Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մի շարք մտահոգիչ հայտարարություններ են հնչել։ Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական նյութը իրավիճակն էր Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում։ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ «իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն»–ասված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հատկանշական է, որ Ալիևի վերջին հայտարարություններից հետո, թե Հայաստանի կողմից դելիմիտացիայի չհամաձայնելու հետևանքով սահմանը կանցնի այնտեղով, որտեղով իրենք ցանկանան, Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Հայաստան - Ադրբեջան սահմանն այսօր անվանել է «պայմանական»։ Արցախի դեպքում, ինչպես և նախկինում, օգտագործվել է «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտի» եզրույթը։ Ըստ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի՝ այս հայտարարություններին Հայաստանի և Արցախի հատուկ մարմինները պետք է շատ լուրջ վերաբերվեն։
«Հայտարարության բնույթն այն էր, որ ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի հայկական կողմի սադրանքները հետ մղելու։ Ցավոք, իմանալով ադրբեջանական կողմի մոտեցումները, մենք կարող ենք վստահությամբ ենթադրել, որ էս հայտարարությամբ ադրբեջանական կողմը առնվազն դուռ է բացում հերթական սրացման համար»։
Ռազմական փորձագետը նկատում է՝ անկախ նրանից սրացումն իսկապես տեղի կունենա, թե ոչ՝ ադրբեջանական կողմը մշտապես տարբեր սցենար է մշակում՝ հետագա հնարավոր հարվածի համար տեղեկատվական հող ապահովելով։ Մասնագետը հիշեցնում է՝ նախկինում նույնպես ռազմական ագրեսիաներից առաջ Ադրբեջանը մշտապես խոսել է իբրև թե հայկական կողմի իրականացրած կամ նախապատրաստվող «սադրանքներից»։ Այս ձեռագիրը տեսել ենք 2022-ին թե՛ օգոստոսի սկզբին Արցախում ծավալված դեպքերից առաջ, թե՛ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ։
«Մենք չենք կարող ասել՝ այդ սրացումը կլինի, թե ոչ, բայց որ իրենք իրենց համար այդ հնարավորությունը տեղեկատվական ոլորտում ստեղծեցին՝ փաստ է։ Նախկինում եղել են այդպիսի հայտարարություններ, շատ են եղել, դրանցից ոմանք ավարտվել են սրացմամբ։ Այս պարագայում կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմը, չբացառելով տարբերակները, իր համար դուռ բացեց սրացման ուղղությամբ»։
Հասանովի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են զորքերի հրամանատարները, գլխավոր վարչությունների և ծառայությունների ղեկավարները: Տեսակապով խորհրդակցությանը մասնակցել են նաև ստորաբաժանումների ու միավորների հրամանատարները: Հասանովը բանակին կարգադրել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»: Հայտնի է նաև, որ խորհրդակցության մասնակիցները ստացել են կոնկրետ հանձնարարականներ։