Վերջին օրերին ադրբեջանական սադրանքները տեղափոխվել են, այսպես ասած, «բնապահպանական դաշտ»։ Մոտ 10 օր առաջ մի քանի ժամով ադրբեջանական «էկոլոգները» փակեցին դեպի Ստեփանակերտ ճանապարհը. «էկոլոգներն» ուզում էին մուտք գործել Կաշենի հանքավայր, ադրբեջանական լրագրողները՝ լուսաբանել գործընթացը՝ սադրելով խաղաղապահներին։ Այն, որ Ադրբեջանի պատճառաբանությունները կեղծ ու մտացածին են, կասկածի տեղիք չի տալիս, և հասկանալի է, որ հետապնդում են հեռահար նպատակներ։ Թե ինչ՝ ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանն է մեկնաբանում։
«Բնական է, որ մի շարք նպատակներ են հետապնդում․ նախ ահաբեկել Արցախը, արցախահայությանը, որպեսզի միշտ զգանք խոցելիության աստիճանը։ Երկրորդը՝ դա հարված է խաղաղապահ առաքելությանը, Ռուսաստանին, և երրորդ՝ ապտակ է միջազգային հանրությանը, որով ցույց են տալիս, որ երբ ինչ ուզում՝ անում են»։
Դավիթ Բաբայանն անընդունելի է համարում Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանն և հարվածի տակ դնում այստեղ ապրող ժողովրդի կենսական իրավունքներն ու շահերը, բայց նաև համոզված է, որ այս դեպքը, որ առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու։
«Դա Ադրբեջանն է, և պարբերաբար դիմելու է նման քայլի։ Սա կանխատեսելի էր, քանի որ արցախատյացություն, հայատյացությունը Ադրբեջանի էության մեջ է»։
Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ գնահատական է տվել իրավիճակին՝ սա համարելով աննախադեպ մարտահրավեր պետության ու ժողովրդի համար, և կոչ անելով ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է: Ցավոք այդ տարածքը հայկական տիրապետության տակ չէ, այլ օկուպացված է Ադրբեջանի կողմից․ սրանք նրբություններ են, որ շատ կարևոր են, ասում է Դավիթ Բաբայանը։ «Մենք պետք է ճիշտ գնահատական տանք, չտրվենք էմոցիաներին, այլ սառնասրտորեն կատարենք մեր քայլերը,-ասում է Դավիթ Բաբայանը։
«Ի՞նչ պետք է անենք այս իրավիճակից դուրս գալու համար։ Նախ՝ չկոտրվենք ու չահաբեկվենք։ Չտրվենք էմոցիաներին և սառնասրտորեն աշխատենք։ Առաջին հերթին ռուս խաղաղապահ առաքելության հետ, այնուհետև՝ միջազգային հանրության»։
«Ադրբեջանի կողմից բնապահպանական պատրվակով ճանապարհի փակումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները», - ասում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Արդեն 2 տարի, անձամբ նաև ես, որպես Մարդու իրավունքերի պաշտպան, բարձրաձայնում եմ այդ մասին։ Առիթ է նաև նշելու, որ այս պահին Երևանում մասնակցում եմ ընդդեմ ցեղասպանության հանցագործության 4-րդ գլոբալ ֆորումին, ունեմ նաև առիթ՝ տարբեր դերակատարների անձամբ հանդիպելու, ուղիղ հարցադրումներ անելու և պահանջելու, որ ինչպես աշխարհի տարբեր կետերում են ներգրավված ցեղասպանությունների կանխմանը, այնպես էլ Արցախի պարագայում դրսևորեն նման վարքագիծ»։
Գնահատականը միանշանակ է, ՄԻՊ-ը դրան անդրադարձել է նաև առաջին անգամ, երբ փակվել է ճանապարհը։ Ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» նախ թող իրենց իշխանություններին հարցնեն, թե ինչու և ինչպես են խաղաղ բնակիչների ու բնակավայրերի վրա ֆոսֆորային զենք օգտագործում՝ ասում է։ Իսկ օրակարգն ամբողջությամբ կեղծ է, և նրանք ուղղորդվում են իշխանությունների կողմից՝ կարծում է նա։ Գեղամ Ստեփանյանի իրազեկմամբ, ՄԻՊ գրասենյակի կողմից այս պահին հավաքագրում են փաստեր՝ միջադեպի ամբողջական պատկերը ստանալու և այդ քաղաքականության հետևողական բնույթն ընդգծելու համար: Առաջիկայում ամփոփ տեսքով ներկայացվելու է տեղեկանք, հակիրճ զեկույց, այս գործողությունների նպատակների ու հնարավոր հետևանքների մասին։ Ահազանգն արդեն գրանցվել և ուղարկվել է միջազգային տարբեր դերակատարների։ Միջադեպ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը չի ուշացել, տեղեկատվական շտաբից հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: