Բլոկադան, պարզվում է, բանաձև ունի․ «Միջոցառումների համակարգ, որով խոչընդոտվում են պետության արտաքին-տնտեսական, քաղաքական կապերը՝ նրան որոշակի գործողություններից զերծ պահելու կամ որոշակի գործողությունների հարկադրելու նպատակով»։ Այս գեղեցիկ նախադասությունն իրականում բնորոշում է մի մեծ աղետ, որին, արդեն 20 օր, Ադրբեջանը ենթարկել է արցախահայությանը։ 120․000 մարդու Ադրբեջանը պահում է, բառացի, պատանդի կարգավիճակում՝ զրկելով ազատ ապրելու, կրթություն, բժշկական օգնություն ստանալու, տեղաշարժվելու իրավունքից։ Սա դասական ահաբեկչության օրինակ է: 21-րդ դարում ճանապարհ փակելն ու այդպես հումանիտար ճգնաժամ ստեղծելն, անգամ, խորթ է մեր ականաջներին՝ ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ակնհայտ է, որ խախտվում է թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նոյեմբերի 9-ի Հայտարարության դրույթները: Մյուս կողմից սթափ լինենք. Միջազգային իրավունքն ու միջազգային համակարգը չեն գործում: Աշխարհում տուրբուլենտ իրավիճակ է, և ոչ թե միջազգային իրավունքն ու հարաբերություններն են որոշում, այլ ուժերի բալանսը»:
Արցախի տոտալ շրջափակումը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության երկար շղթայի մի օղակն է։ Բայց ինչու՞ է Ադրբեջանը դիմել այս ծայրահեղ քայլին։ Կլոր տարին Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել, դրանք իրագործելու համար նաև սադրանքների դիմել։ Բայց շրջափակման մեջ առնել 120 000 մարդու՝ զրկելով նույնիսկ ամենակենսական ապրանքների հասանելիությունից, անպատկերացնելի է նույնիսկ Ադրբեջանի համար, որն ամեն կերպ ձգտում է քաղաքակիրթ երևալ։ Նմանատիպ երևույթները, սովորաբար, վկայում են կա՛մ բանակցային ճգնաժամի մասին, կա՛մ էլ կողմերից մեկը, տվյալ դեպքում Ադրբեջանը, փորձում է իր հնարավորությունները մեծացնել՝ ասում է Սուրեն Սուրենյանցը:
«Այս դեպքում երկուսի հետ էլ գործ ունենք: Չմոռանանք, որ այս ընթացքում փակուղում են հայտնվել երկու բանակցային հարթակները՝ Բրյուսելի ու Մոսկվայի: Երբ որ կա բանակցային գործընթացի փակուղի և կա ռազմաքաղաքական բալանսի այսպիսի մեծ տարբերություն, ցավոք սրտի, ի վնաս մեզ, ենթադրելի է, որ Ադրբեջանն անելու է այն, ինչ որ անում է: Այս իրավիճակում Հայաստանը պետք է ձգտեր առավելագույնս արագ բանակցային ֆորմատները վերականգներ: Քանի չկա կարգավորում, այս հիբրիդային կամ սառը պատերազմն իր բոլոր դրսևորումներով տեսնելու ենք»:
Հայկական դիվանագիտությունը բոլոր ուղղություններով և շատ ակտիվ պետք է աշխատի՝ ասում է քաղաքագետը: Շրջափակաման ամբողջ ընթացքում Հայաստանը դիմել է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ու մարմինների: Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ-ի ԱԽ նիստ է գումարվել: Հայց է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որը, սակայն, մասնակի է բավարարվել։ Առաջին կետը՝ ընդհանուր ապաշրջափակման մասին՝ ՄԻԵԴ-ը չի բավարարել։ Դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Կիրակոսյանը վստահեցնում է՝ շարունակաբար թարմացնում են տեղեկություններն ու նոր զարգացումների մասին կապ են պահում եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի ադրբեջանական կողմը չապակողմնորոշի դատարանին։
«Սրա վրա կարծում եմ պետք է աշխատենք նաև քաղաքական առումով, սա պետք է փորձվի օգտագործվի, որովհետև ազդեցությունը այս որոշման կախված է նաև մեր դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից»։
Դիվանագիտական ակտիվությունը, սակկայն, միշտ չէ արդյունավետություն ենթադրում։ Հայաստանն, օրինակ, չկարողացավ օգտագործել ՄԱԿ-ի ԱԽ նիստի առիթը՝ զսպող մեխանիզմներով բանաձև առաջարկելու համար: Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ եթե նույնիսկ ակտիվ աշխատանք լինի, շատ դեպքերում Հայաստանի ջանքերը բախվելու են աշխարհաքաղաքական շահերի հետ՝ ասում է քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ Լաչինի ճգնաժամը լուծման 2 ճանապարհ ունի:
«Մենք տեսնում ենք, որ գոնե այս պահին միջազգային դատապարտող հայտարարություններից այն կողմ որևէ բան չկա: Այս ճգնաժամը լուծման երկու ճանապարհ ունի. 1-ին՝ մենք ինչ-որ բան զիջենք Ադրբեջանին, որպեզի նրանց օրակարգը բավարարվի և նրանք գնան զիջումների, ինչը մեզ համար անընդունելի է, 2-րդ՝ միջազգային շատ ուժեղ ճնշում լինի Ադրբեջանի նկատմամբ»:
Աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից Ալիևի վրա առայժմ չկա անհրաժեշտ ճնշում: Այս հարցում էլ աշխարհաքաղաքական շահը գերակշռող ազդեցություն է ունենում: Բայց խնդրի վերջնական լուծումը ո՛չ միջազգային ճնշումների, ո՛չ էլ միակողմանի զիջումների ճանապարհն է՝ համոզված է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, խնդրի լուծման միակ բանալին հարաբերությունների կարգավորման գործընթացն է: