինելիության հարցն է դրված։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ