Ստեփանակերտից շտապ օգնության մեքենայի անցումն ակտիվ լուսաբանվել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հստակ շեշտադրմամբ՝ «ոչ մի հումանիտար աղետ էլ չկա, ադրբեջանական կողմը հումանիստական տրամադրվածություն ունի և ընդառաջում է անհրաժեշտության դեպքում»։ Ինչի են բերում Ադրբեջանի փոքր քայլերը՝ մենք ծանոթ ենք պատմությունից, նաև՝ Խծաբերդի, Փառուխի, Աղավնոյի, մյուս բնակավայրերի շուրջ տեղի ունեցած ոչ վաղ անցյալի դեպքերից։ Հայտնի է, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, օրեր առաջ նաև գազային տեռորի ենթարկելով Արցախում ապրող ավելի քան 120 հազար մարդու, պահանջներ է առաջադրել՝ փորձելով թելադրել իր քաղաքական օրակարգը։ Պահանջներից մեկն էլ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումն է։ Ադրբեջանի չակերտավոր մարդասիրությունը չի՞ պարունակում արդյոք անուղղակի ձևով անցակետի տեղադրմանը հասնելու միտում։ Թեմային այսօր անդրադարձել է նաև ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մեր բլոկադան և ճգնաժամն Արցախոմ շարունակվում է։ Տարբեր ինֆորմացիաներ են շրջանառվում, թե ճանապարհը բաց է, բայց դա իրականություն չէ, ճանապարհի կողքերին դեռ մնացել են ադրբեջանցիներ, որոնք կարող են կանգնեցնել կամ ոչ՝ ավտոմեքենաները, երբ ուզենան։ Դրա համար մենք գտնում ենք, որ դա անընդունելի է, իրենք չպետք է խանգարեն մեքենաների երթևեկությանը։ Դա մեր որոշումն է, և եթե մենք ընդունում ենք, որ թողնում ենք իրենց հայեցողությանը, դա նշանակում, է հնարավորություն ստեղծել անցակետ տեղադրելու։ Իրենք տարբեր տեղեկատվություն են շրջանառում, տեղեկատվական պատերազմ է, և ամեն միջոց կիրառում են»։
Ադրբեջանցիներն այժմ միայն ճանապարհի մոտ են, բայց պետք է ամբողջությամբ լքեն ճանապարհը և չխանգարեն երթևեկությանը,-ասել է Ռուբեն Վարդանյանը։ Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստներն» իրենց իրավունք են վերապահել՝ ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են Լաչինի միջանցքով բեռների անարգել անցմանը, թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Դա, ըստ էության,նշանակում է, որ նրանք ապօրինի մաքսակետեր են սահմանել։ Այս անհեթեթությունը պետք է դադարեցվի՝ ասել է նա։ Ադրբեջանի գործողություններն ամբողջությամբ ապօրինի են՝ տեղի ունեցածը մեկնաբանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Ընդ որում, օրինախախտումները մի քանի ճակատով են։
«Այստեղ մենք տեսնում ենք և Եվրոդատարանի որոշման հակասություն, խախտում, և նոյեմբերի 9-ի համաձայնագրի և առհասարակ հումանիտար խնդիրների օգտագործում քաղաքական նկատառումներով»։
Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սահմանփակել շրջանառությունը, և անցակետի տեղադրման պահանջը նաև այդ նպատակն է հետապնդում։ Դրան զուգահեռ Ադրբեջանը այլ քաղաքական նպատակներ ևս փորձում է առաջ մղել, համոզված է քաղաքագետը:
«Նպատակներից մեկն է նաև Հայաստանի միջոցով էքստերիտորիալ միջանցք բացել, նաև դա։ Խոշոր առումով Ադրբեջանը փորձում է Թուրքիայից որդեգրած մանր քայլերի մարտավարությամբ լուծել հայկական հարցը հօգուտ իրեն»։
Քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ տրամաբանության մեջ չի տեղավորվում թեզը, թե «Ալիևը Լաչինը փակել է, որպեսզի Սյունիքում միջանցք ստանա»։ Որպեսզի «հավասարը՝ հավասարի սկզբունքը» գործի, Լաչինի միջանցքը պետք է ունենա էքստերիտորիալ կարգավիճակ, եթե Սյունիքում Ալիևի «ուզածը» դա է։ Փակել Լաչինը եւ պահանջել այնտեղ Ադրբեջանի մաքսային-սահմանապահ անցակետի տեղադրում, նշանակում է ընդունել, որ Զանգելան-Աղբենդ-Օրդուբադ ենթադրյալ ճանապարհն էլ պետք է գտնվի Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո։ Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը ռուսական կողմի «նուրբ լարերի վրա են խաղում»՝ դա արդեն ենթադրությունների այլ դաշտ է տանում,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարում է վերլուծաբանը։ Հրանտ Միքայելյանը գտնում է, որ հայկական կողմը պետք է շատ լուրջ վերաբերվի Ադրբեջանի փոքր քայլերին անգամ։ Հաճախ դրանց ուշադրություն չդարձնելու դեպքում խնդիրները վերաճում են գլոբալ, հաճախ նաև միջազգային միջամտություն պահանջող հիմնախնդրի։ Մինչդեռ.
«Միջազգային իրավունքը ճգնաժամի մեջ է, և շատ են խնդիրները, որոնք միջազգային իրավունքի միջոցով չեն լուծվում, իրավական նորմերը քաղաքականացվում են, և պայմանվորվածությունների փոխարեն կատարվում է քաղաքական առևտուր։ Սա խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները, քանի որ իրավունքների պաշտպանությունն առհասարակ քաղաքական խնդրի է վերածվել։»
Արցախում, իհարկե, կան սպասումներ, որ Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից խնդրին կտրվեն լուծումներ, հօգուտ Արցախի։ Հայսատանը փորձում է գնդակը գլորել ռուսական դաշտ, ասելով, որ միջանցքը ռուսական վերահսկողության գոտի է։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին, քաղաքագետը ասում է՝
«Ռուսական կողմը ևս տրվում է ադրբեջանական ու թուրքական մանիպուլյացիաներին, ադեկվատ արձագանք չի տալիս, տեսնում ենք ռուսական կողմի թուլությունը, որը բացատրվում է տարբեր պատճառներով, բայց որը բերում է նման իրավիճակի»։
Այս խնդիրն ինքնին չի լուծվելու, ասում է քաղաքագետը: Պարզ է, որ այն չի վերաբերում էկոլոգիային, չնայած որ Ադրբեջանն ուզում է, իհարկե, լուծել նաև ընդերքի հարցը, քանի որ նավթը Ադրբեջանին հավերժ կերակրել չի կարող, և հայկական ռեսուրսները հափշտակելով փորձում է լուծել նաև տնտեսական խնդիր։ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ պետք է գիտակցել, որ դա համապարփակ մարտահրավեր է պայմանավոված նաև ոչ Ադրբեջանի կամքով ու ցանկությամբ․ Ադրբեջանի որոշումների մի մասն Անկարայում են ընդունվում, կամ գուցե նաև այլ երկրներում։