Փետրվարի 24։ Այս ամսաթիվը և այս հակամարտությունը փոխեց իրադարձությունների ընթացքն աշխարհում, նաև՝ Հարավային Կովկասում, համոզված կարծիք են հայտնում քաղաքագետները: Ստեփան Դանիելյան․
«Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ առկա համաշխարհային կարգն այլևս չի գործում։ Անվտանգային համակարգը Եվրոպայում, պարզվեց, չի աշխատում, միջազգային կառույցներն ու պայմանավորվածություններն էֆեկտիվ չեն, պայմանավորվածությունները՝ միջուկային զենքի հետ կապված։ Հարցի պատասխանը, թե ի՞նչ է լինելու՝ դեռ չկա։ Մոտակա տարիներին պետք է ձևավորվի համաշխարհային ինչ-որ կարգ, և այն պիտի ձևավորվի ուկրաինական պատերազմի կոնտեքստում։ Համաշխարհային կարգի բացակայության պայմաններում փորձում են խնդիրները լուծել ուժային եղանակով, պատերազմների միջոցով, ինչպես առաջին պատերազմից առաջ, երբ չկար գերտերություն, կային մի քանի ուժեղ երկրներ, որոնք իրենց հարցերը պատերազմով էին լուծում։ Հիմա եթե չկա ռուս-ամերիկյան ուղիղ հակամարտություն, դա զուտ միջուկային զենքի գործոնով է պայմանվորված։ Դեստաբիլիզացված է աշխարհը, և չկան սկզբունքներ, որոնց վրա նոր կարգ ձևավորվի»։
Եթե մի քանի տարի առաջ խոսվում էր երրորդ համաշխարհային պատերազմին՝ աշխարհի շատ մոտ լինելու մասին, այսօր արդեն կասկածից վեր է, որ այն ընթանում է։ Առայժմ՝ հիբրիդային դրսևորմամբ։ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Արցախը, կամ գուցե՝ առաջին հերթին Արցախը, ցնցումների էպիկենտրոնում են։ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ տարածաշրջանում Արցախից շատ բան է կախված։
«Դրա համար ամբողջ այդ հարցը՝ Արցախի խնդիրը, հիմա փակուղում է հայտնվել ու Արցախից կախված է ամբողջ մեծ տարածաշրջանի, այդ թվում և Միջին Ասիայից մինչև Մերձավոր արևելք, քաղաքական ճարտարապետության գոյության բացակայությունը»։
Մենք չկարողացանք գնահատել այս փոքրիկ հողակտորի դերը ու չհասկացանք գինը՝ ասում է Ստեփան Դանիելյանը։ Եթե իմանայինք, և ունենային նորմալ դիվանագիտություն, 2020 թվականի պատերազմի արդյունքներն այլ կլինեին։ Չենք հասկանում նաև հիմա՝ ասում է։ Մինչդեռ այստեղ խաղացողները այդ գինը լավ գիտեն։
«Դա հասկանում են և՛ Իրանում, և՛ Թուրքիայում, և՛ Ռուսաստանում, դրանք ակտիվ խաղացողներն են։ Հիմա, որ Արցախն այս վիճակում կա, և Սյունիքն էլ դեռ հայկական է, դա նրա շնորհիվ է, որ այդ մեծ երկրները իրար հետ հարաբերությունները չեն կարողանում ճշտել։ Քանի որ Սյունիքն արդեն մեր ռազմական ուժով չենք կարող պահել։ Արցախի մասին էլ չեն խոսում։ Այս վիճակն, իմ կարծիքով, մի քանի տարի կշարունակվի ամբողջ աշխարհում, մինչև պատերազմների միջոցով նոր կարգ ձևավորվի»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հորդորում է սպասել ռուս -ուկրաինական հակամարտության հանգուցալուծմանը։
«Այն կայունացնող ինչ-որ դերակատարություն պիտի ունենա Հարավային Կովկասում։ Արևմուտքի ու Ռուսաստանի գլոբալ հակադրությունն արտահայտվում է մի շարք հարթակներում՝ Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս, շուտով կարող է նոր թատերաբեմ էլ առաջ գալ, աշխարհագրորեն տուրբուլենտությունը տարածվում է»։
Օգտվելով աշխարհի անկայուն, լարված իրադրությունից՝ Ադրբեջանն ամբողջ տարվա ընթացքում չդադարեցրեց սադրանքները։ Տարվա հենց առաջին տասնօրյակից իրավիճակը լարվեց Թաղավարդի, Կարմիր շուկայի ուղղությամբ, թիրախավորելով սահմանամերձ այդ գյուղերի խաղաղ բնակիչներին։ Այնուհետև ընդլայնվեցին սադրանքների աշխարհագրությունն ու դրսևորման ձևերը՝ ամեն հաջորդ քայլին դառնալով ավելի սանձարձակ ու ագրեսիվ։ Ընդհուպ մինչև 120 000 մարդու պատանդառում։ Բայց ամեն ինչ հերթականությամբ։Գարնան սկիզբն Արցախում զարմանալիորեն ձյունառատ էր ու աննախադեպ ցուրտ։ Լավագույն ժամանակը՝ գազամատակարարումը խափանելու և 120 000 մարդու գազային տեռորի ենթարկելու համար։Հետագայում գազամատակարարումը վերակագնվեց։ Բայց այդ օրերին Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական տեղադրեց, ու այսօր, երբ վերլուծում ենք գազամատակարարման խափանումների ժամանակագրությունն ու դրան «ուղեկցող» զարգացումները, պարզ է դառնում, որ բնական գազն էլ Ադրբեջանի ձեռքին քաղաքական գործիք է դարձել։ Հենց այդ օրերին հակառակորդի կողմից տեռորն այլ դրսևորումներ ստացավ․ հոգեբանական ու ֆիզիկական ճնշումներ, հարձակում Քարագլուխ, Փառուխ, Խրամորթ ուղղություններով։ Արդյունքում մենք կորցրինք ռազմավարական նշանակության բարձունքը։Փառուխի դեպքերը ռուս խաղաղապահ առաքելության արդյունավետության կամ անարդյունավետության հարցը օրակարգ բերեցին։Արդյոք, մեզ հաջողվե՞ց անհրաժեշտ արձագանք ապահովել այս իրադարձությանը։ Արդյոք, մեր հետագա տարածքային կորուստների պատճառը նաև այս դեպքին հանգիստ հարմարվե՞լը չէր։ Հարցերը դեռ պատասխանի են սպասում։ Քարագլխի դեպքերը քննարկվեցին ամենաբարձր մակարդակով՝ Փաշինյան-Պուտին ապրիլյան հանդիպմանը։ Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց՝ դիմելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, հորդորելով համարժեք գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։ 2020 թվականի պատերազմով Արցախի հարցերը ցավոք չավարտվեցին։ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն է ներկայացնում․
«ԱՀ ԱԺ-ն իր բոլոր ջանքերը նպատակաուղղում է, թե Արցախի հարցի կարգավորման անվտանգային համակարգի ամրապնդման, ժողովրդի հարցերի լուծմանը, մյուս կողմից էլ աշխարհին փորձում է ներկայացնել, որ Արցախի համար կան կարմիր գծեր, այն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։ Այդ ամենը ներկայացվել է միջազգային, ընդունված նորմերի, և ԱԺ ընդունած օրենքների շրջանակում»։
Թե որքանով էին դրանք արդյունավետ՝ հարցի մյուս կողմն է, ժողովուրդն էլ միշտ չէ, որ գոհ էր իր ընտրյալներից։
«Ժողովրդի կողմից դժգոհության, անբավարարաության պահ կա, որովհետև շատ դեպքերում հանրության կողմից մինչև վերջ լիարժեք չի գիտակցվում ԱԺ իրավասությունների շրջանակը։ Պարզապես պետք է իմանա, որ Ազգային ժողովն ունի Սահմանդրությամբ իրեն վերապահված լիազորություններ և այդ շրջանակում է փորձում աշխատել։ Մենք աշխատանք ենք կատարել նաև մեր բարեկամական խմբերի հետ, Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումը մեծացնելու համար, ներկայացնելու ճշմարտությունն Արցախի ու Արցախի խնդիրների մասին»։
Ամբոջ տարվա ընթացքում ակտիվ շրջանառվում էր խաղաղության պայմանագրի նախագծի թեման, ինչը որոշ մտահոգություններ էր առաջացնում Արցախում՝ կապված ՀՀ-ին առաջարկվող խաղաղության գնի վերաբերյալ, որը, ամենայն հավանականությամբ, Արցախի հաշվին պիտի լիներ։ Այս մտահոգություններից ելնելով, ԱԺ-ն համապատասխան հայտարարություն ընդունեց, հորդորելով ՀՀ իշխանություններին արցախահայության շահերին հակասող որոշումների չգնալ։ Տեղեկատվական դաշտում նույնպես պատերազմ էր, լարվածությունը չէր թուլանում․ լուրը, որ Սարսանգի ջրամբարում ադրբեջանցիները մոնիտորինգ են անցկացրել, նաև Արցախցի մասնագետների հետ, մտահոգություններին նաև զայրույթ էր ավելացրել։Ամռանը արցախցիները կանգնեցին Բերձոր-Սուս-Աղավնոն և հարակից ճանապարհահատվածը հանձնելու փաստի առաջ։ Ժամանակին թերևս չէր հաշվարկվել այդ քայլի ամբողջ ռիսկը․ այսօրվա շրջափակման մեջ այդ որոշմանը համաձայնելու չափաբաժինն էլ կա թերևս։ Սեպտեմբերի 1-ից Բերձորի միջանցքի այդ ճանապարհահատվածն այլևս փակ էր հայերի համար։Հոկտեմբերի 30-ին առաջին մեծ հանրահավաքն էր Ստեփանակերտում։Արցախը մտահոգ էր․ արցախցիները սպասում էին իշխանությունների որոշումներին․ որոշումներ, որոնք կարող են ցրել մտահոգությունները, վերականգնել վստահությունն ու հավատը ապագայի նկատմամբ։ Որոշումը կայացվեց հայտնի բարերար ու ձեռներեց Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելով ու նրա պետնախարար նշանակելու տեսքով։Վերջինս հայտարարեց Սարդարապատի, ծանր ձմեռ կանխատեսելու և ժողովրդի հավատի ու վստահության վերականգման իր պատրաստակամության մասին։Տարին ավարտվում է․ իրադարձությունների սրընթաց տեմպը դեռ չի դանդաղում։ Արցախի ապագան անորոշ է ․ տարածաշրջանը՝ անհանգիստ․ ի՞նչ ակնկալել 2023-ից։