֊Փաշինյան֊Պուտին պետերբուրգյան հանդիպումից հետո որևէ հայտարարություն չեղավ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, սակայն, ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Ինչի՞ մասին է սա վկայում։
Եռակողմ պաշտոնական հանդիպում չկայացավ: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումն էլ ոչ պաշտոնական բնույթ էր կրում: Որպես կանոն ոչ պաշտոնական հանդիպումները հայտարարություններով չեն եզրափակվում: Այդ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, որովհետև գլխավոր արդյունքը պետք է լիներ Լաչինի միջանցքի բացումը: Այսօր Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի շատ հոռետեսական կգնահատեի, քան հանդիպման ինչ-որ տպավորություն, որը կարող է դրական արդյունքի բերել:
֊Հանդիպումից հետո, արդեն Երևանում, Փաշինյանը Մոսկվայից Լաչինի միջանցքի փակման մասին պարզաբանում է պահանջում։ Այն դեպքում, երբ երկկողմ հանդիպման մեկնարկին Փաշինյանը նշել է, որ սա է քննարկման առանցքային թեման։ Ինչպե՞ս հասկանալ սա։
Նշանակում է կոմպրոմիս չի եղել: Նշանակում է ո՛չ երկկողմ, ո՛չ եռակողմ հանդիպումների ընթացքում որևէ ընդհանուր հայտարար չի ձևավորվել և հռետորական կարգով Փաշինյանը Երևանից հնչեցնում է այն, ինչի մասին խոսեց Սանկտ Պետերբուրգում: Սա, ըստ ամենայնի, խոսում է փակուղային վիճակի մասին:
֊Փաշինյանն ասում է, որ ՌԴ֊ին խորհուրդ է տալիս դիմել ՄԱԿ֊ի ԱԽ՝ խաղաղապահ առաքելության միջազգային մանդատ ստանալու կամ այլ լրացուցիչ ուժեր տեղակայելու համար։ Որքանո՞վ է սա իրատեսական։
Սա՝ որպես գաղափար, վատ գաղափար չէ, բայց իրատեսական գրեթե զրոյական ռեսուրսով, որովհետև արևմտյան խաղացողները չեն համաձայնվելու ռուսական խաղաղապահ առաքելությանը որևէ կարգավիճակ տալ: Ինչ վերաբերվում է բազմազգ զորախմբին, որևէ երկիր, բացի Ռուսաստանից, չի պատրաստվում այստեղ զորք ուղարկել, որովհետև չկան շահեր, որոնք կարող են ռազմական կոնտինգենտի անհրաժեշտություն ծնել: Ինչու՞ է թվում, թե երբ Ադրբեջանը հակադրվում է ռուսական զորախմբի ներկայությանը, գրկաբաց պետք է ընդունի այլ երկրների խաղաղապահներին։
֊Օրեր առաջ ՀՀ խնդրանքով գումարվել էր ՄԱԿ ԱԽ նիստ։ Ինչու՞ Հայաստանը այնտեղ չի բարձրացրել միջազգային մանդատի կամ լրացուցիչ ուժերի անհրաժեշտության հարցը։
Սա հրաշալի առիթ էր, բարձրացվել էր հարցը, կար կոնսենսուս, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամները ելույթներ էին ունենում, Լաչինի միջանցքի բացման կոչ էին անում, օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Հրաշալի առիթ էր, որ Հայաստանը փորձեր այդ ԱԽ անդամներից մեկի միջոցով բանաձևի նախագիծ առաջարկեր, ինչը չի արվել: Չգիտեմ՝ հնարավոր կլինի՞ նման քննարկում էլի անել, թե՝ ոչ, հաշվի առնելով Սուրբ Ծննդյան, ամանորյա տոները: