Նոյեմբերի 24, 2024

Ակտիվիստների պահանջը նույնն է. հանդիպում Վոլկովի հետ

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 29, 2022

Հարյուրավոր քաղաքացիներ երեկվանից գտնվում են Ստեփանակերտի օդանավակայանի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի  շտաբի մոտ զորահրամատար գեներալ-մայոր Անդրեյ Վլոկովի հետ հանդիպման պահանջով։ Այսօր տեղեկանալով, որ Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունենում Կառավարության մի շարք պաշտոնյաների հետ, հավաքվածներից մի խումբ քաղաքացիներ  վերադարձել են մայրաքաղաք՝ Վոլկովին Կառավարության շենքի մոտ հանդիպելու համար: Քաղաքացիական ակտիվիստների խոսքով՝ հավաքն ինքնաբուխ է, իսկ պատճառը՝ շարունակվող շրջափակումը:

«Այստեղ է եկել հրամանատար Վոլկովը, և մարդիկ ուզում են նրանից իմանալ՝ ինչ է մեզ սպասվում: Երեկ երբ մարդիկ հավաքվել էին օդանավակայանի դիմաց այնտեղ ոչ մեկ դուրս չի եկել, ոչինչ չեն ասել: Արդեն քանի օր է մենք շրջափակման մեջ ենք, հասկանում եմ՝ ոչ մեկ սոված չէ, բայց այսպիսի իրավիճակում երբ ոչինչ հասկանալի չէ: Կարծում եմ՝ ղեկավարները պետք է դուրս գան և ճիշտն ասեն, որ մարդիկ խուճապի չմատնվեն ու այսպես չհավաքվեն»:«Հստակ հասկանում ենք՝ ադրբեջանա-ռուսական կամ ռուս-թուրքական տանդեմը ուզում են ճնշումներ բանեցնել Հայաստանի Հանրապետության վրա ու միևնույն ժամանակ հայաթափել ու Ադրբեջանին նվիրել Արցախը: Փակել ճանապարհը, չթողել ոչ մի կենսական շարժ. հիվանդներին չթողնել տեղափոխել կամ հատուկկենտ թողել, չթողնեն, որ սնունդ, դեղորայք մտնի տարածք կամ ձմռան կեսին գազը անջատել: Նշվածներնս մարդկության նկատմամբ հանցագործություն է, իսկ մենք որպես հասարակ ժողովուրդ ընդդիմանում ենք, որ թույլ չտանք դրանք, որովհետև հստակ է՝ թուրքը 21-րդ դարում ուզում է ցեղասպանել մեզ, և մենք ամեն գնով պետք է թույլ չտանք ու չլքենք մեր բնօրրանը»:

Հավաքվածներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Անդրեյ վոլկովի հետ։ Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ներկա է եղել Վոլկովի հետ հանդիպմանը։ Մտահոգ քաղաքացիների հարցերին նա է պատասխանել։ Մոտ 40 րոպե տևած զրույցի ընթացքում քննարկել են 16 օրում ռուս խաղաղապահների կատարածը՝ ասել է Բաղունցը։ Հարցին, թե ե՞րբ կբացվի ճանապարհը, այդպես էլ հստակ պատասխան չտրվեց: Հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանն առաջարկում է պատվիրակություն կազմել և ուղարկել Մոսկվա՝ ուղիղ երկխոսության:

«Մենք մեր իշխանություններից պահանջելու ենք հասարակությունից ձևավորի բանակցային մի խումբ, որը պետք է մեկնի Մոսկվա համապատասխան պետական այրերի հետ հանդիպի, հարց ու պատասխան պահանջի գա: Ուրիշ տարբերակ չկա»:

Օրվա երկրորդ կեսին քաղաքացիական ակցիայի մասնակիցները  վերադարձել են Իվանյան համայնք՝ կենտրոնակայանի մոտ՝ նույն պահանջով:Բայց մինչ այդ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, փոխնախագահ Գագիկ Բաղունցին ու պատգամավոր Արթուր Հարությունյանին առաջարկել են միանալ իրենց ու գնալ օդանավակայանի մոտ: Առաջարկը ողջունել են, բայց դեռևս չեն միացել: Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբն իրենց կողմից  շրջափակված չէ  և գործում է բնականոն հունով։ Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ