Նոյեմբերի 24, 2024

Լաչինի միջանցք և Արցախի շրջափակում․ Ադրբեջանի մեծ սխալը

By Սրբուհի Վանյամ Դեկտեմբերի 30, 2022
Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ այստեղ խնդիրը միայն հայ-ադրբեջանական չէ․ խաղը կարող է թեժանալ՝  բերելով տարածաշրջանում իրադրության սրման։ Քաղաքագետ Ստեփան Դանիեյանի կարծիքով, Ադրբեջանի ոգևորությունը կարող է երկար չտևել․ 
 
 «Ադրբեջանը ծանր վիճակում է հայտնվել, ըստ էության ինքն անցել է կարմիր գծեր, Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ։ Ուղղակիորեն դարձել է հակամարտության կողմ Իրանի ու Ռուսաստանի   հետ։ Ռուսաստանը դեռ փորձում է կոնֆլիկտի մեջ չմտնել, քանի որ դա կնշանակի կոնֆլիկտի մեջ մտնել Թուրքիայի հետ, իսկ դա կլինի երկրորդ ճակատի բացում, որը հիմա նա չի կարող։  Ռուսաստանը դեռ փորձում է պահել հավասարակշռությունը, բաց գալու է մի պահ, որ Իրանը և Ռուսաստանը պետք է Ադրբեջանին պատժեն, քանի որ հատել է կարմիր գծերը, որոնք այդ երկրների համար վտագ են ներկայացնում»։ 
 
Վտանգ է ներկայացնում թուրքական աշխարհի գաղափարով, և այդ հանգուցալուծումը մի օր պիտի լինի, ըստ Ստեփան Դանիելյանի։ Հարավային կովկասը ռուսական ազդեցության գոտի է, որտեղ, արցախյան վերջին պատերազմի արդյունքում մտել է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, պարզաբանում է քաղաքագետը։ Խաղն ակտիվացնում է Իրանը, որի անվտանգային շահերին հակասում են տարածաշրջանային այդ փոփոխությունները։ 
 
 «Արցախի հարցի՝ ինչ որ ձևի լուծումը   վերաբերում է և՛ Իրանին, և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին, և՛ այդ երկրների մեջ եղած բալանսին։ Այստեղ շահագրգռված է նաև Արևմուտքը, քանի որ թուրքական աշխարհի միջոցով իրենք ուզում են մտնել Միջին Ասիա։ Այստեղ և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական հարցեր են։ Գումարվում են նաև Իրանի միջուկային պայմանագրի շուրջ եղած գործընթացները, և եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, կողքի երկներն էլ են սկսելու ստեղծել։ Եվ սա լինելու է նոր աշխարհ»։ 
 
«Շատ բան կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, նրանից, թե ինչպիսի պայմանվորվածություններ ձեռք կբերվեն այդ ճակատում»,-ասում է զրուցակիցս։ Իսկ մեր խնդիրն, ըստ նրա, հնարավորինս դիմանալն է․ 
 
 «Եվ ես կարծում եմ, որ եթե մենք  կարողանանք դիմանալ, հնարավորություններ էլ կբացվեն։ Եթե Արցախի բնակչությունը  հասկանա, իսկ դա կարևոր է, որ հասկանա՝ Ադրբեջանն այնպես չէ, որ հաղթած կողմ է, նա հաղթել է՝ իր վրա որոշակի պարտավորություններ վերցնելով արտաքին դաշնակիցների նկատմամբ։ Բայց այդ պարտավորությունները Իրանի ու Ռուսաստանի դեմ են, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի ու Իրանի միջև է։ Ինքը վտանգավոր վիճակում է հայտնվել։ Եվ այս ագրեսիան, որի միջոցով ուզում է Սյունիքի միջանցքը ստանալ, ցանկացած եղանակով,  այն պատճառով է, որ կարողանա կապ հաստատել Թուրքիայի հետ՝ այդ վտանգից ապահովագրվելու համար նաև»։
 
 Արցախը ունի ռեսուրս, և այդ ռեսուրսը ռազմական ռեսուրսը չէ, պարզաբանում է՝ պատասխանելով մեր հարցին։ Խոսքը բարոյապես, ֆիզիկապես դիմանալուն է վերաբերում, դիմանալուն այն վիճակին, որում հայտնվել ենք։ 
 
«Այն, որ արցախցիներին պատանդ են պահում, նաև ուզում են ազդել Հայաստանի վրա՝ զիջումներ կորզելու համար, բայց այստեղ կա նաև մյուս կողմը․ Արցախը շրջափակելով, Ադրբեջանն ինքը կարող է Արցախի պատանդը դառնալ։ Ստեղծելով այդ հումանիտար  ճգնաժամը,  Ադրբեջանը մեծ սխալ է թույլ տվել, ոչ մի երկիր չի կարող դա արդարացնել։ Եվ մենք այդ սխալից կարող ենք դիվիդենտներ շահած դուրս գալ»։
 
 Ստացվում է այնպես, որ 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ Մինսկի խումբը փաստացի սկսեց չաշխատել, Արցախը դուրս թողնվեց միջազգային օրակարգից։ Ադրբեջանն ուզում էր ամեն ինչ անել, որ դա դառնա իր իբր ներքին խնդիրը։ Շրջափակման մեջ վերցնելով Արցախին և հումանիտար ճգնաժամ ստեղծելով, Արցախի խնդիրը նորից միջազգայնացվում է․ քննարկումներ եղան ՄԱԿ-ում, հայտարարություններ են արվում տարբեր երկրների կողմից։ «Չգիտակցելով, թե չուզելով, Լաչինի միջանցքի փակմամբ Ադրբեջանը Արցախի հարցը նորից միջազգային խնդիր դարձրեց, և դա կարող է որոշակի կոնֆիգուրացիա էլ ստանալ»,-ասում է Ստեփան Դանիելյանը։ Նրա խոսքով, դա Ադրբեջանի շատ մեծ սխալն էր։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ