Արցախը պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, բայց ոչ Ադրբեջանի պարտադրած պայմաններով՝ հայտարարել է հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ թե արդյոք 90-ականներին մեկնարկած երկխոսությունը երկու կողմերի միջև պահպանվում է։
«Մենք պատրաստ ենք երկխոսության միայն այն պայմաններով, որ հնարավոր է երկու հարևանների միջև։ Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է ամեն տեսակի երկխոսությունից և բոլոր կապերն այժմ տեխնիկական մակարդակում են։ Այսպիսով, այս իրավիճակում մենք կողմ ենք երկխոսությանը այն թեմաներով, որոնք կարևոր են»։
Ինչպե՞ս է գնահատվում Ռուսաստանի դերը այս ճգնաժամային իրավիճակում, կատարում է արդյոք Ռուսաստանը իր բոլոր պարտավորթյունները։ Հարցը կրկին ռուս լրագրող է հնչեցրել։ Պատասխանողը Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն էր։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հիմնական երաշխիքներից մեկն է, որ զսպում է Ադրբեջանին ավարտին հասցնել իր ծրագրերը։
«Միևնույն ժամանակ, այս իրավիճակում Ադրբեջանի նպատակներից է նաև հայկական բնակչության շրջանում դժգոհություններ առաջացնել ռուս խաղաղապահների նկատմամբ։ Սա էլ կարևոր հանգամանքներից մեկն է։ Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ խոչընդոտել պարենային մթերքների, դեղորդայքի ներկրմանը Արցախ, ռուսական խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր է նաև այս պարագայում։ Նարնք կարող են անհրաժեշտ ծավալով պարենային մթերքներ ու դեղորայք ներկրել։»
Հարցին անդրադարձել է նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը ավելի ակտիվ կմասնակցի խնդրի լուծմանը։ Նա կարևորել է ոչ միայն խաղաղապահների դերը, այլև Ռուսաստանի Դաշնության քաղաքական ներգրավվածությունը։Վերջերս Հ-ի վարչապետը հայտարարեց, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները ԼՂ-ի ժողովրդի հանդեպ։ «Ռոյթերս» գործակալության լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք պետնախարարը կիսու՞մ է այս կարծիքը։ Ռուբեն Վարդանյանը չցանկացավ մեկնաբանել Հայաստանի վարչապետի կարծիքն ու նշեց, որ ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ կենսական անհրաժեշտություն է։
«Եթե նրանք այստեղ չլինեին, մենք շատ ավելի դժվար իրավիճակում կհայտնվեինք։ Դրսում ապրելով շատ հեշտ է գնահատականներ տալ։ Թերագնահատելով կամ ասելով, որ իրենք ոչ մի բան չեն անում՝ մենք ոչ մի բանի չենք հասնի։ Եվ միայն կօգնենք Ադրբեջանին, որը երազում է, թե երբ են ռուս խաղաղապահները հեռանալու այստեղից։ Ռուս խաղաղապահները այստեղ պետք է մնամ տասնյակ տարիներով և ապահովվեն տարածաշրջանի անվտանգությունը»։
Հանրապետությունում օր օրի խորանում է տնտեսական ճգնաժամը։ Որքա՞ն կկարողնա Արցախը եղած պաշարներով դիմակայել շրջափակմանը։ Հարցին պատասխանել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Կախված է նրանից, թե մենք ինչ ենք ուզում՝ լավ ապրել, թե սովից չմահանալ։ Այո, Արցախում մենք հնարավորություն ունենք և պատրաստ ենք դիմանալու այս ճնշմանը։ Պետք է հասկանալ, որ մենք նաև ունենալու ենք սահմանափակումներ սննդի հետ կապված»։
Սա երկու ազգերի միջև ծագած հարց չէ, սա մարդու իրավուքների խախտման ամենավառ օրինակն է՝ ընդգծել են բոլոր բանախոսները։ Չպետք է փնտրել մեղավորներ կամ պատասխանատուներ։ 120 հազար հայերի ճակատագիրը չպետք է քննարկվի միայն Բրյուսելում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում։ Ողջ քաղաքակիրթ հանրությունը պետք է դատապարտի և անի իրենից կախվածը ադրբեջանական ագրեսիան զսպելու համար։