«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը և սա համապատասխան է միջազգային իրավունքնին, որին մենք ենթարկվում ենք»։
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հայտարարությունն է։ Աշխարհի մյուս պետությունների նման Ֆրանսիան նույնպես չի ճանաչում Արցախի անկախությունը։ Այս մասին մեր բարեկամ երկրի խորհրդարանի ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, որը Ֆրանսիայի նման բարեկամ երկրից, այլ, գուցե թե, չափազանցված սպասելիքներ ուներ։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ոչ մի երկրից էլ չպետք է չափազանցված սպասելիքներ ունենալ։
«Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկն է։ Թեև այսօր աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ Փարիզն ամենից էական դերակատարներից չէ համաշխարհային գործընթացներում, բայց նա մեզ համար շարունակում է մնալ չափազանց կարևոր երկիր, այդ թվում նաև այն առանձնահատուկ պատմաքաղաքական, մշակութային, հասարակական կապերի բերումով, որ կա հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև։ Այս տեսանկյունից ամենափոքր աջակցությունն, անգամ, որ կարող է ցուցաբերել Ֆրանսիան մեր խնդիրները բարձրաձայնելու, մեր օրակարգերը արտահայտելու իմաստով, կարևոր է։ Պարզապես պետք չէ Ֆրանսիայից մեծ ու չափազանցված սպասելիքներ ունենալ»։
Արդյոք, հայ հանրությունը իրավունք ունե՞ր Ֆրանսիայից ունենալ փոքր-ինչ այլ սպասելիքներ, քան աշխարհի մյուս երկրներից ունի։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է բանաձև, որով կառավարությանն առաջարկել է ճանաչել Արցախի անկախությունը։ Դրանից մեկ շաբաթ անց էլ՝ դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր մեկ այլ բանաձեւ, որում հաստատում էր հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, այդ թվում՝ ԼՂ ճանաչման գործընթացի իրականացման միջոցով։ Դրանում խոսվում էր նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման մասին։ Երկու տարի անց՝ 2022թ․ նոյեմբերի 15-ին, Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ սենատը ձայների 295 կողմ 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձև կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Շրջափակումից առաջ էլ Արցախից բավականին ներկայացուցչական պատվիրակություն էր ժամանել Ֆրանսիա, այնտեղ ջերմ ընդունելության արժանացել։ Պատվիրակության անդամները Ֆրանսիայի խորհրդարանում հանդիպում են ունեցել ֆրանսիացի սենատորների, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս ամենն այն փոքր աջակցությունն են, որ Ֆրանսիան ցույց է տալիս Արցախյան խնդիրը բարձրացնելու և հանրայնացնելու առումով։ Այս օժանդակությունը մեզ համար օգտակար է, բայց մենք պետք է կարողանանաք ինստիտուցիանալ հնարավորություններ ձևավորել դրանք օգտագործելու համար՝ ասում է քաղաքագետը։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչո՞ւ է Ֆրանսիան անում այս ամենը։
«Մյուս կողմից մենք պետք է հասկանանք՝ այս ամեն ինչը Ֆրանսիան անում է պարզապես հայ ժողովրդին սիրելու, Հայաստանին ու Արցախին պարզապես սիրելու համար, թե՝ այստեղ շահերի համընկնում կա, և մինչև ուր է այդ շահերի համընկնումը։ Այս հարցերը չափազանց կարևոր է դիտարկել, որովհետև Ֆրանսիան ունի իր ռազմավարական խնդիրներն ու հետաքրքրությունները, օրինակ՝ դրանցից մեկի անունն է Թուրքիա։ Այս տեսանկյունից Ֆրանսիայի համար չափազանց կարևոր է զսպել Թուրքիային դեպի Եվրոպական ուղղություն՝ իր հավակնություններով, զսպել Թուրքիային միջերկրածովյան ռեգիոնում։ Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար․ օրինակ՝ Կովկասում Թուրքիայի համար խնդիրներ ստեղծել»։
Քաղաքականության մեջ պետությունների փոխհարաբերությունները կառուցված են ոչ թե արժեքների, այլ շահերի վրա։ Աշխարհաքաղաքական հարաբերություններում պետք է դիտարկել բոլոր ռիսկերը՝ ասում է Հակոբ Բադալյանը։ Պետք է հաշվարկել, որպեսզի հետո չնեղանանք Ֆրանսիայից։ Եվ սա վերաբերում է բոլոր ուժային կենտրոնների հետ հարաբերություններին։ Մենք պետք է հասկանանք, որ մեր շահերը՝ մեր աշխատանքի խնդիրն են, մնացյալը կողքից կարող են օգնել՝ ասում է Հակոբ Բադալյանն ու հավելում, որ Ֆրանսիան այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի։
«Ըստ իս՝ չափազանց կարևոր է նաև օգտագործել այն տրամադրությունները, որ Ֆրանսիան նախագահի մակարդակով արտահայտում է Եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ և որտեղ խոսում է Ռուսաստանի դերի մասին, այդ դերը հաշվի առնելու մասին։ Որովհետև սա մի ձևակերպում է, մի խոսույթ է, որն այսօր առավելապես համադրելի է այն խնդիրների հետ, որոնք ունեն Արցախն ու Հայաստանը»։
Ֆրանսիան չի ճանաչել Արցախի անկախությունը, և սա նորություն չէ։ Պարզապես պետք է առաջնորդվել միմիայն քաղաքական հաշվարկներով, քաղաքականության մեջ շահն ու հաշվարկն են որոշիչ դեր խաղում։