Մայիսի 03, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Սեպտեմբերի 02, 2023

Բռնազավթված Ակնայում ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի շարասյուն, միջազգային կոչեր, ներքաղաքական հախուռնություն Արցախում, սահմանային լարվածության աճ Գեղարքունիքի ուղղությամբ... Արցախում և դրա շուրջ` վերջին շաբաթը հարուստ էր իրադարձություններով:

Ադրբեջանը երեքշաբթի օրը փորձեց ալյուրով բեռնված շարասյուն մտցնել Արցախ: Ասկերանցիները փակեցին դրա ճանապարհը և շարունակում են հերթապահել ճանապարհի այդ հատվածում:

 

Նախ, ինչպես Բերձորի և հարակից երկու գյուղերի հանձնումից հետո պարզ էր, որ Ադրբեջանն արգելափակելու է Քաշաթաղի միջանցքը, այնպես էլ` Արցախի շրջափակումը գիտակցորեն կամ անգիտակցորեն դեպի հացի պակասուրդի հուն տեղափոխելուց հետո պարզ էր, որ Ադրբեջանը վաղ թե ուշ առաջարկելու է նման «օգնություն»: Այս հատվածում շրջանցենք ալյուրի ռազմավարական պաշարի կուտակման և մատակարարման հարցում հանցավոր թերացումները: Նույնիսկ առկա պայմաններում` Արցախի շրջափակումը սոսկ սնվելու խնդիր չէ: Արցախյան հիմնախնդիրը սոսկ սնվելու խնդիր չէ: Ադրբեջանական ալյուրի ընդունումը թույլ կտա բառացիորեն մեկ օր հաց ուտել, փոխարենը` հաջորդ քայլը կլինի Արցախի պարենային մատակարարումն Ադրբեջանից, հաջորդիվ` ադրբեջանական կրթամշակութային ծրագրերի ներդրումն Արցախում, հաջորդիվ` Արցախի վարչական ենթարկումն Ադրբեջանին, հաջորդիվ` Արցախի հայ բնակչության մի մասի արտաքսումը, մյուս մասի` ձերբակալություններն ու աքսորը, հաջորդիվ` երեխաների ուծացումը, հաջորդիվ` Արցախում հայկականության վերջնական ջնջումը: Եւ ասկերանցիները, ովքեր արգելափակել են բռնազավթված Ակնայից ադրբեջանական շարասյան մուտքը, և չնայած ներքին ու արտաքին ճնշումներին չեն ընկրկում, այս պահին կանխում են Արցախի ոչնչացումը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ին: Այն, ինչպես և Կարմիր խաչի և մահիկի ազգային համայնքներից ցանկացած մեկը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղղակի մաս չի կազմում, այլ` համագործակցում է դրա հետ: Եւ ինչպես ցանկացած քվազի-հասարակական կազմակերպություն բռնապետական Ադրբեջանում, ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ն էլ է երկրի իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ:

Բռնազավթված Ակնայից շարժվող շարասյունը կամ դրա մասնակիցները որևէ խոչընդոտի չհանդիպեցին ռուսաստանյան անցակետերում և դրանց՝ առաջ շարժվելու միակ արգելքը` համախմբված ասկերանցիներն էին: Ռուսաստանյան զորախմբի ներկայացուցիչները նույնիսկ փորձեցին իրենց բեռնատարներով ներկրել ադրբեջանական ալյուրը, սակայն ասկերանցիների ընդդիմադրությունից հետո ստիպված շրջվեցին և վերադարձան իրենց զորակայան: Թե՛ ՄԱԿ ԱԽ-ի նիստի ընթացքում, թե՛ ԱԳՆ տարբեր տրամաչափի պաշտոնյաների մակարդակով, Ռուսաստանը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը, այն է` Ակնայից միջանցքի բացում դեպի Ստեփանակերտ, և Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակցից սպասել, թե այն պետք է խոչընդոտի կամ չաջակցի այդ բեռների մուտքին, լավագույն դեպքում` միամտություն է:

Իհարկե, ադրբեջանական շարասյան ուղարկման օրն էլ պատահական չէր ընտրվել: Դրա հաջորդ օրը Հայաստան ժամանեց ֆրանսիական մեծաթիվ պատվիրակությունը, որը Կոռնիձոր ուղարկեց պարենով բեռնված նոր շարասյուն, ուղեկցելով այն: Սակայն, մեղրի կճճում մի կաթիլ լեղի ավելացնելով պետք է նշել, որ ֆրանսիական պաշտոնյաների ակտիվացումը հենց այս պահին` առավելապես պայմանավորված է իրենց երկրում խորհրդարանական առաջիկա ընտրություններով: Դա, սակայն, չի նշանակում, որ չի կարելի առավելագույնն ստանալ թե՛ այդ այցից, թե՛ ընդհանուր գործընթացից:

Ինչ վերաբերում է Արցախի ներքաղաքական իրադրությանը: Իհարկե, պատերազմը ձախողած, Արցախի շրջափակումը չկանխած, շրջափակման ընթացքում երկրի ճգնաժամային կառավարումը տապալած ղեկավարի հրաժարական տալը տեղավորվում է տրամաբանության սահմաններում: Մյուս կողմից, ամենամեծ խնդիրը` լեգիտիմության հարցն է: Համաժողովրդական քիչ թե շատ թափանցիկ ընտրությունների արդյունքում իշխանության եկած պաշտոնյայի լեգիտիմության աստիճանն ավելի բարձր է, քան` անուղղակի քվեարկությամբ ընտրվածինը:

Այդուամենայնիվ, Արցախում ապագայում իշխանության եկող մարդիկ պարտավոր են ձևավորել հստակ քաղաքական օրակարգ` ոչ միայն Արցախն ստեղծված ճգնաժամից դուրս բերելու, այլ նաև` դրա ապագա քաղաքական ուղեծիրը գծելու ուղղությամբ: Վերջին երեսուն տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց հստակ ուղղություն` թե ու՞ր է գնում Արցախը և ի՞նչ է ուզում: Լեռը տքնեց, տքնեց և մուկ ծնեց` «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ու վերջ: Իսկ, օրինակ, Մոզամբիկի կազմում կարո՞ղ է լինել: Արցախն արդյոք լինելու՞ է անկախ, վերամիավորվելու՞ է Մայր Հայաստանին: Այս հարցերի պատասխանն այդպես էլ չձևակերպվեց վերջին 30 և ավելի տարում: Պետք է հստակ ձևակերպել քայլերի հաջորդականությունը, պետության կառավարմանը ներգրավել արժեքավոր տարբեր մասնագետների, նույնիսկ քաղաքական տարբեր բևեռների ներկայացուցիչների, խորացնել կապերը Երևանի հետ և չփորձել հեռադրվել կամ հակադրվել միասնական պետականության գաղափարին:

Միաժամանակ, Ադրբեջանը կրկին սրում է իրավիճակը սահմանին: Հայկական կողմը պետք է հստակ գիտակցի, որ մոտենում է «զրո ժամ»-ը և պատերազմն անխուսափելի է: Միջազգային իրադրությունը եկող տարվա կեսերից սկսած ավելի բարենպաստ կարող է լինել Ադրբեջանի համար, ինչպիսին էր 2020 թվականի աշնանը: Դա նաև Ալիևն է շատ լավ գիտակցում: Սակայն, հաշվի առնելով իր դաշնակից Ռուսաստանի ռազմական հյուծումն Ուկրաինայում և դրան զուգորդող տնտեսական հյուծումը, Հայաստանի վրա ճնշման լծակների թուլացումը, տարածաշրջանում ազդեցության կորուստը, Ալիևն անկասկած փորձելու է «երկաթը տաք-տաք ծեծել», և այս պահին, երբ Ռուսաստանը դեռ հոգեվարքի մեջ է, բայց չի մեռել, իրականացնել իր ծրագիրը` Արցախը վերջնականապես հայաթափելու և Հայաստանի հարավը կտրելու ուղղությամբ: Ասկերանի մոտակա վերջին դեպքերն արդեն գետնի վրա ապացուցեցին, որ Ռուսաստանը բացահայտ թշնամանք է դրսևորում հայկական պետականության նկատմամբ: Այնպես որ` ոչ միայն պետք չէ հուսալ, թե Արցախում գնտվող ռուսաստանյան զորախումբը կպաշտպանի տեղի հայերին, այլ` պետք է առաջին հարվածը հենց նրանցից սպասել:

Ադրբեջանն ակտիվորեն ամրացնում է բռնազավթված Քարվաճառն ու Քաշաթաղը, սակայն սեպտեմբերի կեսերից անանցանելի է դառնալու Մռավի լեռնաշղթան, իսկ Ամուրի լեռնանցքի տակով փորվող թունելը դեռ գործածելի չէ: Գրագետ գործողություների դեպքում հնարավոր է այդ հատվածի ադրբեջանական զորամիավորումներին առնել կաթսայի մեջ և ստիպել նահանջել: Իսկ Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումով ոչ միայն կվերանա Արցախի շրջափակումը, այլ` հնարավոր կլինի հարվածն ուղղել դեպի հարավ` կրկին դուրս գալով դեպի Արաքսի հովիտ: Հակառակ դեպքում` առանց Քարվաճառի և Քաշաթաղի, Արցախի ներկա մնացորդն անհնար է երկար պահել:

Տարածաշրջանում իրադարձությունները շատ սրընթաց են զարգանում, և այս պայմաններում հորանջելը, կարող է հավերժական քուն դառնալ:

Last modified on Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2023 08:30
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ