Նոյեմբերի 23, 2024

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի մարտահրավերները

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 13, 2023

Երեկ ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Ակնայից Ասկերանով մտել է Ստեփանակերտ՝ Ռուսաստանի կառավարության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը հասցնելով շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Մինչ այդ Ադրբեջանն է Կարմիր մահիկի միջոցով նույն ճանապարհով փորձել այսպես ասած, հումանիտար օգնություն հասցնել Արցախ։ Սրբուհի Վանյանի անդրադարձը։

Ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Ակնայից Ասկերանով երեկ մտել է Ստեփանակերտ՝ Ռուսաստանի կառավարության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը հասցնելով շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Մինչ այդ` Ադրբեջանն է Կարմիր մահիկի միջոցով նույն ճանապարհով փորձել բեռներ մտցնել Արցախ։ Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնությունն`այդ ճանապարհով ընդունել մեծ թվով արցախցիներ չէին համաձայնվում։

Ինչու՞. բազմիցս է խոսվել։ Այդ թվում և այն մասին, որ դա հիմք կարող է դառնալ Ստեփանակերտ -Ակնա ճանապարհի գործարկման, ինչը` Քաշաթաղի միջանցքի բացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը կարող է ի չիք դարձնել։

Նույնիսկ կարծիք կա, որ Քաշաթաղի միջանցքն այդպիսով կորցնում է իր կարգավիճակը․ Քաղաքագետ Նարեկ Մինասյանը գտնում է, որ ռուսական կողմի համար Լաչինի միջանցքը դեռ նախորդ տարվանից է կորցրել իր կարգավիճակը, և Մոսկվան իրավիճակի կարգավորման գործընթացում այդ կարգավիճակի վերականգնման խնդիր չի հետապնդում: Նա ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«2020 թ. նոյեմբերի 9-ով սահմանված 5 կմ լայնությամբ միջանցքի ձևավորումը ռուսական կողմն ի սկզբանե ձախողել է․ ադրբեջանական գործողությունների արդյունքում միջացքն աստիճանաբար նեղացավ ու փակվեց՝ ռուս խաղաղապահների աչքի առաջ: Վերջերս «միջանցքի» փոխարեն Ռուսաստանը սկսել է օգտագործել «երթուղի» արտահայտությունը։ Վաշինգտոնի դիրքորոշման մեջ ի սկզբանե Լաչինի միջանցքի կարգավիճակը հստակ ընդգծված էր՝ հղում էր կատարվում ՄՔԴ որոշումներին և նախկին՝ նոյեմբերի 9 պայմանավորվածություններին։ Այս սկզբունքայնությանն աստիճանաբար իր տեղը զիջեց ճկունությունը (ենթադրաբար Բաքվի անզիջում դիրքորոշման և կուլիսային գործընթացներով պայմանավորված): Աստիճանաբար Վաշինգտոնը սկսեց կարևորել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակ բացումը: Իսկ վերջին երկու օրվա ընթացքում «միջանցք» եզրույթն ընդհանրապես անհետացավ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններից և նշվում է միայն «Լաչինով և Աղդամով երթուղիների» միաժամանակյա բացման անհրաժեշտության մասին:
Եվրամիության դիրքորոշման մեջ Լաչինի միջանցքի կարգավիճակը դեռ պահպանվում է: Բրյուսելից արդեն քանիցս հստակեցվել է, որ Աղդամով ճանապարհի բացումը կարող է դիտարկվել որպես իրավիճակի լուծման մաս, սակայն այն չի կարող լինել այլընտրանք Լաչինի միջանցքին»:

Մոսկվան դեռ ամառվանից է առաջ է քաշում «սկզբում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի, ապա` 12-24 ժամ տարբերությամբ Լաչինի միջանցքի բացման» բանաձևը, քանի որ ռուսական կողմի համար դրանք ունեն նույնական կարգավիճակ, գրում է Նարեկ Մինասյանը, ենթադրաբար, հենց այս բանաձևն է ընկած Աղդամով ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մուտքը թույլատրելու գործարքի տակ:

Ի սկզբանե խոսվել է այն մասին, և մամուլում էլ տեղեկատվություն է եղել, որ Ստեփանակերտ-Ակնայի ճանապարհով թույլատրվել է այդ մեքենայի մուտքն Արցախ` առկա պայմանավորվածությունների շրջանակում, որի դիմաց, 12-24 ժամվա ընթացքում պետք է գործարկվի նաև Քաշաթաղի միջանցքը։ Նարեկ Մինաասյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ խոսքը չի գնում Քաշաթաղի միջանցքի վերաբացման մասին. Ադրբեջանը Աղդամի ճանապարհով և Լաչինի միջանցքով թույլատրելու է բեռների տեղափոխում միայն Կարմիր խաչի միջնորդությամբ, ընդ որում՝ այստեղ սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ:

Ճիշտ է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն արդեն հայտարարել է, որ սա առանձին պայմանավորվածություն է, և չի կարող այսպես ասած, Լաչինի միջանցքի բացման պայմանավորվածությունների ենթատեքստում դիտարկել։

Ամեն դեպքում, Արցախի իշխանությւոնները թույլատրել են ռուսական բեռնատարի մուտքը Ստեփնակերտ-Ակնա ճանապարհով։

Համաձայնելով այս գործարքին, Արցախի իշխանությունները կարծես թե նպատակ են ունեցել ոչ միայն մեղմել մեր ժողովրդի տառապանքները, այլև` լրացուցիչ պատասխանատվություն դնել ռուսական կողմի վրա՝ որպես այս գործարքի երաշխավոր, ուժեղացնել ռուսական հնարավոր ճնշումը Ալիևի ռեժիմի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու նպատակով, մեզ հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախկին ՄԻՊ ու նախկին պետնախարար, ներկայում` անկախ փորձագետ Արտակ Բեգլարյանը։ Նրա կարծիքով, Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ նախօրոք որոշակի պայմանվորվածություններ ու երաշխիքներ պիտի ստանային նախքան այդ ճանապարհով ռուսական բեռնատարի անցումը․

«Տեղյակ չեմ, բայց պիտի որ դրանք վերաբերվեն ապրանքերի տեսականի, մեքենաների քանակին, Լաչինի միջանցքի ու Աղդամի երթուղու փոխկապակցությանը և նմանտիպ այլ հարցերի, այդ թվում և մաքսային ռեժիմի։ Այս հարցերը շատ սկզբունքային են և ցանկալի է, որ ռուսական կողմը և Արցախի իշխանությունները մինչ Ակնայով մուտք տալը որևէ ձևով փաստաթղթավորեին ստանային երաշխիքներ ռուսական կողմից պայմանվորվածությւոնների կատարման և դրանց չկատարամն դեպքում հետագա քայլերի»։ 

Ռուսական և ադրբեջանական կողմերի կողմից նախկինում եղել են առաջարկներ և խոստումներ՝ Ակնայից առաջին մուտքից հետո 24 ժամվա ընթացքում բացել Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար, Արտակ Բեգլարյանը խիստ կասկածներ ունի, որ Ադրբեջանը նոր պատրվակներ ու պայմաններ չի գտնի Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը շարունակելու համար։

«Մտավախությունը, որ բարձրաձայնեցի, թե Ադրբեջանը վիժեցնելու է ցանկացած մուտքի հնարավորություն»։

Արտակ Բեգլարյանը գտնում է, որ դա կարող է դիտվել որպես Ալիևի ռեժիմի հաջողություն, քանի որ նրանց հաջողվել է միջնորդների օրակարգ մտցնել «Աղդամի երթուղին» և ապահովել բեռնատարի մուտքը իրենց կողմից՝ նվազեցնելով Լաչինի միջանցքի բացառիկ դերը։

«Կարևոր է, որ փորձեինք հնարավորինս անել այնպես, որ միաժամանակյա բացվեր Լաչինի միջանցքը, քանի որ ակնհայտ էր, որ Ադրբեջանը փորձում է առաջինն Աղդամով բացել երթուղին՝ հնարավորինս նվազեցնելու Լաչինի միջանցքի բացառիկ դերը և միջազգային ճնշումը՝ այն բացելու ևայս ընթացքում նոր պատրվակներ ու նախապայմաններ առաջ քաշի ու չբացի Լաչինի միջանցքը»։

Բայց այնուամենայնիվ, նրանք ձախողեցին ադրբեջանական Կարմիր մահիկի հանցավոր ապրանքներն Արցախ առաքելու հարցում, և կարևոր է, որ ոչ մի ադրբեջանական ապրանք, անձնակազմ և մեքենա մուտք չի գործել Արցախ, ասում է։

Թեև դա կարող էր մեկնաբանվել նաև որպես ռուսական հաջողություն, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք ձախողվել են։ Պատճառն այն է, որ նրանք չկարողացան ապահովել Լաչինի միջանցքի բացումը իրենց պարտականությունների համաձայն և չստիպեցին Ադրբեջանին բացել այն` գոնե Ակնայի երթուղու հետ միաժամանակ։ Եթե ադրբեջանական կողմը չկատարի իր պայմանավորվածությունները և խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար՝ կանխելու տեղում իր հեղինակության հետագա խաթարումը։

Արցախի իշխանությունների համար շատ կարևոր է ներդաշնակորեն վարել իրենց ջանքերն ու ռեսուրսները ռուսական, եվրոպական և ամերիկյան կողմերի հետ և պահպանել թափանցիկ ու ազնիվ հաղորդակցություն բոլոր միջնորդների հետ։

Last modified on Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023 15:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ