Նոյեմբերի 24, 2024

«Բնապահպանության ջատագովները» ֆոսֆորային զենք են կիրառել․ Արցախում ստուգվում է միջազգային իրավունքի ամրությունը

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 12, 2022

2020թ. հոկտեմբերի վերջն էր,  պատերազմի թեժ օրերը, երբ համացանցը  լցվեց Մարտունու ուղղությամբ քիմիական զենքի կիրառումը պատկերող  լուսանկարներով ու տեսանյութերով:  Այն, որ երկնքից թափվող սպիտակ կրակը ֆոսֆորային զինատեսակ էր՝ ապացուցվել է արդեն մասնագետների կողմից:  Սա ակնհայտ, բայց ոչ առաջին   ռազմական հանցագործությունն է, որ գործում է Ադրբեջանը։ ԱՀ Առողջապահության նախկին նախարար Միքայել Հայիրյանը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում խոսել էր ֆոսֆորային զենքի և դրա առաջացրած արտասովոր, ապշեցուցիչ հետևանքների մասին։ 

«Այս ֆոսֆորային զենքերն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, ունենք վիրավորներ։ Այս վիրավորները բժշկական յուրովի մոտեցում պետք է ստանան։ Վնասվածքները հետագայում կարող են հետք թողնել։ Ունենք դեպքեր, որոնք խորը ուսումնասիրության կարիք ունեն, նմուշներն ուղարկում ենք արտերկրի տարբեր կլինիկաներ, որպեսզի իմանանք մեր հետագա քայլերը և բացթողումներ չանենք»։ 

  Ֆոսֆորային զենքի կիրառումը միջազգային մի շարք կոնվենցիաների խախտում է։ Ըստ Ժնևի կոնվենցիայի, պատերազմների ժամանակ արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել, և որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել լայնածավալ, տևական և լուրջ վնաս։ Այսպիսով ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների և միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ: «Միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրվում են պատերազմական բոլոր հանցագործությունների հետևանքները և սահմանում՝ պատժամիջոցները»․-ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

«Կարծում եմ՝ ֆոսֆորային զենքի կիրառումը  պետք է արժանանա ոչ միայն իրավական գնահատականի։   Միջազգային ատյաններում այս հարցն առաջ է գնալու և տարբեր ատյաններում քննվող գործերի շրջանակներում դիտվելու է, իր պատժին է արժանանալու։ Բայց այստեղ նաև քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների հարցն է առաջանում։ Պետք է ցույց տալ, թե ինչպիսի վարքագիծ է դրսևորում Ադրբեջանը, և ըստ այդմ էլ միջազգային դերակատարներն իրենց վերաբերմունքը պետք է ցուցադրեն»։ 

Ֆոսֆորային զենքը լրիվությամբ չէ արգելված, միայն սահմանված դեպքերի պարագայում։ Խնդիրն այստեղ այլ է, արդյոք խիստ անհրաժեշտության դեպքու՞մ է Ադրբեջանն այն օգտագործել։ Մյուս կողմից էլ՝ որևէ իրավական կամ քաղաքական գործընթացում Ադրբեջանը երբեք չի խոստովանի, որ ֆոսֆորային ռումբ է կիրառել՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Մենք պետք է համապատասխան ու բավարար ապացույցներ ներկայացնենք գործն ընթացքավորելու համար։  Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, թե որ պարագայում կարող են    Միջազգային ատյաններից փաստահավաք խմբեր այցելել Արցախ։ 

«Մասշտաբները պետք է շատ մեծ լինեն կամ ապացույցները վիճելի լինեն, որպեսզի ստիպեն, որ նման ընթացակարգերն աշխատեն»։

«Արա Ղազարյանը   համոզված է․ ինչ-որ արդյունքի հասնելու համար հայկական կողմը պետք է ունենա բավարար փաստեր։ Հայկական կողմը կարող է նաև Հայաստանում հարուցել քրեական գործ, այն անձանց, այն հրամանատարների դեմ, ովքեր իրագործել են այդ հանցագործությունը, և համընդհանուր իրավազորության հիմքով տարբեր պետություններում հայցի քրեական հետապնդում տվյալ անձանց նկատմամբ։ «Բայց սա բավականին երկար պրոցես է,  այն կարող է տասնամյակներ  տևել»-ասում է Արա Ղազարյանը։  

«Լոբբիստական խմբեր կան, որոնք կարող են օգտագործել այս փաստական տվյալնելը տարբեր ատյաններում, մարմիններում կամ համայնքներում հանրային կարծիք ձևավորելու համար»։

 Չարիքների անպատժելիությունը նոր չարիքներ է ծնում։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության բոլոր դրսևորումներն ունեն համապատասխան պատժի արժանանալու խնդիր։ Թե որքան ժամանակ է մեզանից պահանջվելու այդ խնդիրը լուծելու կամ գոնե միջազգային հարաթակում այն  ներկայացնելու համար՝ կախված է մեր քաղաքական կամքից։ Իսկ միջազգային իրավունքը ևս մեկ անգամ փորձության է ենթարկվում Արցախում։ Նախորդ փորձերն անհաջող էին։    

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ