Նոյեմբերի 24, 2024

Սադրանքից՝ սադրանք․ խաղաղապահների դերի բարձրացման հաճախականությունը

By Ասպրամ Ավանեսյան Նոյեմբերի 14, 2022

«Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժամանակ կրակում նրանց վրա, քանի դեռ նրանք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով։ Արդյո՞ք սա է այն պնդման իրագործումը, երբ Ադրբեջանն ասում է «ԼՂ հարցը լուծված է»»․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս գրառումը նախօրեին   Խրամորթում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ՝ Ադրբեջանն ապացուցում է նախանձելի հետևողականությամբ՝  խախտելով հրադադարը։ Բայց  ի՞նչ խնդիր է լուծում թշնամին նմանօրինակ սադրանքներով։  Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ՝ ասում է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը։

«Խաղաղապահության տեղակայման առաջին փուլից սկսած Ադրբեջանը վարում է խաղաղապահությունը վարկաբեկելու, առաքելությունն արժեզրկելու, և ժամկետից շուտ, անգամ, նրանց դուրս մղելու քաղաքականությունը։ Վերջին օրերին հայկական գյուղերի, տեխնիկայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել և ադրբեջանական կողմն անտրամաբանական և կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Սրանք հասկանալի է, թե որտեղ են տանում։ Ադրբեջանն առաջին իսկ հնարավորությունը կարող է օգտագործել՝ հերթական էսկալացիան հրահրելու համար»։

Ադրբեջանը փորձում է Արցախը վերածել  ապառազմականացված տարածքի, որտեղ որևէ կերպ խաղաղ բնակիչն իրեն պաշտպանված չի զգա ՝ ասում է  ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։ Ադրբեջանի այս քաղաքականության իրագործման  ամենալուրջ  խոչընդոտը ռուս խաղաղապահներն են։

«Մենք շատ լավ գիտենք, որ եթե ռուս խաղաղապահը նույնիսկ մի քանի վայրկյան չլինի Արցախում, այստեղ որևէ արցախցի, բնականաբար, չի էլ հասցնի ինքնապաշտպանվել։ Ցեղասպանություն կլինի՝ այն, ինչին   Ադրբեջանը ձգտում է, իհարկե, դրանք ներկայացնելով այլ փաթեթավորմամբ, ժողովրադավարական մոտեցումներով»։

Առաքելության դերը վարկաբեկելու Ադրբեջանի փորձերը կարող են հակառակ էֆեկտն ունենալ։ Եթե Ադրբաջանը կրակում է, ունեմն արցախցիների անվտանգությունն ապահովված չէ։ Այդպիսով խաղաղապահ մանդատի երկարացումն օրակարգային ու պահանջված  է դառնում։ Խաղաղապահ առաքելությունն այս բոլոր դեպքերն արձանագրում է՝ ասում է քաղաքագետ Նելլի Բաղդասարյանը։

«Սա կարող է դիտվել  որպես լրացուցիչ լծակ, որպես լրացուցիչ ազդեցության միջոց, խաղաղապահության երկարաձգման համար։ Ադրբեջանի այս քաղաքականությունը անհեռատես է հենց ադրբեջանական կողմից, որովհետև այն որևէ տեղ չտանող քաղաքակություն է։ Ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությունն է արդեն իսկ խնդիր։ Կարծում եմ, որ այս տարածաշրջանում կրկին գործընթացներ հրահրելն ու սադրելը շատ մեծ վտանգներ ունի իր մեջ»։ 

Պատգամավոր  Մետաքսե Հոկոբյանը համամիտ է քաղաքագետի հետ։Բաքուն ամեն կերպ ձգտում է համոզել, որ ռուս խաղաղապահները չեն իրականացնում իրենց պարտավորությունները։ Այդ քայլով Ադրբեջանը  կարող է   փորձել  այլ պետությունների խաղաղապահներ բերել Արցախ։ Այդ խաղաղապահների թիմում, ինչպես   Մետաքսե Հակոբյանն է ասում, կարող են լինել և՛ թուրքեր, և՛ ադրբեջանցիներ։

«Նպատակն այն է, որ իրենք ուղղակի ցույց տան, որ միայն ռուս խաղաղապահը չի հաջողում այստեղ և միջազգային խաղաղապահների կարիք կա։ Դա շատ դեպքերում արվում է հավաքական արևմուտքի միջնորդությամբ ու ցանկությամբ»։

Քաղաքագետ Նելիի Բաղդասարյանի կարծիքով Ադրբեջանը դեմ է թե՛ ռուսական, թե՛ միջազգային խաղաղապահների ներկայությանը։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2022 19:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ